ՀՀ բանկային համակարգի ակտիվները տարեցտարի շարունակում են աճել։ 2017 թվականի 3-րդ եռամսյակի վերջի դրությամբ՝ Հայաստանյան 17 առևտրային բանկերի ակտիվների ընդհանուր մեծությունը գերազանցել է 4 տրիլիոն դրամը։
Խոշորագույն 5 բանկերին բաժին է ընկնում ընդհանուր բանկային ակտիվների կեսից ավելին՝ 2 տրիլիոն 172 մլրդ դրամ։ Այդ 5-ն են՝ Ամերիաբանկը (ակտիվները 3-րդ եռամսյակի վերջի դրությամբ՝ 667.3 մլրդ դրամ), Արդշինբանկը (501.6 մլրդ դրամ), Հայբիզնեսբանկը (428.2 մլրդ դրամ), ԱԿԲԱ- Կրեդիտ Ագրիկոլ բանկը (331 մլրդ դրամ) և Ինեկոբանկը (244.6 մլրդ դրամ)։
Մենք առանձնացրել ենք այս 5 բանկերի ակտիվների տվյալները 2010-2016թվականների համար։
5 խոշորագույն բանկերի ակտիվների ընդհանուր ծավալը 2010-2016 թվականների ընթացքում եռապատկվել է՝ 887 մլրդ դրամից հասնելով 2 տրիլիոն 637 մլրդ դրամի։
Իհարկե, առանձին բանկերի մոտ աճի տեմպերը տարբերվում են։
2016 թվականի վերջին՝ 2010 թվականի համեմատ, ամենից շատ աճել են Ամերիաբանկի ակտիվները՝ 4.7 անգամ։
Արդշինբանկը այս առումով աննշան չափով է զիջում. ակտիվներն աճել են 4.66 անգամ։ Ինեկոբանկը երրորդն է (աճը՝ 4.02 անգամ), որին հաջորդում են Հայբիզնեսբանկը (3.43 անգամ) և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլը։
Այստեղ հարկ է նշել, որ նշված 5 բանկերից 2-ի դեպքում ակտիվների աճի մեջ մեծ դեր ունի այլ բանկերի ձեռքբերումը։
Մասնավորապես, Ինեկոբանկը 2015 թվականին ձեռք բերեց ՊրոԿրեդիտ բանկը, իսկ Արդշինբանկը 2016 թվականին ձեռք բերեց “Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ” բանկը։
Ներկայումս այս 5 խոշորագույն բանկերից բացի հետաքրքիր կլինի նաև դիտարկել նաև բանկային համակարգու 2 երբեմնի հսկաների ակտիվային շարժը։ Խոսքը վերաբերում է ՎՏԲ-Հայաստան և HSBC Հայաստան բանկերին։
Մինչև 2014 թվականը այս երկու բանկերի ակտիվները նույնպես աճում էին։ 2014 թվականի վերջի դրությամբ ՎՏԲ-Հայաստան բանկը ակտիվների մեծությամբ 3-րդ տեղում էր (361.1 մլրդ դրամ), HSBC Հայաստանը՝ 4-րդ (306.6 մլրդ դրամ)։
2015 և 2016 թվականներին այս բանկերի ակտիվները նվազեցին։ Արդյունքում, ամենաթարմ տվյալներով (2017 թվականի երրորդ եռամսյակի վերջ), ՎՏԲ Հայաստան բանկը ակտիվներով մեծությամբ 7-րդն է, HSBC-ը՝ 8-րդ։ 6-րդ տեղում Կոնվերս բանկն է։
Աղբյուրը՝ B4B.am