2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 1.172.402 զբոսաշրջիկ:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այս ցուցանիշը 21 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվին:
Զբոսաշրջության թվերի նման աճը առայժմ մնում է վարչապետ Կարապետյանի հիմնական հաջողություններից մեկը: Անշուշտ այստեղ դերակատարում ունի նաև այն հանգամանքը, որ ի տարբերություն 2016-ի, 2017թ. Հայաստանում պատերազմական իավիճակ չէր, բացի այդ համահայկական խաղերի շնորհիվ բավականին շատ զբոսաշրջիկներ ժամանեցին:
Բայց պետք է նշել նաև տուրիզմի ոլորտով զբաղվող կառավարական օղակների ակտիվությունը, Հայաստանի բրենդավորմանն ուղղված թիրախավորված աշխատանքները: Միայն այն, որ Գյումրիում վարչապետ Կարապետյանը հետամուտ է լինում կոլորիտային մի շարք փողոցների վերակառուցմանը, նկատելիորեն ակտիացրել են ներքին ու արտաքին տուրիզմն այդ քաղաքում:
Մնում է հուսալ, որ առանձին գոտիներում տուրիստական ակտիվությունը կբերի մի իրավիճակի, երբ նաև ենթակառուցվածքային առումով Հայաստանը պատրաստ կլինի զբոսաշրջային հարմարավետ երկիր դառնալու:
Արտակ Ասլանյան