29 Հոկտեմբերի 2020թ. 3:27

ՊԵՏՈՒԹՅԱՆ «ՓԱՓՈՒԿ ՈՒԺԻ» ՉԱՓԵԼԻՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ

Պետության ուժի բնույթը մշտապես ենթարկվել է փոփոխությունների: Ժամանակի ընթացքում փոփոխվել են ուժի չափորոշիչները, առաջ են եկել ուժի նոր սուբյեկտներ: Պատմականորեն այդ ուժը չափվել է բնակչության քանակով, տարածքով, բնական ռեսուրսներով, տնտեսական հզորությամբ, ռազմական ուժով և այլն: Օրինակ՝ մինչինդուստրիալ ժամանակաշրջանում պետության հիմնական ուժը համարվում էր նրա բնակչությունը. այն մի կողմից պետությանն ապահովում էր զինվորներով, մյուս կողմից՝ հարկերի տեսքով տրամադրում էր ֆինանսական միջոցներ: Ավելի ուշ պետության ուժի հիմնական դետերմինանտ դարձավ արդյունաբերությունը: 18-րդ դարի կեսից սկսած՝ հենց բրիտանական արդյունաբերության աճող պահանջներն էին հանդիսանում բրիտանական նավատորմի բուռն զարգացման խթաններից մեկը: Այնուհետև արդյունաբերությամբ և հետևաբար՝ ուժով առաջ անցավ Գերմանիան, որն իր երկաթուղային համակարգի միջոցով կարողանում էր մեծ հեռավորության վրա իրականացնել զորքերի արագ տեղաշարժ: Արդյունաբերության և բնակչության դերը հաստատում են այն գաղափարը, որ պետության ուժի ավանդական ընկալումը նույնացվել է պետության «պատերազմելու հզորությանը» [1]:

Պետության ուժի ժամանակակից սահմանումներում դասական փոփոխականները (աշխարհագրություն, բնակչություն, օգտակար հանածոներ և այլն) համեմատաբար քիչ են կարևորվում, դրանց փոխարեն ավելի մեծ ուշադրություն է դարձվում տեխնոլոգիաներին, կրթությանը, կոմունիկացիաներին, կազմակերպչական և ինստիտուցիոնալ հմտություններին, տնտեսական հզորությանը և այլ փոփոխականների:

1990-ականներից միջազգային հարաբերությունների տեսության մեջ պետության ուժի ավանդական` ռազմական (կոշտ) ընկալմանը զուգահեռ՝ դրվեց պետության «փափուկ ուժի» կոնցեպտուալ ձևակերպման հիմքը: Հարվարդի համալսարանի Քենեդու անվան պետական կառավարման դպրոցի պրոֆեսոր Ջոզեֆ Նայն առաջինն էր, որը ձևակերպեց և գիտական շրջանառության մեջ մտցրեց «փափուկ ուժ» եզրույթը:

Ըստ Նայի՝ «փափուկ ուժն ունակությունն է հասնելու այն բանին, որպեսզի մյուսները ցանկանան այն արդյունքը, ինչը դու ես ցանկանում» [2], սակայն ոչ թե օբյեկտին հարկադրելու, այլ համոզելու և գրավելու միջոցով: Մյուսների ցանկությունների և վարքի վրա ազդեցությունը կախված է ռեսուրսներից, դրանք կիրառելու ունակությունից, ինչպես նաև դրանց կիրառման միջավայրից: Եթե պետության ավանդական՝ կոշտ ուժը հիմնվում է ռազմական և տնտեսական հզորության վրա, ապա «փափուկ ուժի» ռեսուրսներն են տվյալ պետության մշակույթը, նրա քաղաքական արժեքները, գաղափարախոսությունը և իրականացվող արտաքին քաղաքականությունը [3, p. 11]:

Ըստ մենեջմենթի տեսության՝ կառավարման և վերահսկողության ենթակա են միայն չափելի ցուցանիշները: Չափելիության անհնարինության դեպքում գործունեության այս կամ այն ուղղության կառավարումը ևս դառնում է անհնար: Այս օրինաչափությունը վերաբերում է նաև պետության «փափուկ ուժին»: Միջազգային հարաբերություններում, «փափուկ ուժի» արդյունավետ կիրառման խնդրով պայմանավորված, բավական մեծ է ուշադրությունը «փափուկ ուժի» չափելիության խնդրին: Ի տարբերություն կոշտ ուժի, որի ռեսուրսները նյութական են, իսկ կիրառությունը չափելի` «փափուկ ուժի» չափելիությունն ունի որոշակի բարդություն, ինչը պայմանավորված է մի քանի գործոնով, որոնցից կարելի է առանձնացնել.

  1. ռեսուրսների ոչ նյութական բնույթը,
  2. ռեսուրսների իրացման համար անհրաժեշտ երկար ժամանակը,
  3. «փափուկ ուժի» ազդեցության փոփոխականությունը (օրինակ՝ մի քանի վատ որոշումների արդյունքում),
  4. «փափուկ ուժի» աղբյուրների բազմազանությունը:

Թեև Ջոզեֆ Նայն իր ներկայացրած կոնցեպտի շրջանակներում առանձին չի անդրադարձել «փափուկ ուժի» չափելիության խնդրին, այնուամենայնիվ, նրա հեղինակած տարբեր աշխատանքներում առկա են որոշակի չափորոշիչներ, որոնք նա կարևորել է պետության «փափուկ ուժի» ընդգծման համար: Նման չափորոշիչներից մեկը պետության մշակույթի տարածման մակարդակն է իր սահմաններից դուրս: Նա առանձնացնում է բարձրագույն մշակույթի՝ գրականության և արվեստի կարևորությունը՝ նշելով, որ, օրինակ, Գերմանիան և Բրիտանիան երրորդը և չորրորդն են աշխարհում գրքերի վաճառքով [3, p. 76]: Որպես «փափուկ ուժի» մեկ այլ կարևոր փոփոխական նա առանձնացնում է օտարերկրյա ուսանողների կրթությունը տվյալ երկրի կրթական հաստատություններում: Օտարերկրյա քաղաքացիներին սեփական կրթական հաստատություններում կրթություն տալու կարևորությունը բավական հետաքրքիր է բնորոշել ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը. «Ես չեմ կարող պատկերացնել առավել մեծ հարստություն, քան ապագա համաշխարհային առաջնորդների բարեկամությունը, ովքեր կրթություն են ստացել այստեղ» [4]: Նայի աշխատանքներում հանդիպող մեկ այլ ցուցիչ է ազատությունը: Ըստ նրա՝ այնպիսի արժեքներ, ինչպիսիք են ժողովրդավարությունը, անձնական ազատությունը, սոցիալական շարժունակությունը և բացությունը, նպաստում են ամերիկյան ուժի ամրապնդմանը տարբեր երկրներում [5]: Այդ արժեքների ժամանակակից և առավել համակողմանի չափման օրինակ կարելի է դիտարկել Freedom House-ի կողմից կատարվող երկրների վարկանիշավորումը՝ ըստ ազատության տարբեր չափորոշիչների:

«Փափուկ ուժի» չափման առաջին չհամակարգված և ոչ մասնագիտացված փորձերը սկսվել են տեսության կայացմանը զուգահեռ: Արդեն 2000-ական թվականներից լույս տեսան առաջին աշխատանքները, որոնք ուղղված էին ժամանակակից պետությունների «փափուկ ուժի» չափմանը: Առաջին նման հետազոտություններից էր գլոբալ հարցերով Չիկագոյի խորհրդի «Փափուկ ուժն Ասիայում 2008» ծրագիրը, որը, սակայն, սահմանափակվում էր միայն տարածաշրջանի երկրներով [6]: «Փափուկ ուժի» առավել ընդգրկուն և համակարգված չափման ուղղությամբ առաջին փորձը կարելի է համարել բրենդինգի և մշակութային քաղաքականության բրիտանացի մասնագետ Ջոնաթան ՄըքՔլորիի 2010-ին հեղինակած զեկույցը: Աշխարհում «փափուկ ուժի» չափմանը նվիրված այդ զեկույցում ներկայացված է «փափուկ ուժի» առաջին բարդ ինդեքսը՝ «Soft power index»:

Մասնագիտական գրականության մեջ «փափուկ ուժի» չափելիության խնդիրը դիտարկվում է ինչպես պետության ընդհանուր «փափուկ ուժի», այնպես էլ այդ ուժի առանձին բաղադրիչների գնահատման կտրվածքով: Որպես պետության «փափուկ ուժի» չափման փոփոխականներ՝ դիտարկվում են տեխնոլոգիական նորարարությունը, պետության ցուցաբերած միջազգային օգնությունը, լեզուների տարածումը, արվեստի, ֆիլմերի և մշակույթի այլ դրսևորումների տարածումը, կառավարությունների հեղինակությունը, տուրիզմը, ներգաղթը, դաշնակցային կապերը, հեռահաղորդակցության զարգացածության մակարդակը և այլն: Բացի այդ, երբեմն կիրառվում են հարցումները՝ փորձելով ստանալ այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են՝ «ո՞ր երկրի արտադրանքը կացանկանայիք գնել», «ո՞ր երկրի լրատվությանը կվստահեիք» կամ «որտե՞ղ կցանկանայիք ապրել, բացի ձեր երկրից» [7]:

Հաշվի առնելով «փափուկ ուժի» չափման մոտեցումների տարբերությունները և չափորոշիչների բազմազանությունը ՝ դրանք կարելի է պայմանականորեն բաժանել երեք խմբի.

  1. Վարկանիշային հետազոտություններ: Նման հետազոտության շրջանակներում «փափուկ ուժի» պոտենցիալն ուսումնասիրվում է որպես պետության «փափուկ ուժի» ռեսուրսների և աղբյուրների ամբողջություն: Համեմատական մեթոդի միջոցով համադրվում են տարբեր պետությունների «փափուկ ուժի» պոտենցիալները, ինչպես նաև նրանց առանձին ռեսուրսները: Այս ամենը հնարավորություն է տալիս դուրս բերել «փափուկ ուժի» տեսանկյունից պետության ուժեղ և թույլ կողմերը, ինչն իր հերթին ստեղծում է գործունեության լայն դաշտ:
  2. Կիրառական հետազոտություններ: Այս հետազոտություններում վերլուծության են ենթարկվում «փափուկ ուժի» գործիքները (ծրագրեր, միջոցառումներ և այլն), ինչպես նաև պետության և ոչ պետական դերակատարների կողմից դրանց կիրառումը: Նման գործիքները կոչված են պոտենցիալ «փափուկ ուժը» վերածել իրականի՝ թիրախավորված ազդեցություն գործելով այլ երկրների հասարակության տարբեր խմբերի վրա, և բարելավել ազդեցության սուբյեկտի նկատմամբ վերաբերմունքը: Կախված նպատակից՝ նման հետազոտությունները կարող են ուղղված լինել կիրառվող գործիքների քանակական և որակական գնահատմանը (օրինակ՝ տնտեսական նպատակահարմարություն, նպատակահարմարությունը՝ պայմանավորված լսարանի քանակով): Իսկ համեմատական մեթոդի կիրառումը հնարավորություն է տալիս համադրել ինչպես տարբեր պետությունների կողմից կիրառվող գործիքակազմը, այնպես էլ նույն պետության կողմից կիրառվող տարբեր գործիքներ:
  3. Արդյունավետության հետազոտություններ: Հետազոտությունների այս խումբը խնդիր է հետապնդում գնահատել «փափուկ ուժի» արդյունքը կամ ազդեցությունը թիրախի վրա: Հատկանշական է, որ արդյունքը կարող է դիտարկվել երկու կտրվածքով՝ վերաբերմունքի փոփոխություն և վարքի փոփոխություն: Օբյեկտ երկրում փոփոխությունները դիտարկվում են որակական և քանակական կտրվածքով և կարող են գնահատվել սոցիոլոգիական հարցումների, վիճակագրական տվյալների (զբոսաշրջիկների քանակ, օտարերկրյա ներդրումների ծավալ և այլն) միջոցով: Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ հանրային կարծիքի կամ վարքի փոփոխությունները կարող են տեղի ունենալ այլ, երբեմն՝ իրարից անկախ գործոնների ազդեցությամբ, ուստի բավական դժվար է ապացուցել, որ թիրախի մոտ նկատվող փոփոխությունները հենց «փափուկ ուժի» գործիքների ազդեցության հետևանք են:

Որպես պետությունների «փափուկ ուժի» չափման առավել ամբողջական մեխանիզմներ դիտարկվում են տարբեր փոփոխականների վրա հիմնված միջազգային ինդեքսները: Դրանք տարբերվում են՝ կախված հետազոտության նպատակներից, երկրների ընդգրկման մասշտաբից և առանձնացված փոփոխականներից:

Ջոնաթան ՄըքՔլորիի հեղինակած Փափուկ ուժի ինդեքսը (Soft power index) մշակվել է բրիտանական «Կառավարման ինստիտուտ»-ի և «Monocle» ամսագրի համագործակցության շրջանակներում իրականացված ուսումնասիրության արդյունքում [8]: Երեք տարի հրապարակված ուսումնասիրությունների մեջ ներկայացվում է պետությունների «փափուկ ուժի» պոտենցիալի համեմատական համադրում՝ հիմնվելով 50 չափորոշիչների վերլուծության վրա, որոնք բաժանվում են 5 խմբի՝ պետական կառավարում, մշակույթ, դիվանագիտություն, կրթություն և բիզնես/նորարարություն:

Ջոնաթան ՄըքՔլորին հետագայում «Portland» մեդիա-ընկերության հետ 2015թ. հրատարակեց «Փափուկ ուժ 30» («The Soft Power 30») զեկույցը՝ Ջոզեֆ Նայի նախաբանով [9]։ Այն պետությունների «փափուկ ուժի» չափման թարմացված ինդեքսն է ներկայացնում, որը հիմնվում է 6 ենթաինդեքսների վրա՝ կառավարություն, ներգրավվածություն, մշակույթ, կրթություն, ձեռնարկատիրություն, թվային միջոցներ: Յուրաքանչյուր ենթաինդեքս իր հերթին բաղկացած է ցուցիչներից: «The Soft Power 30» ամենամյա զեկույցում ներկայացված են աշխարհի առաջատար 10 երկրները՝ ըստ յուրաքանչյուր ենթաինդեքսի, ինչպես նաև երկրների աշխարհի առաջատար 30 երկրների վարկանիշային ցանկը՝ ըստ «փափուկ ուժի» ընդհանրական ինդեքսի:

«Ernst&Young» ընկերությունը և «СКОЛКОВО» բիզնես դպրոցի արագ զարգացող շուկաների Մոսկվայի ինստիտուտը համատեղ մշակել են Զարգացող շուկաների փափուկ ուժի ինդեքսը (Emerging Markets Soft Power Index) [10]։ Այս վարկանիշային հետազոտությունը կրում է պարբերական բնույթ: Հրապարակված առաջին ուսումնասիրությունը ներառում է 2005-2010թթ. ընկած ժամանակահատվածը: Ինդեքսը հաշվարկվում է ըստ 13 փոփոխականի, որոնք բաժանված են երեք խմբի՝ համաշխարհային ինտեգրվածություն, համաշխարհային հեղինակություն, գլոբալ ամբողջականություն:

Համաշխարհային ներկայության ինդեքսը (Global Presence Index) հրապարակվում է 2010-ից իսպանական Էլկանո թագավորական ինստիտուտի կողմից [11]։ Ինդեքսը բաղկացած է 3 տարբեր բաղադրիչից՝ ռազմական, տնտեսական և «փափուկ» ներկայություն: Դրանցից յուրաքանչյուրը հաշվարկվում է տարբեր երկրներում աշխատող փորձագետների շրջանում իրականացվող հարցումների արդյունքների հիման վրա:

Անհոլտ-GfK Roper ազգային բրենդների ինդեքսը (Anholt-GfK Roper Nation Brands Index) հրապարակվում է մարքեթինգային ուսումնասիրություններում մասնագիտացած GfK ընկերության և ազգային բրենդինգի բրիտանացի հայտնի մասնագետ Սայման Անհոլտի կողմից: 50 պետության վարկանիշավորումն իրականացվում է աշխարհի 20 զարգացած և զարգացող երկրներում կազմակերպվող հարցումների արդյունքների հիման վրա, որոնց մասնակցում է շուրջ 20 հազար հոգի: Պետությունները գնահատվում են 6 չափորոշիչով՝ մարդիկ, պետական կառավարում, արտահանում, զբոսաշրջություն, մշակույթ և ժառանգություն, ներդրումներ և ներգաղթ [12]։

«Reputation Institute» խորհրդատվական ընկերությունը 2010-ից հրապարակում է ամենամյա Երկրների հեղինակության վարկանիշը (CountryRepTrack)՝ հիմնվելով Մեծ ութնյակի (G8) երկրների բնակչության շրջանում հանրային կարծիքի հարցումների վրա [13]։ Ինդեքսը հիմնված է զքացմունքային և ռացիոնալ գործոնների վրա, որոնք պայմանավորում են մարդկանց վերաբերմունքը որևէ երկրի նկատմամբ: Զգացմունքային գործոններից են հարգանքը, հիացմունքը, վստահությունը, իսկ ռացիոնալներից՝ տնտեսության, կառավարման, միջավայրի գնահատականը:

«Փափուկ ուժի» չափման ներկայացված միջազգային ինդեքսները տարբերվում են թե՛ մեթոդաբանությամբ, թե՛ առանձնացված չափորոշիչներով, թե՛ նպատակով: Այս ամենը, բնականաբար, չի կարող իր արտահայտումը չունենալ այդ ինդեքսների հիման վրա իրականացված հետազոտությունների, վարկանիշավորման արդյունքների վրա: Այս ամենն առավել պատկերավոր ներկայացված է Աղյուսակ 1-ում:

«Փափուկ ուժի» չափելիության և դրա մեխանիզմների ուսումնասիրության պարագայում բավական կարևոր է հստակ պատկերացնել, թե ինչն է համարվում պետության «փափուկ ուժի» չափորոշիչ, այսինքն՝ մի կողմից տարանջատել պետության «փափուկ ուժի» ռեսուրսների որակական և քանակական գնահատականները, մյուս կողմից՝ աշխարհում նրանց իրական ազդեցության ընկալումը: Այս ամենի մանրակրկիտ վերլուծությունը յուրաքանչյուր պետության համար ստեղծում է լայն հնարավորություններ ինչպես «փափուկ ուժի» առավել արդյունավետ իրացման, այնպես էլ ռազմավարական պլանավորում կատարելու համար:

Հաշվի առնելով միջազգային հարաբերություններում «փափուկ ուժի» դերակատարման աճի միտումները, ինչպես նաև «փափուկ ուժի» կոնցեպտի նկատմամբ առկա հետաքրքրությունը՝ կարելի է միանշանակ պնդել, որ «փափուկ ուժի» կոնցեպտի օպերացիոնալացման գործընթացը շարունակելու է թափ հավաքել: Չնայած մինչ օրս չի մշակվել «փափուկ ուժի» չափելիության ունիվերսալ մեխանիզմ, այնուամենայնիվ, այսօր առկա տարբեր ինդեքսների և ուսումնասիրությունների բազմազանությունը յուրաքանչյուր պետության հնարավորություն է տալիս առավել հստակ պատկերացնել միջազգային հարաբերություններում առկա իրողությունները՝ ուրվագծելով նաև աշխատանքի լայն դաշտ:

Հունիս, 2017թ.

Աղբյուրներ և գրականություն

  1. Joseph Nye, Why military power is no longer enough, 2002, from https://www.theguardian.com/world/2002/mar/31/1
  2. Joseph Nye, Soft power // Foreign Policy, No. 80, Autumn 1990, р. 167.
  3. Joseph Nye, Soft Power: The Means to Success in World Politics, Public Affairs, 2004.
  4. Secretary Colin L. Powell Statement on International Education Week 2001 Washington, DC, August 7, 2001 from https://2001-2009.state.gov/secretary/former/powell/remarks/2001/4462.htm
  5. Joseph Nye, The Paradox of American Power, Why the World’s Only Superpower Can’t Go It Alone. New York: Oxford University Press, 2002, p. 11.
  6. Jonathan McClory, The new persuaders: an international ranking of soft power, Institute for Government, 2010 https://www.instituteforgovernment.org.uk/sites/default/files/publications/The%20new%20persuaders_0….
  7. Gregory Treverton, Seth Jones, Measuring National Power, RAND Corporation, 2005, p 11-14

from http://www.rand.org/content/dam/rand/pubs/conf_proceedings/2005/RAND_CF215.pdf

  1. Jonathan McClory, The new persuaders III: A 2012 Global Ranking of Soft Power. 2013 http://www.noravank.am/upload/pdf/21_DAR_02_2017.pdf
  2. Jonathan McClory, The Soft Power 30: A Global Ranking Of Soft Power, 2015 from http://comresglobal.com/wp-content/uploads/2015/07/Report_Final-published.pdf
  3. Rapid-growth Markets Soft Power Ind, Ernst and Young, Spring, 2012, from http://www.ey.com/Publication/vwLUAssets/Rapid-growth_markets:_Soft_power_index/$FILE/Rapid-growth_m…
  4. Elcano Global Presence Report 2017, Real Instituto Elcano, Madrid, 2017 from http://www.globalpresence.realinstitutoelcano.org/en/data/Global_Presence_2017.pdf
  5. Anholt-GfK Roper Nation Brands Index, 2016, from http://nation-brands.gfk.com/
  6. Country RepTrak 2016: The Most Reputable Countries in the World, 2016, from https://www.reputationinstitute.com/CMSPages/GetAzureFile.aspx?path=~%5Cmedia%5Cmedia%5Cdocuments%5C…

Նարեկ Մինասյան
ԵՊՀ ասպիրանտ

«21-րդ ԴԱՐ» N 5, 2017