28 Հոկտեմբերի 2021թ. 22:00

Միխայիլ Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» վերականգնված կտավը կվերադառնա Հայաստան

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցադրության ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միխայիլ Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» վերականգնված կտավը հանձնեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին: ՀՀ Նախագահը շնորհակալություն հայտնեց ռուսաստանցի գործընկերոջը՝ նկարը Հայաստանին վերադարձնելու համար:

«Ուրախ եմ այս նկարը Հայաստանին փոխանցելու համար: Այն տարիներ առաջ գողացվել էր, սակայն նախորդ տարի գտնվեց: Ուրախ եմ ասել, որ Հայաստանում այսուհետ կրկին հնարավորություն կունենան տեսնել այս նկարը»,- իր հերթին ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նկարի վերականգնող մասնագետ Իննա Սոլովովան լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերականգնման աշխատանքները տևել են կես տարի: «Կտավն անմխիթար վիճակում է եղել, այն մասնատված էր չորս խոշոր և յոթից ավելի փոքր մասերի: Կտավը նաև կորցրել էր գույնը: Անհրաժեշտ էր ոչ միայն կտավի կտորները հավաքել, այլև վերականգնել դրա ամբողջականությունը: Իսկապես բավական պատասխանատու աշխատանք էր»,-ասաց Իննա Սոլովովան:

Միխայիլ Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը 1995 թ-ին գողացվել է Ռուսական արվեստի թանգարանից (Երևան): Այն Միխայիլ Լերմոնտովի «Դևը» պոեմի նկարազարդումներից է։ Մինչև 2017 թվականը կտավի գտնվելու մասին տեղեկություններ չկային։ 2017 թվականի մարտի 15-ին Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի ժամանակ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց, որ կտավը ՌԴ համապատասխան մարմինների աշխատանքի շնորհիվ հայտնաբերվել է և վերադարձվելու է Հայաստան։

Աղբյուրը` 1in.am