17 Հոկտեմբերի 2021թ. 9:27

ՄԱՀԱՑԵԼ Է ՌՈԲԵՐՏ ԵՆԳՈՅԱՆԸ

Մահացել է հանրաճանաչ ինժեներ, հասարակական-քաղաքական գործիչ Ռոբերտ Ներսեսի Ենգոյանը: Մեծ է կորստյան վիշտը. մեզանից հեռանում է հանրապետության ամենամեծ արտադրական կառույցներից մեկի՝ Կանազի երկարամյա տնօրենը, ում օրոք գործարանը հասել է աննախադեպ հաջողությունների: Մեզանից հեռանում է Հայրենիքին անմնացորդ նվիրված քաղաքացին, հզոր ու պարկեշտ անհատականությունը…

Ռոբերտ Ենգոյանը ծնվել է 1932թ.հունիսի 15-ին  Լենինականում (Գյումրի)։

1955թ.  ավարտել է Երեւանի  պոլիտեխնիկական  ինստիտուտը։  Ինժեներ-մեխանիկ։   Տեխնիկական   գիտությունների  թեկնածու։ ՀՍՍՀ   պետական  մրցանակի  դափնեկիր (1972թ.),  Ժողովուրդների    բարեկամության  շքանշանակիր (1981թ.), պարգեւատրվել է  Անանիա   Շիրակացու  մեդալով (2000թ.)։

1955-1957թթ.   Վլեդիմիրի (ՌԴ) ռադիոգործարանում աշխատել է  ավագ  ինժեներ, 1957-1960թթ.   Երեւանի  փոքր  հիդրոտուրբինների  գործարանում, 1960-1962թթ.  Երեւանի   ֆրեզերային   հաստոցների  գործարանում՝   արտադրամասի պետ։ 1962-1975թթ.  եղել է  «Հայհաստոց»  ԳԱՄ-ի    փորձնական  գործարանի  տնօրեն, 1975-1982թթ.՝    Երեւանի  հաստոցաշինական  ԱՄ-ի   գլխավոր  տնօրեն, 1982-ից՝   Քանաքեռի   ալյումինի   գործարանի  գլխավոր  տնօրեն, «Կանազ»  ՓԲԸ-ի  խորհրդի   նախագահ։

1994թ. Հովհաննես Թոքմաջյանի, Ֆադեյ Սարգսյանի, Մհեր Մարկոսյանի և այլ ճանաչված անձանց հետ հիմնադրում է “Մտավորական Հայաստան” կուսակցությունը, որի փոխնախագահն է հանդիսանում մինչև 1999 թվականը:

1995-1999թթ.՝  ԱԺ  պատգամավոր (թիվ 25  ընտրատարածք` առաջադրվել է “Մտավորական Հայաստան” կուսակցության կողմից)։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է  ընտրվել «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով (ՀԺԿ)։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական   հարցերի մշտական  հանձնաժողովի, ապա   արտաքին  հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն»  խմբակցության  անդամ։