5 Դեկտեմբերի 2020թ. 1:15

ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆ. Հարկման հիմնական ծանրությունը պետք է ընկնի խոշոր բիզնեսի վրա

Հայաստանի կառավարության հարկային քաղաքականությունը միտված է խոշոր բիզնեսին կարգապահական դաշտ բերելուն, քանի որ դրա շատ ներկայացուցիչներ փոքր և միջին բիզնեսի շղարշի տակ կարողանում են մաքրել իրենց ոչ ֆորմալ շրջանառությունները: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ փոքր և միջին բիզնեսի նկատմամբ հարկային մարմինների կողմից ճնշումների վերաբերյալ:

«Մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ խաղի կանոնները բոլորի համար պետք է լինեն հավասար: Մենք գիտակցում ենք, որ հակառակ դեպքում չենք կարողանա հավակնել տնտեսական աճի բարձր ցուցանիշների, չենք կարող ունենալ ներդրումների նպաստավոր միջավայր: Մենք սա շատ լավ պատկերացնում ենք: Անկախ նրանից՝ տնտեսավարող սուբյեկտը մեծ է , թե փոքր, հարկային պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ կերպով: Քիչ չեն դեպքերը, երբ փոքր և միջին բիզնեսի շղարշի տակ խոշոր բիզնեսները կարողանում են մաքրել իրենց ոչ ֆորմալ շրջանառությունները: Մենք պետք է փորձենք սրան լուծում տալ: Փաստաթղթավորումն այս առումով ամենակարևոր խնդիրն է, որ մենք մեր առաջ դրել ենք»,- նշեց նա:

Արամյանը կիսում է Նաիրա Զոհրաբյանի կարծիքը, որ հարկման հիմնական ծանրությունը պետք է ընկնի խոշորների վրա:

«Մենք հիմնական հավաքագրումն էլ այսօր բերում ենք խոշորներից: Շուրջ 52 տոկոսով կրճատվել են ստուգումները, ինչը նշանակում է, որ մենք կրճատել ենք հարկային վարչարարությունը ստուգումների տեսքով, թուլացրել ենք այդ ամենը և խոշորից ենք հավաքագրում»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ նման ազդակ չի ստացել, որ փոքր և միջին բիզնեսի վրա ճնշումներ են եղել՝ ընդգծելով, որ եթե կան խնդիրներ, պատրաստ են նստել և քննարկել: «Եթե իսկապես կան խնդիրներ՝ պատրաստ ենք քննարկել: Բայց, միգուցե, իրականում աղմուկ են բարձրացնում խոշոր բիզնեսի հետ համակցված փոքր և միջին բիզնեսի այն ներկայացուցիչները, որոնցից մենք փաստաթղթավորում ենք պահանջում: Եթե կան օբյեկտիվ խնդիրներ, պատրաստ ենք քննարկել և հասկանալ պատճառները»,- ասաց Արամյանը:

Վարդան Արամյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ իրենց նպատակն է խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին բերել կարգապահական դաշտ՝ փորձելով փակել այն օղակները, որոնց միջոցով հոսում են խոշորների ոչ ֆորմալ շրջանառությունները: Նախարարը հստակեցրեց, որ այդ օղակները հիմնականում հանդիսանում են փոքր և միջին ձեռնարկությունները:

Աղբյուրը՝ 168.am