Ադրբեջանին զայրացնում է, որ Ղարաբաղի մասին աշխարհում օրեցօր ավելի շատ մարդիկ են իմանում:
Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի հայտարարությանը, որ Booking.com կայքում Ղարաբաղում հյուրանոցի սենյակներ ամրագրելու հնարավորությունը ներգրավվելու հանգամանքը հակասում է միջազգային նորմերին:
Booking.com կայքը աշխարհում հայտնի հարթակ է, որտեղ կարելի է գտնել հյուրանոցներ բոլոր երկրներում ու ամրագրել դրանք: Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակն ասել էր, որ միջազգային դրամական փոխանցումները դեպի Ղարաբաղ փակ են և Booking.com կայքով իրականացվող առցանց պատվերները, դրանցից ստացված կայքի եկամուտները, «հավասարազոր են դրամական անօրինական փոխանցումների և կեղտոտ փողերի լվացման»:
Դավիթ Բաբայանն ասաց, որ Ադրբեջանի նախաձեռնությունը booking.com-ում Արցախի ներգրավվածության դեմ միջազգային իրավունքի տեսանկյունից կոպտագույն խախտում են: «Սա ստոր քայլ է, սա ցույց է տալիս այդ պետության բարոյահոգեբանական վիճակը: Տեսնելով, որ Արցախում ամեն տարի ընդլայնվում է հյուրանոցային ցանցը, Արցախն ընդգրկվում է միջազգային հանրությանը, փորձում են ամեն կերպ խոչընդոտել դրան: Արցախը ճանաչելի է դառնում միջազգային հանրության համար, բայց Ադրբեջանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Արցախի նախագահի խոսնակն ասաց, որ ծիծաղելի է, երբ Ադրբեջանից են խոսում «կեղտոտ փողերի լվացման» մասին, այն դեպքում, երբ կաշառակերության կենտրոնը, փողերի ամենամեծ լվացքատունը Բաքվում է: «Սա ահաբեկչություն է, գուցե զենքը ձեռքներին չեն ահաբեկում, բայց ահաբեկչություն է: Այդ շանտաժին մենք ամեն կերպ դիմակայելու ենք»,- ասաց նա։
Դավիթ Բաբայանն ասաց, որ Ադրբեջանը վստահաբար քայլեր ձեռնարկելու է այդ ուղղությամբ, ամեն ինչ անելու են, որ Արցախը դուրս մնա booking.com-ից, բայց իրենք ամեն կերպ դիմակայելու են՝ օգտագործելով Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության ուժը: «Պետք է ամեն ինչ անենք, որ ադրբեջանական ահաբեկչությունն իր նպատակին չհասնի»,- ասաց նա:
Դավիթ Բաբայանը շեշտեց, որ իրենք ոչինչ չեն արել, որպեսզի Արցախը ներգրավվի booking.com-ում: Ըստ նրա՝ ճանապարհորդական այդ կայքը ինքն է ներառել Արցախն իր հարթակում:
Կաշառակերություն կամ այլ մոտեցումներ չեն կիրառվել, որ Արցախը ներգրավվի booking.com-ում: Պարզապես Արցախն այնքան հայտնի է դարձել, որ իրենք կամավոր ներառել են:
Մենք գումար չենք տվել, որ մեզ ներառեն»,- ասաց նա:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ booking.com-ում ներառվելուց հետո մեծ արդյունքներ չեն գրանցվել, զբոսաշրջիկների հոսքը դեպի Արցախ կտրուկ չի աճել, բայց ադրբեջանական այս քայլից հետո Ղարաբաղի նկատմամբ հետաքրքրվածությունը կմեծանա:
Նշենք, որ Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերով և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչությունից տեղեկացրել են, որ 2017թ. արդեն 20 հազարից ավելի զբոսաշրջիկ է այցելել Ղարաբաղ:
Տիգրանուհի Մարտիրոսյան
Աղբյուրը՝ tert.am