17 Հոկտեմբերի 2021թ. 10:58

Ֆինանսիստները թվայնացման աստիճանով գերազանցել են ՏՏ ոլորտը

Korn Ferry խորհրդատվական խումբը համեմատել է տարբեր երկրների և ոլորտների ընկերությունները՝ ըստ թվային տնտեսությանն ադապտացվելու աստիճանի. ֆինանսական ոլորտը ճանաչվել է առաջատար՝ հետևում թողնելով նույնիսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ինդուստրիան, հաղորդում է Finparty.ru-ն:

Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է 362 ընկերություն 14 երկրից և մակրոտարածաշրջանից: Ընկերություններն ընտրվել են 5 տարբեր ոլորտից՝ սպառողական սեկտոր, ֆինանսներ, առողջապահություն, արդյունաբերություն և տեխնոլոգիաներ:

Նրանք գնահատվել են 5 ցուցանիշի համաձայն՝ որոշումների կայացման արագություն, ներքին հարաբերություններ, կենտրոնացում թվայնացման վրա, բաց և թափանցիկ աշխատանք, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ներդրման համար պատասխանատու աշխատակիցների լիազորություններ: Արդյունքում յուրաքանչյուր ընկերության, ոլորտի և երկրի համար հաշվարկվել է թվային կայունության ինդեքս՝ ցուցանիշ, որն արտացոլում է թվային տնտեսության պայմաններին ադապտացվելու աստիճանը:
Դիտարկված ոլորտների մեջ թվային կայունության առաջատար է դարձել ֆինանսական ոլորտը:
«Այս ոլորտի ներկայացուցիչները վերջին տարիներին ունեն ամենահզոր մոտիվացիան՝ նոր թվային մշակույթ անցում կատարելու համար, փորձում են պաշտպանել հաճախորդների տվյալները և շուկայական մասնաբաժինը, ինչպես նաև ճգնաժամի պայմաններում պահպանել սպառողներին և սեփական աշխատակազմը»,- նշված է հետազոտության մեջ:
Ինչ վերաբերում է տեխնոլոգիական ոլորտին, ապա այն գրավել է վարկանիշում երկրորդ տեղը:

Աղբյուրը՝ Finparty.ru