28 Հոկտեմբերի 2020թ. 9:23

Հայաստանում տվյալների ժամանակակից պահոց կստեղծվի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Հայաստանի տարածքում տեխնիկական անվտանգության ժամանակակից չափանիշներին համապատասխան տվյալների մշակման կենտրոն ստեղծել:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի խոսքով՝ կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա ձեւավորել թվային համակարգերի եւ ծառայությունների տրամադրման միասնական չափանիշներ ու ստադարտներ, արդյունավետ կերպով ներդնել տեղեկատվական համակարգերի անվտանգության եւ պաշտպանության նորագույն միջոցներ։

«Տվյալների մշակման կենտրոնը նախատեսվում է ստեղծել պետություն-մասնավոր հատված սկզբունքով, ըստ որի՝ կենտրոնի ստեղծումը ստանձնում է մասնավոր ընկերությունը, ինչն իր հերթին կապահովի նշանակալի տնտեսական արդյունքներ, մասնավորապես՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավում, լրացուցիչ պետական եկամուտներ, տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային հարթակում Հայաստանի դիրքի աճ, արտասահմանյան կապիտալի մշտական հոսք դեպի Հայաստան: Նման զարգացումները կբերեն ՏՏ ոլորտում բիզնեսի գրավչության բարձրացմանը»,- ասել է նախարարը: