29 Հոկտեմբերի 2020թ. 3:28

Հայկական վանքի կախարդանքը, կամ ինչու է Տաթևը կանգուն մնացել անդնդի եզրին

Թե ինչու է Տաթևի վանքը Հայաստանի անսովոր վայրերից մեկը համարվում, ու հետաքրքրությունն էլ այս կառույցի հանդեպ չի մարում, պատմում է Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։

Ժամանակի անդնդի եզրին մաշկդ փշաքաղվում է։ Ժամանակին հողատերերն ու շինարարները Սյունիք եկան։ Նրանք, ամենայն հավանականությամբ, բնությամբ հիանալու ժամանակ չունեին, այդ պատճառով էլ հողը որպես եղելություն ընդունեցին։ Իրենց շուրջը նայեցին, սկսեցին եկեղեցիներ ու վանքեր ստեղծել ու, շունչ քաշելով, սկսեցին մշակել սարերը։

Սյունիքը սիրում է պահմտոցի խաղալ։ Լեռնաշղթաները հեռվում շարվել են մեկը մյուսի հետևում, սկսում ես հաշվել, հաշիվը կորցնում ես, նորից ես հաշվում, մեկ շատանում են, մեկ` քչանում։ Այստեղ ու այնտեղ գագաթներին թշնամու աչքերից թաքնված եկեղեցիներ են բացվում։ Շատ չեն, բայց ամեն մեկը մի գանձ է` թե՛ փոքրիկ Նորավանքը, թե՛ Տաթևի վսեմ համալիրը։

Հայաստան գալով՝ սուրբ Թադեոսը բուժեց Աբգար արքային ու, ամենակարևորը, Էջմիածինի համար բերեց գեղարդի ծայրը։ Հենց այն գեղարդի, որով խոցվել էր տիրոջ կողը։ Հայաստանյան դեգերումների ընթացքում առաքյալին ուղեկցում էր Եվստաթեոսը, որը հետագայում, բնականաբար, սուրբ դարձավ։ Հենց նրա մասունքները V դարում դրվեցին փոքրիկ եկեղեցու հիմքում, ուխտավորները ձգտեցին դեպի եկեղեցի։ Դա հենց այն քրիստոնեությունն էր, որը բանաստեղծը երկու հազարամյակ հետո պիտի անվաներ «առակավոր ու կենդանական»։

Թե ինչ է այստեղ կատարվել հետագա երեք դարի ընթացքում, հստակ հայտնի չէ։ Բայց VIII դարում Սյունիքի եպիսկոպոս Դավիթը վանքի տարածքը գնեց տեղի իշխանից, որը մի քանի տարուց նրան նաև մոտակա գյուղը նվիրեց ու այստեղ սուրբ Գրիգորի եկեղեցին կառուցեց։ Այդ ժամանակաշրջանում շատերն էին եկեղեցիներ կառուցում, այնպես որ դարի կեսը կարելի է համարել Տաթևի հիասքանչ պատմության ծաղկունքի սկիզբ։

Եվս մեկուկես դար անց կառուցեցին սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, արդեն եպիսկոպոս Հովհաննեսի` գյուղացու որդու օրոք, ինչը Հայաստանի համար սովորական պատմություն է։ Վանքում մշտապես գտնվող հոգևորականների ու աշակերտների թիվը հասավ 1000-ի։

Այստեղից էլ սկսվեց Տաթևի ոսկեդարը։ Ազդեցությունը տարածվեց կից շրջանների գրեթե երեք հարյուր բնակավայրի վրա, ձեռագրերով գրադարան բացվեց, հիանալի համալսարան, որտեղ XI դարում ավելի քան քսան առարկա էին դասավանդում, ներառյալ՝ մաթեմատիկա, մանրանկարչություն ու պատերի նկարազարդում։ Բնականաբար` կրոնական թեքումով։

Սելջուկներն այս ամենի վերջը տվեցին։ Նրանք սկսեցին զբաղվել իրենց սովորական արհեստով՝ թալանով ու սպանություններով։ Գրադարանի ձեռագրերը փրկելու փորձ եղավ, բայց տապալվեց. այրվեցին եկվորների ձեռքերում։

Տաթևի վանքը հետո էլ տուժեց արշավանքներից ու մի քանի երկրաշարժերից, բայց ակնհայտ է, որ կարևոր էր առաջին անգամ փլատակներից վերածնվելը։

Օրբելյաններն ու Զաքարյանները վերականգնեցին վանքը, հովիվը դարձավ Ստեփանոս Օրբելյանը. արդեն XIII դարի վերջն էր, հաջորդ դարի սկիզբը։ Եկեղեցիներն ամբողջովին վերականգնվեցին, նույնիսկ կարելի է ասել, կրկին կառուցվեցին, ու ձուլված երկու զանգերն այսօր էլ վանքի զանգակատանն են։ Հարյուր տարի անց Տաթևն իրավամբ կարելի էր հոգևորական ու կրթական խոշորագույն կենտրոններից մեկն անվանել։

Համալսարանի ռեկտորի՝ Գրիգոր Տաթևացու (որը XIV դարի վերջին ու XV դարի սկզբին այդ պաշտոնն էր զբաղեցնում) գերեզմանի վրա 1787 թվականին դամբարան կառուցվեց։ Թերևս հենց դրանից հետո Տաթևի համալիրը ստացավ իր վերջնական տեսքը, որ պահպանվեց մինչև մեր օրեր։

XIX դարում Տաթևում արդեն կային երկու եպիսկոպոս, տասնյակ վանահայրեր ու մոտ հարյուր ավելի ցածր աստիճանի հոգևորականներ, իսկ թեմը բաղկացած էր մոտ 70 գյուղից։ Բնակավայրերի հարկերը հետզհետե կրճատվում էին, իսկ երբեմն գյուղերն ամբողջությամբ ազատվում էին հարկերից։ Սակայն մարդիկ նվիրաբերումներ էին անում. այդքան բարձր էր Տաթևի հեղինակությունը։ Այն ժամանակ դեռ չգիտեին «տեղանքի էներգետիկա» հասկացության մասին, բայց այն անխափան էր գործում։

Եվ, իհարկե, վերջին տարիներին Տաթևը կերպարանափոխվեց ու կրկին դարձավ ոչ միայն Սյունիքի, այլ երկրի կենտրոնը։

Աչքի առաջ կյանք ստացող պատմությունը վսեմ տեսարան է։

Սև ամպերը սիրում են Տաթևի հետ խաղալ։ Ամառվա շոգին դրանցից մեկը նստում է գագաթին, վանքը պատում է մառախուղով, ու ներքևից տպավորություն է ստեղծվում, որ սարը տաք գլխարկ է հագել, ու չի երևում՝ ուր է տանում լանջերով ոլորվող ճանապարհը։ Հնարավոր է` այնտեղ ոչինչ էլ չկա։ Հնարավոր է` այդպիսի սև ամպերը բազմաթիվ անգամ փրկել են վանքն անկոչ հյուրերից՝ թաքցնելով անկուշտ աչքերից։ Իհարկե, միշտ չի հաջողվել։

Օգոստոսյան մի օր սև ամպն իր հետ մառախուղ, անձրև ու թափանցող սառնություն բերեց։ Ճոճվող սյունից մի քսան մետր այն կողմ գտնվող եկեղեցին չի երևում։ Տաթևը չի լացում, այն լվացվում է, ու անսպասելի մառախուղով պատված դռներից վանականներ են դուրս գալիս՝ շտապելով երեկոյան ժամերգության։ Կարելի է մնալ, նայել ու լսել, բայց ավելի լավ է` նրանց մենակ թողնել Նրա հետ։ Մեքենա նստել ու ցրտից կծկվելով ոլորանով իջնել այն աշխարհ, որտեղ ասֆալտը հալչում է շոգից։

Տաթևի խուցերն ու սենյակները մի կողմից դեպի անդունդն են նայում։ Բարձրությունից վախեցողներն ավելի լավ է` չգան այստեղ՝ հաշվի առնելով, որ 300 մետր բարձրության վրա սլացող ճոպանուղու խցիկի հատակն ապակուց է։ Ու խոսքը միայն ֆիզիկական բարձրության մասին չէ. ով ընդունակ չէ հոգեպես վեր սլանալու, այստեղ անելիք չունի։ Տաթևը մաքրում է, բայց ընտրյալներին, այստեղ պետք է մենակ գալ կամ երկուսով։

Թեև վերջինն արդեն սուբյեկտիվ կարծիք է։

Read more: https://armeniasputnik.am/columnists/20171126/9585893/haykakan-vanqi-kaxardanqy-kam-inchu-e-tatevy-kangun-mnacel-andndi-ezrin.html