20 Հոկտեմբերի 2020թ. 15:55

Գագիկ Մակարյան. ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո զգալի տնտեսական աճ կունենանք

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո տնտեսության ոլորտում, բնականաբար, կլինեն լուրջ բարեփոխումներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ Համաձայնագիրն իր մեջ պարունակում է բոլոր անհրաժեշտ գլուխները, որոնք վերաբերում են քաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական ոլորտում առկա խնդիրների կարգավորմանը:

«Ստվերի կրճատման և  կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաև մարդու իրավունքների բաժինն ու շրջակա միջավայրի պահպանումը ևս այս համաձայնագրի առանցքային արժեքներից են: Այսպիսով,  Հայատանը պետք է բոլոր բնագավառներում իր գործունեությունը բարելավվի և մոտենա եվրոպական ստանդարտներին»,- ասաց տնտեսագետը:

Գագիկ Մակարյանը նշեց նաև, որ այս Համաձայնագիրը հնարավորություն է տալիս շարունակել GSP+ ռեժիմը, մինչդեռ Խորը և համապարփակ համաձայնագրի ստորագրման դեպքում  պետք է այդ տարբերակից հրաժարվեինք:

Նշենք, որ GSP+-ը հնարավորություն է տալիս համակարգից օգտվող երկրներին տեղական ծագման շուրջ 6200 ապրանքատեսակներ ԵՄ շուկա արտահանել զրոյական մաքսատուրքով:

Տնտեսագետի խոսքերով՝ Հայաստանը որքան գրավիչ է դառնում, այնքան դա կարող է խթանել օտարերկրյա և տեղական ներդրումները:

«Բացի այդ, Հայաստանն ամրապնդում է իր կարգավիճակը երկրների մեջ՝ ունենալով ավելի դեմոկրատ երկրի կերպար, որ կարող է իր խոսքն ավելի հավասար ձևով ներկայացնել տարբեր ֆորմատներում: Այսպիսով, եթե այս չափանիշներով շարժվենք, զգալի տնտեսական աճ կունենանք, քանի որ նվազեցնելու ենք կոռուպցիան, կրթության չափանիշերը պետք է մոտենան եվրոպականին, ինչպես նաև կբարելավվի  ՓՄՁ-ների վիճակը»,- ասաց Գագիկ Մակարյանը:

Նա նաև նշեց, որ ներկայումս մի շարք օրենքներ են փոփոխվում՝ Հարկային օրենսգիրքը, ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը, որը ևս ներդաշնակեցված է Եվրամիության ստանդարտներին:

Այսպիսով, ըստ նրա, կառավարության ներկայիս բարեփոխումները և երկու ընտանիքների բալանսավորումը՝ ԵՄ և ԵԱՏՄ, Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեն. «Այս ընթացքում ռուսական խանդ նկատվեց, բայց որքան էլ նա իրեն անկախ ու հզոր պետություն է ուզում ներկայացնել, այդուհանդերձ այնտեղ էլ  խնդիրներ կան՝ սանկցիաներ և այլն: ՌԴ քաղաքացիներն ու բիզնեսմեններն իրենց դրանից լավ չեն զգում: Վերջին հաշվով Հայաստանի դիվանագիտությունն ու քաղաքական կամքը ցույց տվեց, որ «և,և»-ի քաղաքականությունը հնարավոր բան է: Եվրոպան էլ է ուրախ, որովհետև ինքն էլ ունի Ղրիմի ու փախստականների խնդիրները, և մի հատ էլ երրորդ խնդիրը Հայաստանի հետ, բնականաբար, չէր ստեղծի»:
Աղբյուր` Panorama.am