29 Նոյեմբերի 2023թ. 3:43

ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի հաջողություններն ինտեգրացիոն միության շրջանակներում

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության երկրները պետք է օրինակ վերցնեն Հայաստանից, ուսումնասիրեն հաջողությունների ձեռքբերման և անգամ դժվար իրավիճակում հնարավորությունների մոբիլիզացման վերջինիս փորձը: Այդ մասին Եվրասիական փորձագիտական ակումբի ամենամյա «ԵԱՏՄ երեք տարին. նվաճումներ և հեռանկարներ» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի խորհրդական Ալեքսանդր Վասիլևը:

Նրա խոսքով, Հայաստանը շարունակում է լավ արդյունքներ ցույց տալ ոչ միայն առևտրի, այլ նաև վերամշակող արդյունաբերության ոլորտում, բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որում Հայաստանը նշանակալի արդյունքների է հասել: Այնուամենայնիվ, ընդգծել է նա, կա մի քանի նրբություն, որոնք շարունակում են ակտուալ մնալ եվրասիական ինտեգրման եռամյա փորձն ամփոփելիս: «Առաջին հերթին անդամ երկրների բնակչության շրջանում անբավարար քարոզչությունը: Ըստ որում, կարևոր է հասկանալ, որ ԵԱՏՄ-ն, ի տարբերություն ինտեգրացիոն այլ միությունների, բաց է քննարկումների ու նոր գաղափարների համար»,- նշել է դիվանագետը:

ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկն իր հերթին նշել է, որ ԵԱՏՄ շրջանակներում ազատականացվում են շուկաները, աշխատանք է տարվում անդամ երկրներում արտադրված ապրանքների համապատասխան մակնշման ուղղությամբ՝ որպես ԵԱՏՄ միասնական արտադրանք: Դեսպանը փաստել է 2017 թ. մի շարք առանցքային տնտեսական ցուցանիշների գծով աճը: Սակայն, նրա խոսքով, թվերը շատ ավելի ծանրակշիռ ու շոշափելի կլինեին, եթե որոշ երկրներ իրենց վրա չզգային «աշխարհի ուժեղների» պատժամիջոցային քաղաքականության ազդեցությունը: Չնայած դրան՝դիվանագետը 2018 թվականին կանխատեսել է տնտեսական բեկում: Նրա խոսքով, 2018 թվականը կանցնի ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման հովանու ներքո: «Նոր տարր կհանդիսանա Հայաստանի և ԵՄ միջև գործընկերության մասին շրջանակային համաձայնագրի ստորագրումը, ինչը կարող է լրացուցիչ հարթակ ծառայել երկու ինտեգրացիոն կառույցների համագործակցության արդյունավետության բարձրացման համար»,- ամփոփել է դեսպանը:

ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևի խոսքով, ԵԱՏՄ կայացման եռամյա ժամանակաշրջանում, չնայած որոշակի տարածաշրջանային և գլոբալ բարդությունների, բոլոր երկրները դրական դինամիկա են արձանագրել, և արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանը լավագույն ցուցանիշներ է ապահովում: Դինամիկա է արձանագրվել ինչպես տնտեսական աճի, այնպես էլ՝ ինչպես ԵԱՏՄ երկրներ, այնպես էլ երրորդ երկրներ արտահանման ցուցանիշներում: ՏՏ-ն կարող է լոկոմոտիվ հանդիսանալ Հայաստանի համար: «Դեռ խորհրդային ժամանակներից Հայաստանն առաջատար էր այդ ոլորտում, և այսօր լավ արդյունքներ է արձանագրում, ինչը կարող է շարժիչ ուժ հանդիսանալ տնտեսապես կարևոր այլ ոլորտների զարգացման համար»,- նշել է դեսպանը:

Նա նաև ընդգծել է, որ քաղաքականությունը պետք է գործիք հանդիսանա ԵԱՏՄ տարածքում նախագծերի կյանքի կոչման համար, բայց չպետք է գլխավորը լինի միության տարածքում ընդհանուր տնտեսության ձևավորման գործում: «Քաղաքականությամբ մարդկանց չես կերակրի, աշխատավարձ չես բարձրացնի, այն ընդամենը գործիք պետք է լինի ԵԱՏՄ-ում բոլոր նախագծերի ու գաղափարների կյանքի կոչման համար»,- ասել է դեսպանը:

Նշենք, որ համաժողովը կազմակերպվել է «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի կողմից:

Տաթևիկ Շահունյան