26 Նոյեմբերի 2020թ. 11:19

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ

«Նորավանքում» իրականացվող հետազոտություններում հատուկ ուշադրություն է հատկացվում կրիտիկական ենթակառուցվածքներին, այսինքն՝ այն ակտիվներին, ռեսուրսներին և ոլորտներին, որոնք վճռական նշանակություն ունեն ազգային անվտանգության և հասարակության գործունեության համար։ Սկզբում շեշտադրվում էր Հայաստանի տեղեկատվական անվտանգության ոլորտը, սակայն շուտով պարզվեց, որ ամեն բան շատ ավելի բարդ է, քանի որ գրեթե անհնար էր լուծել կիրառական որևէ խնդիր՝ առանց ծագող հիմնախնդիրներն այլ ճյուղերի, ասենք՝ տնտեսական հնարավորությունների հետ կապելու։ Ի վերջո աշխատանքների ընթացքում մենք եկանք այն եզրահանգման, որ բոլոր ոլորտներում կրիտիկական ենթակառուցվածքների իրական անվտանգությունը կախված է գիտատեխնոլոգիական (այստեղ ներառվում են նաև հումանիտար տեխնոլոգիաները) ոլորտի զարգացման մակարդակից, որն էլ կանխորոշում է մնացած կառուցվածքների զարգացումն ու անվտանգությունը։ Այլ խոսքով՝ գիտատեխնոլոգիական ոլորտն ազգային անվտանգության հիմնարար կրիտիկական ենթակառուցվածքն է, իսկ մյուս տարրերն ածանցվում են նրանից։ Այս հարցերը պարզաբանելու համար մի փոքր պատմական էքսկուրս կատարենք։

Ըստ չինացի ստրատեգների՝ այս կամ այն երկրի նվաճման ամենաարդյունավետ միջոցը այնտեղ կրթության սեփական համակարգի ներդնումն է։ Նման մոտեցման շնորհիվ տարբեր ազգություններից ձևավորվեց միացյալ չինական կայսրությունը։ Բայց միևնույն ժամանակ չինացիները, ինչպես և հույները հելլենիզմի դարաշրջանում (իսկ հետո այդ ավանդույթը շարունակեցին ռուսները), ոչ այնքան զարգացած հանրություններին էին փոխանցում գիտելիքներ և դրանով իսկ նպաստում նրանց զարգացմանը։ Իրավիճակը փոխվեց անդրօվկիանոսային գաղութների նվաճմամբ կայսրությունների կայացման դարաշրջանում, երբ խնդիր դարձավ ոչ թե լուսավորությունը չինական, հունական կամ ռուսական ձևով, այլ տարածքների նվաճումը և այդտեղից հումքի, իսկ երբեմն էլ՝ ստրուկների արտահանումը։ Նոր կայսրություններ կերտողները, ելնելով «գիտելիքը ուժ է» բանաձևից, կտրականապես թույլ չէին տալիս, որպեսզի օտարները «մոտենան» իրենց գիտելիքներին, քանի որ դա կօգներ բնիկ ժողովուրդներին դիմադրություն ցույց տալ նվաճողներին։ Այստեղ տեղին է մտաբերել Արնոլդ Թոյնբիի այն միտքը, թե Արևմուտքի գլխավոր գաղտնիքը նրա տեխնոլոգիաներն են։ Նման քաղաքականության գրոտեսկային դրսևորումն էր Երրորդ ռեյխի «Օստ» (Generalplan Ost) պլանը, որի համաձայն՝ օկուպացված երկրների բնակչության կրթությունը սահմանափակվում էր չորս դասարանով։

Այսօր պոլիտկոռեկտ ձևով նույն քաղաքականությունն իրենց պոտենցիալ մրցակիցների հանդեպ իրականացնում են Առաջին Սառը պատերազմի հաղթողները։ Կառավարման «քվազիլիբերալ» մեթոդների ներդրման միջոցով փլուզվեց երկար տարիների մշակված արդյունավետ գիտակրթական համակարգը։ Արդի նեոգաղութարարները հետխորհրդային երկրներից ոչ միայն հումք, այլև հարյուր հազարավոր գիտնականներ ու ինժեներներ «ներկրեցին»՝ իրենց գաղափարներով ու մտահղացումներով հանդերձ։ Հետևանքները երկար սպասել չտվեցին, ինչը կարելի է ցուցադրել արտոնագրերի վերաբերյալ վիճակագրությամբ։ Եթե 1981թ. ԽՍՀՄ-ում գրանցված էր 95.000 արտոնագիր, իսկ ԱՄՆ-ում՝ 62.000, ապա 1991թ. ԽՍՀՄ-ում գրանցվել էր ընդամենը 900 արտոնագիր, իսկ ԱՄՆ-ում՝ 96.000։ 25 տարի անց իրավիճակը մի փոքր շտկվել է. 2016թ. ՌԴ-ում գրանցվել է մոտ 33.000 արտոնագիր, իսկ ԱՄՆ-ում՝ 303.000, այսինքն՝ «ընդամենը» 10 անգամ ավելի, քան Ռուսաստանում։ Իսկ Հայաստանում արտոնագրերի թիվը սրընթաց իջնում է. եթե 2000թ. դրանց թիվը 168 էր, ապա 2016-ին՝ ընդամենը 93։ Այս տարիներին աճ, Ռուսաստանից բացի, արձանագրել է միայն Բելառուսը, որը Ա.Լուկաշենկոյի կամային քաղաքականության շնորհիվ կարողացավ խուսափել իննսունական թվականների աղետից։ Նշենք նաև, որ հետխորհրդային տարածքում մնացած գիտատեխնոլոգիական պոտենցիալի նվազեցման համար մշակվել և գործում են ծավալուն նախագծեր (օրինակ՝ Silver Key-ը), որոնց շրջանակներում խրախուսվում էին կեղծ ուղղություններով տարվող իմիտացիոն հետազոտությունները։

Մրցակիցների ապաինտելեկտուալացման ռազմավարությունն այսօր իրականացվում է ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլև, օրինակ, Մեծ Մերձավոր Արևելքում, որտեղ կիրառվում են այնպիսի մեթոդներ, որոնք ավելի շուտ նման են Generalplan Ost-ի միջոցներին։ Կարելի է պնդել, որ մրցակիցներին գիտատեխնոլոգիական ռեսուրսներից զրկելը դարձել է արդի հիբրիդային պատերազմների հիմնական նպատակը, որոնցում, համաձայն ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության տնօրեն Վինսենթ Սթյուարտի, գլխավոր զենքն են լինելու դիմակայող կողմերի բանականությունը և իմացական կարողությունները։

Հայտնի է, որ հենց գիտատեխնոլոգիական և տեխնոլոգիական պոտենցիալի զարգացման մակարդակն է ապահովում ԱՄՆ գերակայությունը համաշխարհային տնտեսությունում և քաղաքականությունում։ Բնութագրական է, որ ամերիկացիներն ինչպես գիտատեխնոլոգիական, այնպես էլ արդյունաբերական ոլորտներում աշխատանքը վարում են պետական պլանավորման կոշտ ռեժիմով, իսկ պետական շատ գերատեսչություններում ստեղծված են համապատասխան մարմիններ։ Անդրադառնանք, սակայն, ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներին։

Իր գոյության ոչ երկար տարիների ընթացքում այս միությունն ապացուցեց իր գործունակությունը և հասավ նկատելի հաջողությունների։ Միևնույն ժամանակ, «հիբրիդային» իրողությունների պայմաններում, երբ ռազմաքաղաքական, տեղեկատվական և տնտեսական բնույթի առճակատումները միահյուսվել են, անհնար է լուրջ զարգացում ունենալ առանձին վերցրած ոլորտում։ Ակնհայտ է, որ լիբերալ գործիքաշարի կատարելագործումն առևտրային հարաբերություններում անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ ԵԱՏՄ երկրների տնտեսությունների ցանկալի աճին և ինտեգրմանը հասնելու համար։ Մրցունակության ապահովումը չորրորդ արդյունաբերական հեղափոխության պայմաններում հնարավոր է բացառապես արդի բազմապրոֆիլ գիտատեխնոլոգիական կառույցների ձևավորման պարագայում, որոնք կկատարեն, ինչպես վերը նշվեց, հիմնարար կրիտիկական ենթակառուցվածքների դեր։ Հենց այդ ենթակառուցվածքները կկանխորոշեն ոչ միայն տնտեսության զարգացումը, այլև ընդունվող որոշումների որակը։ Մինչդեռ, ԵԱՏՄ-ում ընդունվող որոշումներում բավական ցածր է գիտական բաղադրիչի մակարդակը։ Իսկ դա 1980-90-ականների պարզունակ մտածողության շարունակությունն է, երբ շատերին թվում էր, թե լիբերալ մեթոդները կարող են լուծել տնտեսության բոլոր հիմնախնդիրները։ Բնականաբար, նման հնացած մոտեցման պարագայում ինտեգրացիան դանդաղ կընթանա։ Ուստի, մենք պնդում ենք, որ ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների կրիտիկական ենթակառուցվածք է հանդիսանում գիտատեխնոլոգիական բաղադրիչը, որը հարկ է ամրապնդել։

Ակնհայտ է, որ զուտ շուկայական մեխանիզմը չի կարող ապահովել ցանկալի զարգացումը, և անհրաժեշտ է կիրառել գիտության և տեխնիկայի զարգացման պետական միջոցներ, որոնք լայնորեն օգտագործվում են ԱՄՆ-ում, ԵՄ-ում և, առավել ևս, Չինաստանում։ Ելնելով այս իրողություններից՝ խիստ հրատապ է դառնում ԵԱՏՄ երկրների համապատասխան գիտատեխնոլոգիական ռեսուրսների տվյալների շտեմարանի ստեղծման և նրանց գործունեության համակարգման հարցը՝ տնտեսապես շահավետ պատվերների միջոցով։ Նման մեխանիզմի ներդրումը կհանգեցնի թե՛ ԵԱՏՄ երկրների տնտեսությունների աճին, թե՛ ինտեգրացիոն գործընթացների ինտենսիվացմանը։

Գագիկ Հարությունյան

Աղբյուրը` “Նորավանք” հանդես