20 Հոկտեմբերի 2020թ. 16:09

Կկատարելագործվի հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման ոլորտը

Կառավարությունը հավանություն է տվել «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների բարեփոխումների» հայեցակարգին, որի նպատակն է ապահովել հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների և շահագրգիռ մարմինների հետ փոխշահավետ քննարկումների բնականոն ընթացքը:

Մասնավորապես, ներկայացված են հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտներում ներկայում իրականացվող կարգավորման քաղաքականությունը, աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման, մասնագետների որակավորման ու աուդիտորական կազմակերպությունների նկատմամբ իրականացվող որակի հսկողության գործընթացները:

Փաստաթղթում անդրադարձ է կատարվում բարեփոխումների առաջարկվող ուղղություններին՝ հաշվի առնելով ներկայում ընդունված միջազգային լավագույն փորձը, առաջարկվում է ոլորտների կարգավորման ու դրանց նկատմամբ վերահսկողության նոր՝ մասնագիտացված կառույց-հանրային վերահսկողության խորհուրդ մոդելը:

Հայեցակարգով առաջարկվում է ճշգրտել նաև պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակը՝ ներկայում գործող օրենսդրական ձևական պահանջից անցում կատարելով իրապես աուդիտի ենթարկվելու հանրային պահանջ ունեցող ընկերությունների ներգրավմանը: Արդյունքում ակնկալվում է կատարելագործել և միջազգային չափանիշներին համապատասխանեցել հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման ոլորտը: