29 Հոկտեմբերի 2020թ. 3:17

Արցախում երկնիշ տնտեսական աճ ենք ունենալու…

2017 թվականին հրաժեշտ ենք տալիս Հայաստանի և Արցախի համար ռազմավարական նշանակություն ունեցող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմամբ ու դրանից բխող ռազմաքաղաքական, տնտեսական կարևորության խնդիրների կարգավորմամբ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ժառանգությամբ ենք հրաժեշտ տալիս 2017-ին։

«Անցնող 2017 թվականը տնտեսական առումով հաջող տարի էր։ Ճիշտ է, տարվա ցուցանիշները կամփոփվեն 2018-ի սկզբին, սակայն առկա ցուցանիշները նվազագույնը փաստում են, որ Արցախում երկնիշ տնտեսական աճ ենք ունենալու: Ընդ որում՝ հատկանշական է, որ տնտեսական գրեթե բոլոր ճյուղերում աճ է արձանագրվել ոչ միայն՝ պատերազմական 2016-ի, այլև՝ նախապատերազմական 2015-ի համեմատ»,- ասաց Տ.Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ անվտանգության ապահովման, ամրապնդման և որակապես նոր աստիճանի հասնելու ճանապարհին 2017-ը զինված ուժերի համար կարևոր հանգրվան էր. «Հնարավորություն ունեցանք ոչ միայն գույքագրելու մեր հիմնական խնդիրները, որոնք ունեցել էինք ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ, այլ դրանց մեծ մասով մեծ աշխատանք իրականացրեցինք: Մենք առավելապես խոսում ենք առաջնագծի տեխնիկական վերազինման ու ստեղծված նոր հնարավորությունների մասին, սակայն պետք է արձանագրել, որ բանակաշինության բոլոր ուղղություններով փոփոխություններ ենք ունեցել՝ սպառազինություն, թիկունքային ապահովում, որոնք ընդհանուր առմամբ բերել են մարտունակության մակարդակի առավել բարձրացման»:

«Ժառանգել ենք ծանր խնդիրներ, որոնց չկարգավորումը մշտապես պատերազմի ռիսկեր է պարունակում: Ցավոք պետք է արձանագրել, որ բանակցային գործընթացում էական փոփոխություններ չունենք: Ճիշտ է, 2016, 2015, 2014 թվականների համեմատ առաջնագծում հրադադարի ռեժիմի խախտումներն առավել նվազել են, որոնք պայմանավորված են մեր անվտանգությունն ապահովող կառույցների աշխատանքով, սահմանագծում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներով, սակայն Ադրբեջանին բանակցությունների սեղան բերել չի հաջողվում»,- հավելեց Տ.Աբրահամյանը:

Աղբյուրը` 168.am