27 Հոկտեմբերի 2020թ. 18:21

Դնել փոքր նպատակներ և գոհանալ՝ ճիշտ չէ

Հայաստանում տնտեսության ոլորտի կանխատեսումների ու սպասումների մեջ մեծ մաս է կազմում քաղաքականության մեջ անձերի փոփոխությունը, և թեև իշխանությունը մնում է նույն կուսակցության ձեռքում, սակայն կուսակցության ներսում անձերի փոփոխությունն ազդում է տնտեսության սպասումների վրա: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել տնտեսագետ, «Առաքելություն» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։ Նա անդրադարձել է անցած տարի Հայաստանի տնտեսական կյանքում կատարված-չկատարվածին, այս տարվա հիմնական մարտահրավերներին: Դրանք են՝ ՀՀ-ում աղքատության և գործազրկության կրճատումն ու ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծումը:

Պարոն Առաքելյան, այս նոր տարում տնտեսության ի՞նչ հիմնական մարտահրավերներ եք տեսնում, և քանի որ հնարավոր է ապրիլից հետո վարչապետի փոփոխություն լինի՝ արդյո՞ք այս սպասումները տնտեսության վրա վատ չեն անդրադառնա՝ հաշվի առնելով, որ քաղաքականության մեջ կա «կաղ բադիկի» սինդրոմ, իսկ այն է՛լ ավելի է ուժեղանում տնտեսության պարագայում:
-Այո և ցավոք, Հայաստանում տնտեսության ամբողջ կանխատեսումների ու սպասումների մեջ մեծ մաս է կազմում քաղաքականության մեջ անձերի փոփոխությունը, և թեև իշխանությունը մնում է նույն կուսակցության ձեռքում, սակայն կուսակցության ներսում անձերի փոփոխությունն ազդում է տնտեսության սպասումների վրա: Վարչապետի փոփոխությունը տնտեսվարողների մոտ առաջացնում է սպասումներ, ինչն, իհարկե, բացասաբար է անդրադառնում, և այս տեսանկյունից 2018-ի 1-ին կեսը շարունակվելու է այս սպասումներով, և կորուստ ենք ունենալու էական ձեռքբերումների մասով: Կարծում եմ՝ կառավարության և իշխանությունների այս տարվա գլխավոր մարտահրավերն այն է, որ նաև խորհրդարանական համակարգին անցնելու շրջանակում ձևավորեն տնտեսական այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա հնարավորինս նվազեցնել կախվածությունն անձերից, որպեսզի տնտեսության բոլոր մասնակիցները՝ և՛ ներքին, և՛ արտաքին ներդրողներն իրենց գործունեության հիմքում ունենան օրենքի գերակայությունը և ոչ թե անձերի տրամադրվածությունները և նրանց հետ ունեցած հարաբերությունները։
Վարչապետը տարեվերջին տված հարցազրույցում ըստ էության հայտարարեց, որ ինչ թվեր ասել էին, ինչ ծրագրեր ունեին՝ բոլորն արվել են, նախորդ տարվա համար դրված թիրախներն էլ, փաստացի, բոլոր ցուցանիշներից բարձր են: Հիմա, եթե նկատի ունենանք սցենարը, որ Կարեն Կարապետյանը հեռանալու է վարչապետի պաշտոնից, արդյոք նա պատվախնդրություն կունենա՞ միջնաժամկետ ծրագրերի համար հայտարարված թվերն էլ մինչև իր պաշտոնանկության ավարտը կատարելու համար: 
-Մակրոտնտեսական ցուցանիշները, այն, ինչ կառավարությունը պլանավորում էր նախորդ տարվա համար, այո, թվային տեսքով կատարվել են, բայց արդյո՞ք կատարված 6-7%-ոց տնտեսական աճը և կատարված ներդրումները բավարար են էական ձեռքբերումների համար: Կարծում եմ՝ ոչ, որովհետև մեր տնտեսությունն այնքան փոքր է, որ թվային տեսքով նայելու դեպքում, 6-7%-ոց աճը մեր համախառն արդյունքի մեջ կազմում է 600-700 միլիոն դոլար, որը չի կարող ապահովել էական փոփոխություններ: Հետևաբար, դնել փոքր նպատակներ, և այդ փոքր նպատակները  գերակատարել և դրանով գոհանալ, կարծում եմ՝ ճիշտ չէ: Հայաստանի տնտեսության մեջ լուրջ ձեռքբերումների համար նույնիսկ պետք է նպատակ դնել և ինչպես վարչապետն է ասում՝ երազել ունենալ մինչև 15%-ոց տնտեսական աճ: Միայն նման  գերնպատակների պարագայում է հնարավոր ապահովել նորմալ բարեկեցություն, քանի որ տասնամյակների խորքից եկած լրջագույն խնդիրներ ունենք, որոնց լուծումը նման ցածր տեմպերով առաջ շարժվելու դեպքում կտևի տասնամյակներ:
Ներդրողների ակումբում երեսուն գործող գործարարների հայտարարած ներդրումային ծրագրերից նախորդ տարում ընթացքի մեջ գցվածներից է նաև «Շնող» ՀԷԿի ծրագիրը: Այսուհանդերձ, որոշ քաղաքագետների պնդմամբ՝ Ռուսաստանում գործող գործարարներից շատերը նրա համար են Հայաստանում ներդրումներ անում, որ ամերիկյան կառավարությունը նախորդ տարեվերջին զգուշացրեց ՌԴ քաղաքական իշխանության հետ սերտաճած տնտեսվարողների բիզնեսներին սպասվող սպառնալիքների մասին, և սրանով նրանք փորձում են անվտանգ տարածք տեղափոխել իրենց գումարները:
-Ընդհանրապես աշխարհում, և՛ ՄԱԿ-ի վերլուծություններով ու գնահատականներով՝ ներդրումների կամ եղած կապիտալի մեջ զգալի մաս է կազմում կասկածելի ծագման կապիտալը: Այսինքն՝ միանշանակ պնդել, որ աշխարհում շրջանառվող միլիարդներն ունեն օրինական ծագում, և բոլոր ներդրումներն էլ օրինական գումարներով են իրականացվում, բավական բարդ է: Եվ չեմ կարծում, որ առավել ևս Հայաստանի կառավարությունը պետք է նման գործունեությամբ զբաղվի՝ փորձելով հնարավոր ռիսկերը, որ այսօր կատարվող ներդրումների հետևում կանգնած անձինք ունեն որոշակի խնդիրներ՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների հիմքում քաղաքական գործոնն է դրված: Առավել ևս, որ Հայաստանում կատարվող կամ կատարվելիք ներդրումները շատ չնչին մասն են կազմում այն գումարների, որոնց նկատմամբ ԱՄՆ-ն կիրառում  է պատժամիջոցներ: Հետևաբար, չեմ կարծում, որ այդ մասով Հայաստանը կունենա խնդիրներ, քանի որ գոնե այն ոլորտներում, որտեղ այդ ներդրումները կատարվում են, ենթակառուցվածքային ոլորտից են՝ էներգետիկա, և այլն, և որոնք գործում են բացառապես օրենքի շրջանակներում: Եվ նման սցենարների հավանականությունը փոքր է, քանի որ նաև այդ ոլորտների հիմնական արտադրանքի՝ էլեկտրականության հիմնական մասը սպառվում է Հայաստանում:
Տնտեսության համար այս տարվա գլխավոր մարտահրավերները:
-Ոչ միայն այս տարվա, այլև հայաստանյան իրականության համար գլխավոր տնտեսական մարտահրավերը Հայաստանի քաղաքացիների բարեկեցության ապահովումն է: Եվ այդ նպատակին հասնելու համար տնտեսական տեսանկյունից գլխավոր մարտահրավերը պետք է լինի աղքատության և գործազրկության կրճատումը և տարբեր ոլորտներում ներդրումային այնպիսի միջավայրի ձևավորումը, որ փոքր բիզնեսի ներկայացուցիչներից սկսած մինչև համաշխարհային մակարդակի խոշոր ընկերություն, ունենան վստահություն Հայաստանի նկատմամբ, որպեսզի կատարեն էական ներդրումներ:

Անուշ Դաշտենց

Աղբյուրը` tert.am