28 Հոկտեմբերի 2020թ. 10:21

Արամ Աբրահամյան. Սուրբծննդյան տոնի խորհուրդը

Սուրբծննդյան տոնի խորհուրդը Քանի որ մոտենում է Ամանորի եւ Սուրբ ծննդի ժամանակը, հիշենք համաշխարհային գրականության սուրբծննդյան ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ Չարլզ Դիքենսի վիպակը, որի հերոսը` Էբինեյզեր Սկրուջը, չի հասկանում, թե ինչու են մարդիկ Նոր տարվա օրերին ուրախանում, ինչու են իրար սիրում, ինչու են իրար օգնության ձեռք մեկնում: Եվ ահա սուրբծննդյան օրերին նրան հերթով այցելում են ուրվականները եւ փորձությունների միջոցով հիմնովին վերափոխում են այդ մռայլ, մարդատյաց անձնավորությանը: Սա սուրբծննդյան հեքիաթ է՝ ստեղծված 19-րդ դարի կեսերին բոլոր ժամանակների լավագույն գրողներից մեկի կողմից: Ինչպես ցանկացած հեքիաթ` ունի իր խորքային իմաստը: Այն, ինչի վրա ուշադրություն չէիր դարձնում ամբողջ տարվա ընթացքում, նկատում ես, երբ գալիս է «ճշմարտության պահը»: Այն, ինչ չես հասցրել կամ զլացել ես անել ամբողջ տարվա ընթացքում, գոնե ծրագրում ես անել հաջորդ տարի: Ում որ ցավ ես պատճառել, ներողություն ես խնդրում: Ամբողջ տարվա ընթացքում վազվզել ես ինչ-որ պատրանքային «հաղթանակների», «հաջողությունների» հետեւից, բայց մի պահ սկսում ես մտածել՝ իսկ արդյո՞ք այդ ամենն ինձ իսկապես պետք էր: Ահա այդպիսի «հեքիաթային», կախարդական փոփոխություններ են կատարվում մարդկանց հետ Ամանորի շեմին: Իրականում այդ հրաշքը մեր ձեռքն է եւ կախված է միայն մեզանից: Գալիս է չար միտքը եւ ցանկանում է «բնակություն հաստատել» մեր գլխում, մենք նրան քշում ենք եւ նրա փոխարեն «հրավիրում ենք» որեւէ դրական, պայծառ միտք: Արդյունքում «չարտոնված հյուրը» ստիպված է ձեզ լքել, որովհետեւ, ինչպես հայտնի է, մենք չենք կարող միաժամանակ երկու տարբեր բաների մասին մտածել: Իսկ ի՞նչ անել, երբ ձեր շուրջն են «սավառնում» չարունախանձ մտքեր: Համացանցում, ինչպես արդեն մի քանի անգամ առիթ եմ ունեցել գրելու, կարելի է դրանք պարզապես չկարդալ: Երբ նման մտքերը հնչեցնում են ականջիդ տակ, դրանք հնարավոր չէ չլսել, բայց կարելի է «տոն չտալ»: Ի վերջո, «բարձրաշխարհիկ զրույցն» անպայման չէ, որ կառուցվի որեւէ մեկին վատաբանելու, նրա մասին բամբասելու շուրջ: Փոխեք խոսակցության թեման, «խոսքը կտուրը գցեք», վերջապես՝ լռեք, մինչեւ ձեր զրուցակցի բացասական էներգիան չպարպվի: Նման պարզ գործողություններից հետո դուք կապրեք այլ աշխարհում: Այո, իրականում աշխարհը վերափոխելու մեջ ոչ մի բարդ բան չկա՝ պարզապես մենք ինքներս պետք է փոխվենք: Այնպես, ինչպես փոխվեց Էբինեյզեր Սկրուջը: Նման բաների մասին արժե մտածել ցանկացած ժամանակ, ցանկացած օր: Բայց քրիստոնյա աշխարհում դրա մասին ընդունված է մտածել սուրբծննդյան տոների ժամանակ, երբ ծնվել է Նա, ով մեզ ցույց է տվել մեր ախտերից ազատվելու ճանապարհը:

Արամ Աբրահամյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/12/28/928873/