2 Դեկտեմբերի 2020թ. 7:24

Բիթքոինի հայտնվելուց 12 տարի առաջ …

Բիթքոինի հայտնվելուց 12 տարի առաջ ամերիկացի Ջեյմս Դեյվիդսոնը (James Dale Davidson) եւ անգլիացի Վիլյամ Ռիզ-Մոգը (Lord William Rees-Mogg) կանխատեսել էին կրիպտոարժույթի գաղափարն իրենց «Սուվերեն անձը. տիրապետելով անցումը դեպի տեղեկատվական դարաշրջան» (The Sovereign Individual: Mastering the Transition to the Information Age) գրքում։

Ինչպես հաղորդում է Bits Media-ն, գիրքը հրատարակվել էր 1997թ. եւ պատմում էր ոչ հեռու ապագայում մարդկությանը սպասվող փոփոխությունների, այդ թվում՝ տեղեկատվական դարաշրջանին անցմանը զուգահեռ՝ «փողերի հեղափոխության» մասին։

«Շուտով ձեր բոլոր գործարքների համար դուք վճարելու եք ցանցում կիբերփողերի միջոցով։ Փողերի այս նոր թվային տեսակը առանցքային դեր կունենա կիբերառեւտրում։ Փողերը կազմված են լինելու հասարակ թվերի կոդավորված հերթականություններից՝ հարյուրավորների բազմության կարգում։ Նրանք կլինեն ունիկալ, անոնիմ եւ ապահով՝ հնարավորություն տալով ավելի խոշոր գործարքների համար։ Միաժամանակ, դրանց հնարավոր կլինի բաժանել փոքր մասերի։ Այդ փողերը գործելու են սահմաններ չունեցող մուլտիտրիլլիոնանոց շուկայում»,- պատմում էին գրքի հեղինակները։

Նրանց կանխատեսմամբ՝ «նոր կիբերփողերը լինելու են ապազգայնացված, եւ երբ սուվերեն անձիք կկարողանան գործել սահմաններից դուրս, նյութական իրականություն չունեցող տարածությունում, նրանք այլեւս ստիպված չեն լինի հանդուրժել կառավարությունների սիրած պրակտիկան՝ ինֆլյացիայի միջոցով փողի արժեքի նվազեցումը։ Եվ, արդյունքում, փողերի նկատմամբ վերահսկումը իշխող վերնախավից կանցնի գլոբալ շուկային»։

Ջեյմս Դեյվիդսոնը շատ ավելի երիտասարդ էր Վիլյամ Ռիզ-Մոգից եւ ճանաչում էր ձեռք բերել իր տնտեսական կանխատեսումներով. հենց նա էր կանխատեսել 2008թ. տնտեսական ճգնաժամն ԱՄՆ-ում։