2 Դեկտեմբերի 2020թ. 7:40

Միտքն ու մտածողությունը …

Միտքն ինքնին նյութական չէ, սակայն նրա կրողը նյութական է։ Եթե մարդն ունի ոչ կառուցողական մտածելակերպ, ապա նա կարող է աներևույթ մտքերի միջոցով իր իրական կյանքը լցնել սթրեսով և անհաջող գործողություններով։ Նման վարքի բացասական հետևանքներն ուղղակիորեն ազդում են անձի կյանքի որակի և սթափ մտածողության վրա։ Այս հոդվածի միջոցով կփորձեմ հնարավորինս հասանելի կերպով տալ հստակ պատկերացումներ մտքի, նրա տեսակների, մտքի՝ հիշողության և մտածողության հետ փոխազդեցության մասին։ Ինչպես նաև՝ մի քանի հուշում բացասական մտքերը հաղթահարելու վերաբերյալ։

Միտքը գիտակցությանը փոխանցված որոշակի բովանդակային նյութ է, որի շնորհիվ պատկերացում է ստեղծվում որևէ երևույթի մասին։ Այն կարող է բազմաֆունկցիոնալ ինֆորմացիայի կրող լինել։ Այն խթանում է պատկերացումների ձևավորումը, եզրահանգումներ կատարելը, վերլուծական նկարագրությունը, որոշումներ կայացնելը և այլն։ Միտքը բովանդակություն է, որը կառավարում է գիտակցությանը՝ տալով ուղղություն մտածողության կառուցման համար։

Մտքի տեսակներն ու ձևերը

Միտքն ունի արտահայտման տարբեր ձևեր՝ հիշողություններ, երևակայություն, զուգորդություններ, զգացողություններ, համոզմունքներ և վարկածներ։ Մտքերը լինում են պարզ և «մռայլ», մակերեսային և խորիմաստ, խճճված և հստակ, խոսքի ընթացքում առաջացած և որոշակի շարադրանքով ամրագրված (քարացած)։ Վիզուալ մարդկանց մոտ միտքը կարող է պահպանվել կամ առաջանալ որոշակի նկարի կամ պատկերի շնորհիվ, աուդիալ մարդկանց մոտ այն առաջանում է հնչելուց, և կարող է ընկալվել՝ որպես աբստրակտ հասկացողություն, և ապրվել՝ որպես զգացողություն։

Միտքն ու մտածողությունը

Միտքն ուղեղի, գիտակցության գործունեությունն է։ Այն համարվում է մտածողության վերջնական կամ միջանկյալ արդյունք։  Միտքը գիտակցության գործունեության առավել տեսանելի մասնիկ է, որի հետ առնչվում է յուրաքանչյուր մտավոր առողջ մարդ։ Մտածողությունը, առհասարակ, մարդու համար ընկալվում է՝ որպես մի խումբ մտքերի հոսք, որոնք որոշակի չափով, շղթայական սկզբունքով կապված են միմյանց բովանդակությամբ, զուգորդություններով և գաղափարով։ Սակայն սխալ կլինի մտածել, որ մտածողությունը միայն մտքերի ընկալումն ու շարադրումն է, քանի որ գիտակցությունը հիշում և մտապահում է միայն դա: Իրականում մնացած ինֆորմացիան իրականացվում է տեսադաշտից դուրս, և այդ պատճառով անվանվում է ենթագիտակցական։

Միտքը և հիշողությունը

Անկախ մտքի բովանդակությունից՝ այն հիշվում և պահպանվում է կարճատև հիշողությունում՝ ստանալով կերպարային ձև։ Հիշողությունը, որում պահպանվում են կերպարները, անվանում ենք երևակայություն։ Երևակայությունը հնարավորություն է տալիս անընդհատ վերադառնալ նույն մտքերին և դրանք այնքան միմյանց հետ համադրել, ստեղծագործել, մինչև որ կստացվի լավագույն գաղափարը։ Հիշողությունը ունակ է նաև պահպանել այն տեղեկատվությունը, որը մեծ հուզական ապրումով է ուղեկցվել, լինի դա բացասական թե դրական։ Դրական մտքերը մարդիկ առավել հազվադեպ են շրջանառում գիտակցության մեջ, քան բացասականը։ Դրական զգացողությունները վտանգ չեն պարունակում, դրանց հետ չկա պայքար, չկան չասված խոսքեր, վիրավորանքներ կամ ափսոսանքներ, այդ պատճառով դրանք որպես լավ հաղթահարված փուլ՝ անցնում են հիշողություն, և, որքան էլ զարմանալի լինի, մոռացվում։ Բացասական մտքերը հոգին անընդհատ անհանգստացնող մտքերն են, որոնք հանգիստ չեն տալիս մեր մտածողությանը, հիշողությանը, նույնիսկ երևակայությանը։

Մեր գիտակցությունը մի փոքր բացասական միջադեպը կարող է ժամանակի ընթացքում, ժողովրդական հեքիաթի ստեղծման նման, ծաղկեցնել և մարդուն դնել սթրեսի կամ դեպրեսիայի մեջ։ Այն շատ վտանգավոր ռումբ է, որը մենք սիրում ենք ամեն պահի ակտիվ պահել։ Այստեղ կան հոգեբանական շատ չլուծված խնդիրներ, որոնք մենք գիտակցում ենք, սակայն չենք հաշտվում, և այդ մտքերի անընդհատ շրջանառման միջոցով մեզ պատժում կամ արդարացնում ենք։ Այս ամենը կարող է հանգեցնել անքնության, մաշկային հիվանդությունների, կոկորդային հիվանդությունների, գլխացավերի, գերհոգնածության, տրամադրության կտրուկ անկման, և այլն։

Ինչպե՞ս ազատվել բացասական և կպչուն մտքերից

Եթե մտքերը դատարկ են, անիմաստ, բացասական և անընդհատ հետապնդում ու հանգիստ չեն տալիս, ապա այն հանգեցնում է ինքնաքայքայման։ Որպես կանոն՝ դրանք կրում են վիրավորվածության, անարդարության, անհաշտության սերմեր։ Նման դեպքում պետք չէ ջանք թափել դրանցից ազատվելու համար: Անհրաժեշտ է ճիշտ աշխատանք տանել այդ մտքերի հետ, որպեսզի հասկացվեն սեփական անձի կողմից և հաղթահարվեն, այլ ոչ թե՝ որպես հոգեբանական խնդիր արտամղվեն՝ անընդհատ արտահայտվելու հակմամբ։

Անհրաժեշտ է՝

  1. Ներքին կողմնորոշում․ հասկանալ՝ ինչի շուրջ են պտտվում բացասական և կպչուն մտքերը։ Դրանց շուրջ մտածել սթափ, դրական, կառուցողական, պատասխանատու։
  2. Զբաղվել անհրաժեշտ աշխատանքովսիրված գործ անելիս, մտքերն ինքնին կառուցվում են հենց դրա շուրջ։
  3. Աշխատելիս երգել դրական կամ սիրած երգՍտեղծել ձեզ անհրաժեշտ հուզական դրական մթնոլորտ:

Կան այլ, առավել առօրյա գործողություններ, որոնք նույնպես նպաստում են բացասական մտքերի հաղթահարմանը։  Գնալ զբոսնելու, զբաղվել վազքով։ Առավել արդյունավետ կլինի, եթե դուք զգաք ֆիզիկական մի փոքր անհարմարություն, օրինակ՝ թեթև հագնվել՝ զգալու համար ցուրտը, և ավելի արագ վազել։ Նման դեպքում մտքերը կենտրոնանում են հիմա և այստեղ իրավիճակի վրա։ Շրջապատեք ձեզ շատ մարդկանցով, գնացեք խանութ, շփվեք, խոսեք, հարցեր տվեք: Գիտակցությունն այդ ամենն աստիճանաբար մի փուլից կանցկացնի մյուս փուլ և կսովորի ստեղծել և շրջանառել այլ ոլորտի մտքեր, ինչը կազդի թե՛ ձեր առողջության, թե՛ կյանքի որակի վրա։