30 Հոկտեմբերի 2020թ. 20:24

Մահացած աստղերի եռյակի դիտարկումները…

Մահացած աստղերի եռյակի դիտարկումները հաստատել են, որ Էյնշտեյնի տեսությունը գործուն է նույնիսկ ուժեղ գրավիտացիոն դաշտերով գերխիտ օբյեկտների համար: Երեք նախկին աստղերի բարդ ուղեծրային պարը համապատասխանել է Ուժեղ համարժեքության սկզբունքի կանոնին, հայտնում է Sciencenews-ը:

Գիտնականները չափել են երկու սպիտակ թզուկ արբանյակ ունեցող (զույգը ուղեկցվում է եւս մեկ՝ ավելի հեռու գտնվող սպիտակ թզուկ աստղով) պուլսարի ազդանշանների ժամանակացույցը: Պուլսարը բարձր մագնիսացված, պտտվող նեյտրոնային աստղ է, այն էլեկտրամագնիսական ճառագայթման փունջ է առաքում, որը պարբերաբար անցնում է Երկիր մոլորակով:

«Էյնշտեյնն ասում է՝ էներգիան եւ զանգվածը նույնն են: Դա նշանակում է, որ գրավիտացիոն դաշտի հետ կապված էներգիան կարող է ընկնել ճիշտ այնպես, ինչպես զանգվածը: Եթե Ուժեղ համարժեքության սկզբունքը խախտվում է, ինտենսիվ գրավիտացիոն դաշտով օբյեկտն ընկնում է ոչ նույն արագությամբ, ինչ թույլ դաշտով օբյեկտը»,- ասել է Ամստերդամի համալսարանի աստղագետ Էնն Արչիբալդը՝ ներկայացնելով հետազոտության նախնական արդյունքները:

Գիտնականները, օգտագործելով Երկիր մոլորակ առաքվող պուլսարի ազդանշանների ժամանակացույցը, դրա ուղեծրի մասին եզրակացության են եկել, ըստ որի՝ պուլսարն ու սպիտակ թզուկ աստղը պետք է ունենան համապատասխան արագացումներ:

Շատ ֆիզիկոսներ կարծում են, որ Ուժեղ համարժեքության սկզբունքը ինչ-որ մակարդակներում կարող է խախտվել եւ նախկինի պես անհաջողություններ գրանցել: Այսպիսով՝ Հարաբերականության ընդհանուր տեսության հստակեցումների համար դուռը դեռ բաց է մնում, բայց գիտնականները կարծիք են հայտնել, որ այս նոր չափումները շատ ավելի լավն են նախորդներից եւ ներառում են տարբեր տեսություններ: