28 Հոկտեմբերի 2020թ. 10:30

Այն, ինչ սովորեցնում ենք մեր երեխաներին, արդեն 200 տարվա հնություն ունի. չինացի միլիարդատեր

Group ընկերության հիմնադիր, չինացի միլիարդատեր Ջեք Ման կարծում է, որ մինչեւ 2030թ. ռոբոտները կփոխարինեն շուրջ 800 մլն աշխատողի, եւ միայն կրթության որակի արմատական փոփոխության շնորհիվ նոր սերունդը կկարողանա մրցել մեքենաների հետ:
Ելույթ ունենալով դավոսյան ֆորումի շրջանակում՝ նա ասել է, որ ներկայում ամենակարեւոր մարտահրավերը կրթությունն է:
«Եթե մենք չփոխենք դասավանդման ներկայիս եղանակը, 30 տարի անց լուրջ խնդրի կառերեսվենք, քանի որ այն, ինչ սովորեցնում ենք մեր երեխաներին, արդեն 200 տարվա հնություն ունի: Գիտելիքի հարցում մեր երեխաները չեն կարող մրցել մեքենաների հետ. վերջիններս ավելի խելացի են»,- համոզված է Ջեք Ման:
Ուսուցիչները, ըստ նրա, պետք է դադարեն սաներին չոր գիտելիքներ տալ՝ դրանք փոխարինելով յուրահատուկ հմտություններով, որոնցում մեքենաները չեն հասնի մարդկանց:
«Արժեքներ, հավատ, անկախ մտածողություն, թիմային աշխատանք, սրտացավություն. սրանք են այն հմտությունները, որոնք գիտությունը չի կարող սովորեցնել: Երեխան պետք է զբաղվի սպորտով, երաժշտությամբ, նկարչությամբ եւ արվեստով: Բաներ կան, որ ռոբոտներն ավելի լավ են անում, ինչը մտածելու տեղիք է տալիս: Մենք պետք է տարբերվենք մեքենաներից»,- նշել է Alibaba-ի հիմնադիրը:
Ուշագրավ է, որ վաղ տարիքում, ապրելով չինական պրովինցիալ նահանգում, Ջեք Ման որոշել էր անգլերեն սովորել եւ պարբերաբար հեծանիվով մեկնում էր մոտակա հյուրանոց՝ զբոսաշրջիկների հետ անգլերենով հաղորդակցվելու համար: Իր խոսակցական հմտությունները կատարելագործելու նպատակով նա նաեւ հանդես էր գալիս անվճար զբոսավարի դերում՝ ծանոթացնելով զբոսաշրջիկներին իր քաղաքի հետ: