28 Նոյեմբերի 2023թ. 14:33

Կադրային և գիտահետազոտական աշխատանքների ծավալի կրճատումներ. ֆինանսավորման կրճատման հետևանքները գիտությունում

Ընթացիկ տարում պետբյուջեից գիտությանը հատկացվող ֆինանսավորումը կրճատվել է 7 տոկոսով։ Հայաստանում գիտության ֆինանսավորումն առանց այդ էլ սուղ էր։ Միջազգայնորեն ընդունված է, որ գիտության զարգացման համար ֆինանսավորումը պետք է կազմի երկրի ՀՆԱ-ի առնվազն 1 տոկոսը։ Հայաստանում գիտության ֆինանսավորումն անհրաժեշտ նվազագույն գումարից պակաս էր 4 անգամ, այդուհանդերձ դա էլ է կրճատվել։

Գիտնականներն արդեն իսկ ահազանգում են կրճատումների մասին՝ մտահոգվելով, որ երիտասարդներին գիտություն բերելու ուղղությամբ տարիներ շարունակ գործադրված ջանքերը ջուրն են նետվում, քանի որ պարտադրված կրճատումները մեծ մասամբ վերաբերում են տարեցներին ու երիտասարդներին։

Գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանը ևս մտահոգություն է հայտնում, որ ֆինանսավորման կրճատումները կարող են երիտասարդներին վնասել։ Ասում է, որ դա թերևս ֆինանսավորման կրճատման ամենաբացասական դրսոևորումն է։ Նա նաև նշում է, որ ինստիտուտների ղեկավարներն ընտրության հնարավորություն ունեն, թե ինստիտուտի որ ոլորտի ծախսերում խնայողություններ անեն։

Մարդոյանը նշում է, որ ֆինանսավորման կրճատումը նաև երկրորդ կողմ ունի. ինստիտուտները կփորձեն արտաբյուջետային միջոցներ ստանալ, ինչպես նաև օպտիմալացում կիրականացվի։

«Ներկայումս գիտական ինստիտուտները զբաղեցնում են իրենց տարածքի շուրջ 20 տոկոսը, քանի որ խորհրդային տարիներին կառուցված շենքերն ավելի մեծ թվով գիտաշխատողների համար են նախատեսված եղել։ Այս պայմաններում ինստիտուտների տարածքների օպտիմալացման և նմանատիպ ինստիտուտների միավորման խնդիր է առաջանում»,- ասում է Մարդոյանը՝ հավելելով, որ արդեն իսկ մտածում են այդ ուղղությամբ։

ԳՊԿ ներկայացուցիչը նաև ակնկալում է, որ հետագայում ինստիտուտների ֆինանսավորումը կիրականացվի ըստ արդյունավետության ցուցանիշների՝ տարբերակված կարգով. բարձր արդյունավետություն ունեցողներն ավելի շատ գումար կստանան, և կախված արդյունքներից՝ կլինեն նաև ինստիտուտներ, որոնց փակման հարցը կքննարկվի։

Մարդոյանի կարծիքով՝ չնայած ֆինանսավորման կրճատմանը՝ մեր երկրի գիտական ցուցանիշները դժվար թե նվազեն, քանի որ շարունակվելու են արդյունավետ գիտաշխատողների խրախուսման ծրագրերը։

«Անկախը» հարցախույզ է անցկացրել մի շարք գիտահետազոտական ինստիտուտներում՝ պարզելու, թե ինչպես են առաջիկա տարում գործելու նվազեցված ֆինանսավորման պայմաններում, ինչ հետևանքներ են արդեն դրսևորվել և ակնկալվում։

ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանի խոսքով՝ ֆինանսների կրճատումը զգալի է, մանավանդ որ ինստիտուտի բյուջեում ավելորդ գումարներ չեն եղել։ «Ստիպված էինք ինչ-որ կրճատումներ անել, ինչը, իհարկե, էլի խնդիրը լիովին չի լուծում: Եթե ուզում ենք գիտությունը երիտասարդացնել, ապա միայն կրճատումներով չի կարելի առաջնորդվել»,- ասում է նա՝ հավելելով, որ կադրային կրճատումները շրջանցել են երիտասարդ մասնագետներին:

Այվազյանն ասում է, որ նախկինում էլ տարեց և քիչ աշխատունակ կադրերի կրճատումներ իրականացրել է, սակայն կրճատվածների փոխարեն երիտասարդ մասնագետների է ընդունել, մինչդեռ այժմ կրճատվածների փոխարեն նոր մասնագետների ընդունել չի կարող։

Այվազյանը մտահոգված է, որ ինստիտուտի արդյունավետությունը կարող է տուժել ոչ միայն կրճատված մասնագետների, այլև մյուս ոլորտների խնայողությունների պատճառով։ «7 տոկոսը միայն կադրային փոփոխություններով չի սահմանափակվել: Այդքանով պակասել են նաև այլ ծախսերը, և դա էապես է խփում ինստիտուտի արդյունավետությանը: Եթե կարող ես համեմատաբար փոքր կազմով, բայց ակտիվ աշխատանքով արդյունքի հասնել, ապա նյութերի պակասն արդեն խիստ կազդի աշխատանքի վրա»,- ասում է Այվազյանը՝ հավելելով, որ ստեղծված պայմաններում չեն կարողանա աշխատանքային պլանով նախատեսված բոլոր անհրաժեշտ նյութերը ձեռք բերել։

Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանն էլ «Անկախի» հետ զրույցում ասում է, որ կրճատումներից խուսափել չեն կարողացել, սակայն այնպիսի չափանիշներ են մշակել, որ կադրային կրճատման բացասական ազդեցությունն ինստիտուտի գործունեության և արդյունավետության վրա նվազագույն լինի։ Կրճատել են 70-անց մասնագետներին՝ շրջանցելով բարձր ցուցանիշներ ապահովողներին և ասպիրանտներ ունեցողներին։

«Ցավում եմ, որ կրճատման խնդիր ենք ունեցել: Բայց առավել մեծ խնդիր է, որ մեր երիտասարդները ստանում են շատ ցածր՝ նվազագույն աշխատավարձ: Մենք միշտ փորձել ենք այնպես անել, որ կարողանանք երիտասարդներին պահել ինստիտուտում և ավելացված գումարները միշտ այդ ուղղությամբ ենք հատկացրել: Սակայն այժմ ֆինանսների կրճատման հետևանքով այլևս պահուստային միջոցներ չունենք, որ կարողանանք երիտասարդներին խրախուսել ու պահել մեզ մոտ»,- ասում է Կարապետյանը:

Նա հիշեցնում է, որ գիտնականների միջին տարիքը հետզհետե աճում է ու երիտասարդների պատրաստման խնդիրը հրատապ է. «Պետք է կարողանանք այնպես անել, որ իրենց ապագան կապեն գիտության հետ: Առկա ֆինանսավորման պայմաններում դա հնարավոր չէ»։

Կարապետյանը որպես խնդիր մատնանշում է նաև նյութատեխնիկական բազայի թարմացումը։ Ասում է, որ անգամ չկրճատված ֆինանսավորմամբ որևէ սարք ձեռք բերելը խնդիր էր, հիմա՝ առավել ևս։

Մ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կնյազյանը ևս նշում է, որ ֆինանսավորման կրճատումը հանգեցնելու է ծախսերի, հետազոտությունների ծավալի, աշխատակիցների թվի, ձեռքբերվող նյութերի կրճատման։ «Կադրային կրճատումներն անխուսափելի են, տարեցների կրճատումներ են եղել։ Երիտասարդների չեմ կրճատել, սակայն նման գումարով երիտասարդները գիտություն չեն գա,- ասում է Կնյազյանը:- Առկա ֆինանսավորմամբ չենք կարողանա նաև նոր սարքավորումներ ձեռք բերել»։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն էլ ասում է, որ ֆինանսավորման կրճատման հետևանքներն իրենց ինստիտուտում դեռևս չեն դրսևորվել, սակայն ակնհայտ է, որ բացասական դրսոևորումներն անխուսափելի կլինեն։ Այժմ ավելի քիչ ծավալով դաշտային հետազոտական աշխատանքներ, պեղումներ կիրականացնեն, պեղված իրերի ուսումնասիրության, մշակման և հանրահռչակման աշխատանքները ևս կսահմանափակվեն. «Պատմամշակութային ժառանգության համակողմանի ուսումնասիրության հնարավորությունները կրճատվել են»։

Ավետիսյանը նշում է, որ այսուհետ չեն կարողանա նաև ժամանակավոր աշխատողներ ընդունել։ «Մենք նաև ժամանակավոր աշխատողներ ենք ընդունում` ըստ կարիքների։ Հիմա ստիպված կլինեմ այլևս չընդունել: Օրինակ՝ երկրաբանի կամ այս կամ այն անալիզն իրականացնող մասնագետի հետ պայմանագիր կնքելու համար այլևս գումարներ չենք ունենա»,- ասում է նա՝ հավելելով, որ այդ աշխատանքները, ի վերջո, կարվեն, սակայն ընթացիկ տարում իրականացնելու փոխարեն հիմա կհերթագրեն` թողնելով հետագա տարիներին:

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը նշում է, որ սուղ ֆինանսական միջոցների պատճառով կնվազի նաև ինստիտուտի գիտաշխատողների շարժունությունը, մինչդեռ դա համաշխարհային գիտության մաս կազմելու համար կարևոր նախապայման է։ Նախկինում հնարավորության սահմաններում աջակցել են գիտաշխատողներին՝ հատկացնելով միջազգային հեղինակավոր գիտաժողովներին մասնակցելու համար պակասող գումարը։ Այսուհետ, սակայն, նման բան այլևս չեն կարողանա անել։

Ֆինանսավորման կրճատման բացասական հետևանքները չեզոքացնելու համար, ըստ Ավետիսյանի, ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ են հարկավոր, սակայն տարին դեռ նոր է սկսվել և հայտնի չէ, թե ինչ գրանտային ծրագրեր կկարողանան շահել կամ ֆինանսավորման ինչ աղբյուրներ կկարողանան գտնել։ «Եթե կարողանանք այլ գումարներ գտնել, իհարկե, նորից կվերականգնենք աշխատանքի ծավալները, բայց նոր ֆինանսական հոսքերի ապահովման ուղիներ դեռ չեմ տեսնում»,- ասում է նա:

Հայկուհի Բարսեղյան

Աղբյուրը` ankakh.am