27 Հոկտեմբերի 2020թ. 19:43

FAST-ը «Հրեշտակների ցանց» է հիմնել

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նախաձեռնությամբ գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում ներդրողների ոչ ֆորմալ ցանց (Science and Technology Angels Network — STAN) է ստեղծվել:

Լրագրողների հետ հանդիպմանը «Հրեշտակների ցանցը» հայտարարել է իր աշխատանքների մեկնարկի մասին: Նախաձեռնության շուրջ համախմբվել են հայազգի 18 ներդրողներ եւ ձեռնարկատերեր Հայաստանից եւ արտերկրից, որոնք ոչ միայն ֆինանսական միջոցներ կհատկացնեն հայաստանյան ստարտափերին, այլեւ կցուցաբերեն խորհրդատվական օժանդակություն, հանդես կգան որպես մենթորներ եւ կուղղորդեն անհրաժեշտ կապերի հաստատման հարցում:

«Մենք սովորական «հրեշտակներ» չենք: «Բիզնես հրեշտակներն» իրենց ներդրումներն անում են ընկերության վաղ զարգացման փուլերում, երբ ձեռնարկատերն արդեն սկսել է իրականացնել իր գաղափարը եւ եկել է պահը, երբ հավելյալ ֆինանսավորման կարիք կա: Մենք շեշտադրումը ոչ թե քանակի, այլ որակի վրա ենք անելու, առաջին հերթին ուշադրություն կդարձնենք գիտատեխնիկական հիմքին եւ զարգացման հեռանկարների առկայությանը՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ գլոբալ աշխարհում: Մենք ոչ միայն գումարներ ենք տալու, այլեւ մեր ժամանակը, գիտելիքները, փորձը»,- ասել է Ներդրողների ոչ ֆորմալ ցանցի համանախագահ Ռուբեն Հարությունյանը:

Ցանցի գործունեության առաջին չորս տարվա համար տարեկան նվազագույն ներդրումը ցանցի յուրաքանչյուր անդամի համար կազմում է $10 000, հինգերորդ տարուց սկսած՝ $20 000:

Աղբյուրը՝ banks.am/am/news/newsfeed/15039