17 Հոկտեմբերի 2021թ. 12:58

Ստեփանակերտում տեղի է ունեցել «Դադիվանք. վերածնված հրաշալիք» գրքի շնորհանդեսը

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի ցուցասրահում «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել «Դադիվանք. վերածնված հրաշալիք» եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) գրքի շնորհանդեսը՝ համահեղինակությամբ՝ Արա Զարյանի, Քրիստին Լամուրեի, Կարեն Մաթևոսյանի և Ավետ Ավետիսյանի:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանն իր օրհնանքի խոսքն է հղել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

«Մենք ողջունում ենք «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված գրքի հրատարակությունը, ուր ներկայացված է Դադիվանքի որմնանկարների հանգամանալից ուսումնասիրությունն ու մասնագիտական վերլուծությունը: Թող Աստված խաղաղության մեջ պահի Հայաստան աշխարհը՝ Արցախ երկրամասով ու նրա խնկաբույր եկեղեցիներով, որոնք իրենց արժանի տեղն են գրավում նաև համաշխարհային մշակույթի գանձարանում»,-մասնավորապես ասել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը ևս ողջունել է հիմնադրամի կողմից կազմակերպված նման նախաձեռնությունը:

«Այս գրքի շնորհանդեսով Արցախում սկիզբ է դրվում հիմնադրամի կողմից մի շարք մշակութային այլ ծրագրերի իրականացումներ ևս»,- ըստ էության նշել է նախարարը:

«Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի ղեկավար Գայանե Գեորգյանն էլ ասել է, որ իրենց հիմնադրամն ստեղծվել է հանրությանը հիշեցնելու բնական աղետների, քաղաքական, պատերազմական և այլ ցնցումների հանդեպ զգայուն համամարդկային մշակույթի՝ հուշարձանների պահպանության և ուսումնասիրության կարևորության մասին։

«Այս պայմաններում հատուկ կարևորություն է ստանում Դադիվանքի վերածնունդը, մի հուշարձան, որը, լինելով համաքրիստոնեական ժառանգության անքակտելի մասնիկը, ցավալի հանգամանքների բերումով տասնամյակներ շարունակ մատնված է եղել մոռացության։ Այս հուշարձանի վերածնման առաջին քայլերն արդեն արված են. դեռևս մի քանի տարի առաջ չգործող և կիսավեր այս վանքը ձգողականության կենտրոնի է վերածվել: Ով ցանկանում է բացահայտել վանքի խրոխտ ճարտարապետությունը և տեսնել մի ժամանակ մրի շերտով ծածկված, իսկ այժմ վերականգնված Արցախի խորհրդավոր որմնանկարը՝ հայ արվեստի համար հազվագյուտ Սբ. Նիկողայոս Սքանչելագործի պատկերով, շտապում է Դադիվանք։ Նման յուրահատուկ պատկերագրությամբ որմնանկարի ստեղծման պատճառները բացահայտելու ցանկությունն է, որ մեզ հանգեցրեց այս գրքի ստեղծման մտքին և մի ծրագրի մշակմանը, որը նպատակ ունի համաշխարհային հանրության համար վերհանելու այն գաղտնիքները, որոնք միաձուլված են Դադիվանքի դարավոր պատմությանը։ Գրքի պատրաստման համար մենք դիմել ենք պատմության, արվեստի, աստվածաբանության և որմնանկարների վերականգնման ոլորտների առաջատար մասնագետների: Արդյունքում ստեղծել ենք մի աշխատություն, որը լի է հետաքրքիր փաստերով և անսպասելի գիտական բացահայտումներով»,-մանրամասնել է հիմնադրամի ղեկավարը:

Գրքի համահեղինակներից Արա Զարյանը և Քրիստին Լամուրեն սլայդների միջոցով ներկայացրել են այն աշխատանքները, որոնք իրենք իրականացրել են Դադիվանքում:

«2014 թվականին Դադիվանքի Ս. Աստվածածին Կաթողիկե եկեղեցում առաջին հանդիպումը շատ մտահոգիչ եղավ, քանզի ներքին հարավային և հյուսիսային պատերին առկա որմնանկարների պահպանվածության վիճակն անմխիթար էր: Մեզ ուղեկցող անձնակազմը չկարողացավ ներկայացնել որմնանկարների պատկերագրությունը, թեմատիկան ու դրանց իրականացման տարեթիվը: Բարեբախտաբար, այսօր, ուսումնասիրելով ու վերականգնած լինելով Դադիվանքի Ս. Աստվածածին Կաթողիկե եկեղեցու որմնանկարները, կարող ենք վստահորեն ասել, որ դրանք հայ արվեստի ստեղծագործ, անհատական մոտեցման յուրահատուկ արտահայտություններ են, որ հարստացնում են հասուն միջնադարի հայ արվեստի ստեղծագործ միտքն Արցախում»,-ասել է Ա. Զարյանը:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԱՀ ԱԺ պատգամավորներ, «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի անդամներ,  «Դադիվանք. վերածնված հրաշալիք» գրքի  հեղինակներ՝ Կարեն Մաթևոսյանը, Ավետ Ավետիսյանը,  հոգևորականներ, հյուրեր, արվեստասեր հասարակություն և այլք:

Աղբյուրը` artsakhpress.am