Asekose.am-ի հաղորդմամբ, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիա և օգտակար հանածոների ամբիոնի վարիչ, դոցենտ Շահեն Խաչատրյանն այսօր՝ փետրվարի 17-ին, ահազանգում է Ախթալա գետ լցվող «Ախթալա ԼՀԿ»-ի պոչանքի մասին: Փորձեցինք մանրամասներ ճշտել Շահեն Խաչատրյանից, ով մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում նշեց, որ պատահաբար է ականատես եղել այս իրավիճակին:
«Տեսնյութը նկարահանել եմ հենց նոր: Թափվում է Ախթալա գետ, այստեղից էլ գնում, լցվում է Դեբեդ գետ, որը շատ հեռու չէ: Պոչանքն անմիջապես գործարանից բաց է թողնվում Ախթալա գետը: Ես պատահական եմ տեսել, նկարել եմ»,- ասաց նա: Նշենք, որ օրերս ևս հրապարակվել էր տեսանյութ, որտեղ ակնհայտ երևում էր Դեբեդ լցվող նյութը:
Տեսանյութի առնչությամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը պարզաբանել էր՝ «Բազմիցս հայտարարվել է, որ 2018թ հունվարի 16-ից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգում է իրականացնում «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ում ահազանգերի հիման վրա ենթադրյալ բնապահպանական իրավախախտումներ բացահայտելու նպատակով, ստուգման արդյունքները գտնվում են ամփոփման փուլում, որի ավարտից հետո կտրվի հաղորդագրություն ստուգման արդյունքերի մասին»:
Վրույր Պեպանյանը գրել է. «Պոչամբարից խյուս, պոչանք վթարի պատճառները վերացնելուց հետո այլևս չի թափվում Դեբեդ գետը, այլ թափվում են մեխանիկական մաքրում անցած պարզաջրերը»: