4 Դեկտեմբերի 2020թ. 3:18

Սերոբ Խաչատրյան. Կրթական համակարգում ուղղահայաց զարգացում է պետք

1999-2005 թվականներին դրվեցին Հայաստանի կրթական նոր համակարգի հիմքերը։ Ներդրվեց դպրոցների ֆինանսավորման և կառավարման նոր համակարգը, փորձարկվեցին ուսուցիչների վերապատրաստման նոր մոդելները, մշակվեց կրթության բովանդակության հիմնական փաստաթուղթը՝ Կրթակարգը, իրականացվեց դպրոցների օպտիմալացումը, գրեթե ամեն տարի բարձրանում էր ուսուցչի աշխատավարձը։

Կար ոգևորություն, հույս, սպասում։ Պաշտոնյաներն էլ խոստացել էին, որ, երբ բարեփոխված դպրոցի առաջին դասարան ընդունված աշակերտներն ավարտեն դպրոցը, մենք կունենանք որակապես այլ մակարդակի կրթություն։ 2006 թվականին Հայաստանը ձեռնամուխ եղավ կրթության տեսլական մշակելու կարևորագույն գործընթացին։ Հենց այդ փաստաթուղթը պետք է լիներ հանրակրթության համակարգը նոր բարձունքի տանելու հիմքը։

Տեսլականը պետք է ներառվեր Կրթության զարգացման 2007-2015 թվականների պետական ծրագրում։ Սակայն այս փաստաթղթի ընդունումը ձգձգվեց, քանի որ չհաջողվեց որոշակի հանրային համաձայնության գալ։ Իսկ 2008 թվականի նախագահական ընտրությունների նախօրյակին և ընտրություններից հետո այս փաստաթուղթն ընդհանրապես մոռացության մատնվեց։ Ի վերջո, այդ փաստաթուղթն ուժի մեջ մտավ միայն 2011 թվականին, երբ դրանում ամրագրված շատ դրույթներ այլևս ժամանակավրեպ էին։

Օրինակ՝ գերազանցության կենտրոնների ստեղծման մասին դրույթը, որը մասնագիտական շրջանակներում արդեն փոխարինվել էր «գերազանցության համակարգ» դրույթով։ Շուրջ 6 տարի (2006-2011) Հայաստանի դպրոցական կրթության համակարգում վակուում առաջացավ, ինչն անթույլատրելի էր բարեփոխումների վերելքի փուլում։ Այդ դատարկության բացասական հետևանքներից մեկն այն եղավ, որ բազմաթիվ բարեփոխումներ չհասցվեցին նպատակակետին։ Ավելին, բարեփոխումների արդյունքում ներդրված մոտեցումներն աղավաղվեցին, ու կոռուպցիոն նոր ռիսկեր առաջ եկան։ Այսօր այդ արատավոր դրսևորումները բյուրեղացել են, սերտաճել են մեր կառավարման մշակույթի հետ։

Դրանցից մեկի մասին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը խոսեց մամուլի վերջին ասուլիսի ժամանակ։ Խոսքը դպրոցների կառավարման խորհուրդների մասին է։

Նախարարը նշեց, որ հնարավոր է՝ այդ խորհուրդներն առաջիկայում խոշորացվեն, և մեկ խորհուրդը կառավարի մի քանի դպրոց։ Իմ կարծիքով՝ այս մեխանիզմով խնդիրը չի լուծվի։ Իրական խնդիրն այն է, որ Հայաստանի կառավարման համակարգը խորհուրդներին ինքնուրույն լինելու հնարավորություն չի տալիս։ Դպրոցների տնօրենների գրեթե բոլոր ընտրություններին միջամտում են բարձրաստիճան պաշտոնյաները՝ չթողնելով խորհրդի անդամներին քվեարկել խղճի մտոք։

Իմ պատկերացմամբ, այս հարցի լուծումը հնարավոր է միայն Հայաստանի կառավարման մոդելի փոփոխության դեպքում։ Ակնհայտ է, որ Հայաստանը ցեղային մոտեցմամբ կառավարվող երկիր է։ Այս մոտեցման առանձնահատկությունն այն է, որ երկրում ձևավորվում է կառավարող խումբ, որի անդամները միմյանց միջև բաժանում են ռեսուրսները, պաշտոնները։ Ցանկացած որոշում կայացվում է խմբի ազդեցիկ մարդկանց ուղղորդմամբ, և ցանկացած ինքնուրույն քայլի համար հաշիվ է պահանջվում։

Խնդիրն այն է, որ ցեղային կառավարման մոդելն անհամատեղելի է 21-րդ դարում կրթությանը ներկայացվող պահանջների հետ։ Ցեղային մոդելում որակյալ կրթությունը հասանելի է ոմանց, բայց ոչ երբեք՝ բոլորին։ Ցեղային մոդելում անխուսափելի է կրթության բևեռացումը։ Ցեղային մոդելում ներառական կրթությունը չի կարող արդյունավետ գործել։ Մի խոսքով, այս մոդելն աղավաղում է կրթության համակարգի բնականոն գործունեությունը։ Հենց ցեղային մոդելն է հնարավոր դարձնում, որպեսզի մարդիկ վճարեն չսովորելու համար, չարաշահեն պաշտոնական դիրքն ու չպատժվեն, առանց սովորելու՝ թվանշան ստանան, ցեղի անդամ դառնալու դիմաց պաշտոն ստանան, կամ պաշտոն ստանան միայն այն բանից հետո, երբ համաձայնեն ցեղի անդամ դառնալ։

Մարդն ի բնե ցեղային էակ է։ Մարդիկ սովոր են ապրել խմբերով, կլաններով։ Բայց որոշ հասարակարգեր ջանքեր գործադրեցին, կարողացան կլանները փոխարինել օրենքներով առաջնորդվող սոցիալական ինստիտուտներով, տնտեսությունը զարգացրեցին շուկայական օրենքներով, քաղաքական համակարգը՝ արդար ընտրություններով, գիտելիքը՝ գիտության միջոցով։ Դա նրանց հնարավորություն տվեց հասնելու բարեկեցության բարձր աստիճանի։ Հայաստանում այդ անցումը դեռևս չկա։ Որքան էլ մենք ընդունենք առաջադեմ օրենքներ, մեր ապրելակերպը, որոշումներ կայացնելու մշակույթը շարունակում են մնալ ցեղային։

Եթե ուզում ենք ունենալ բարեկեցիկ հասարակարգ, ապա պետք է ջանքեր գործադրենք ցեղային ապրելակերպից վեր բարձրանալու ուղղությամբ։ Ժողովրդավարական եղանակով դպրոցի տնօրեն ընտրելու մեխանիզմը չի կարող աշխատել ցեղային հասարակությունում։ Փոխեք տնօրենի ընտրության գործող կարգը, և ցեղային համակարգը կգտնի փոփոխված կարգն իր շահերին համապատասխանեցնելու ձևը։

Մեր կրթական համակարգի զարգացումն այսօր մեծապես կախված է երկրի կառավարման մոդելի արդիականացումից։ Ընդ որում, մեզ ուղղահայաց ճեղքում է անհրաժեշտ, ոչ թե՝ նորանոր օրենքներ ու նորմատիվային փաստաթղթեր ընդունելու էքստենսիվ լուծումներ։

Աղբյուրը` 168.am