5 Դեկտեմբերի 2020թ. 21:30

Պարույր Սևակ. Գարնանային…

Գարո՜ւն է…
Փողոցով անցնում ես ակամա ժպտալով,
Ժպտալով ալիքվող մայթերին,
Շենքերին, որ իրենց վարդագույն տուֆ քարով
Թվում են քեզ այսօր անթերի:
Ուզում ես մոտենալ, մի բարի խոսք ասել
Գլանակ վաճառող ծերուկին,
Քեզ դիմող կոլխոզնիկ քեռու հետ սկսել
Մի զրույց սրտառուչ-սրտագին:
Թվում է՝ ծանոթ են անծանոթ այս կանայք,
Մտերիմ՝ աղջիկներն այս ջահել.
Թվում է՝ բոլո՜րն էլ քեզ պիտի հասկանան
Եվ նույնիսկ… կարող են քեզ սիրե՜լ…
Գարուն է…
1951թ.