17 Հոկտեմբերի 2021թ. 10:30

ՀՀ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՔԱՐՏԵԶԸ 

Արտահանման ինտերակտիվ քարտեզի ձևավորման հիմնական նպատակը ՀՀ արտահանման գնահատումն է, արտահանման աճի իրական հնարավորությունների բացահայտումը, ՀՀ մրցունակության աճի ուղղությունների վերլուծությունը: Արտահանման ինտերակտիվ քարտեզը հնարավորություն է տալիս ուսումնասիրել արտահանման իրական վիճակը, զարգացման և բազմազանեցման ուղղությունները:

Առևտրաշրջանառության գնահատման և կանխատեսման արդյունքներն ինտերակտիվ քարտեզի միջոցով կարող են կիրառվել.

— ՀՀ ինտեգրացիոն գործընթացները հետազոտելու համար,

— արտաքին առևտրային քաղաքականության վերլուծության համար,

— արտահանման ներուժը գնահատելու և մեծացնելու ժամանակ,

— արտահանման նոր ու ռազմավարական ճյուղերը բացահայտելու համար:

Տվյալ աշխատանքը կարող է օգտակար լինել կառավարությանը, բանկային ոլորտին, գործարարներին և ներդրողներին:

Նշենք, որ արտահանմանն ուղղված քաղաքականության ճշգրտումը և արդիականացումն առաջնահերթ հիմնախնդիր են: ՀՀ կառավարութան 100 օր փաստաթղթում «Արտահանում» բաժնում ընդգծվում է, որ Հայաստանը, հանդիսանալով փոքր ներքին շուկայով երկիր և ունենալով մասշտաբի էֆեկտի բացակայություն, պետք է զարգացման մոդելը կառուցի արտահանմամբ պայմանավորված տնտեսական աճի վրա: Այդպիսի աճն է արտահայտում տնտեսության արդյունավետ բազմազանեցումը և ապահովում երկրի մրցունակության բարձրացումը:

Հայաստանի Հանրապետությունում առկա է արտահանման բազմազանեցման, աճի և համաշխարհային շուկայում իր դիրքը գտնելու խնդիր: ՀՀ կառավարության կողմից դրված է արտահանում / ՀՆԱ հարաբերակցության աճի նպատակ, որը կբարելավի առևտրային հաշվեկշռի վիճակը և կբարձրացնի ՀՀ մրցունակությունը: Այդ նպատակին հասնելու համար ինտերակտիվ քարտեզը հնարավորություն է տալիս ակնառու ներկայացնել առևտրային հաշվեկշռի ոչ միայն ներկա վիճակը և դինամիկան, այլ նաև կատարել կանխատեսումներ: Նշենք, որ կանխատեսումները հնարավոր է իրականացնել և ներկայացնել ինտերակտիվ քարտեզի միջոցով տարբեր սցենարների պարագայում:

Մեր մշակած ինտերակտիվ քարտեզը կարելի է կառուցել ապրանքանիշերի արտահանման երկնիշ, քառանիշ և վեցանիշ համակարգով յուրաքանչյուր ապրանքային խմբի կամ պետության համար:

Ձևավորված ինտերակտիվ քարտեզի միջոցով գնահատվել է արտահանման կառուցվածքն ըստ երկրների և ապրանքատեսակների, կատարվել են արտահանման կանխատեսումներ, ներկայացվել է արտաքին առևտրի դինամիկան: Աշխատանքը հնարավորություն կտա համակարգված ձևով գնահատելու տնտեսական աճի հնարավորությունները և արտահանման ներուժը տարբեր ուղղություններով:

Ինտերակտիվ քարտեզն արտացոլում է Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառության շարժն ըստ տարածաշրջանների, ապրանքների և ժամանակի: Կատարված է արտահանման յուրաքանչյուր ուղղությամբ կանխատեսում մինչև 2020թ.: Ներկայացված է արտաքին առևտրի շարժը դեպի ՀՀ հիմնական առևտրաշրջանառության գործընկերներ` Ռուսաստանի Դաշնություն, Եվրամիություն, Չինաստան և Միջին Արևելք:

Աղ.Ա. Թավադյան,տ.գ.թ.

Աղբյուրը` https://www.youtube.com/watch?time_continue=535&v=iJUv_r05S4c