4 Դեկտեմբերի 2020թ. 2:10

ՌԱՖՈ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԱՐԱՐԱՏԻ ՏԱՃԱՐԸ…

Արարատի տաճարը, որ ժողովրդի մեջ ավելի տարածված է որպես «Չարենցի կամար», քանի որ կամարի շուրջը` ֆասադին փորագրված են չարենցյան սքանչելի տողերը Արարատի մասին, կառուցվել է 1957 թվականին:

Էսքիզներից մեկի աջ անկյունում նա գրել էր. «Տաճար Մասիսին», բայց այն ժամանակ ոչ մեկը չէր համարձակվի անգամ բարձրաձայնել այդ անվանումը: Սակայն սա, հիրավի, արտահայտում է Իսրայելյանի վերաբերմունքը` բառացիորեն պաշտամունքը Արարատ լեռան նկատմամբ:

Ի դեպ, մշակութաբանության և բանագիտության տեսանկյունից արտակարգ հետաքրքրական երևույթներ ու ստեղծագործություններ են կապված այս շինության հետ.

1. ժողովրդի մեջ տարածվել է, որ Եղիշե Չարենցին այստեղ են գնդակահարել և թաղել:

2. Եղիշե Չարենցը շատ էր սիրում հենց այս վայրը և  կառքով այստեղ էր գալիս ու խնջույքներ կազմակերպում:

Կամարի մտահղացման իրական պատմության մասին գրում է Ջիմ Թորոսյանը. «…Սակայն Ռ. Իսրայելյանի բոլոր աշխատանքները յուրօրինակ են, բազմազան ու կատարյալ, հատկապես փոքր ճարտարապետական ձևերը: Նրա նախագծած բազմաթիվ աղբյուր-հոըշարձանները (և պատերազմի մասնակիցներին նվիրված, և քաղաքի մուտքը-ելքը խորհրդանշող, և հատուկ բնույթի` Չարենցի կամարի նման) կարող էր իրականացնել միայն ինքը, գաղափարներն էլ իրենն էին: Օրինակ, կամարի գաղափարը ծագել էր Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհի շինարարության ժամանակ, երբ, իր խոսքերով, «դոստ» լինելով ճանապարհաշինարարների հետ, գնացել էր նրանց հետ շինհրապարակ, բարձրացել բլրի վրա, և զարմանալով ու հիանալով այնտեղից բացված տեսարանով, որոշել այստեղ «Մասիսի տաճար» կառուցել: Այս կառույցում, ինչպես և մյուսներում, երևում էՌ. Իսրայելյանիսերը դեպի խոսքը, գիրը` էպիգրաֆիկան ճարտարապետության մեջ: Արձանագրությունները` որպես ճարտարապետական արտահայտչամիջոց օգտագործելու ձգտումը մեր մեծ ուսուցչից անցավ շատերիս, մասնավորապես` ինձ: Այդ մասին նաև նրա ընկերը` Արամ Ղանալանյանն է վկայում. « Իսրայելյանը շատ էր սիրում իմաստավորված արձանագրություններ քանդակել իր ստեղծագործությունների համապատասխան տեղերում»:

Կամարը կառուցվել է Ողջաբերդ գյուղի մատույցներում, բլրի գագաթին: Դեպի բլրի գագաթը, ուր տեղադրված է տաճարը, տանում են մի քանի թռիչքով աստիճաններ, որոնք հաղթահարելով միայն օրվա բոլոր ժամերին դիտողի հայացքի առաջ «աճում» է Արարատ լեռը, ամբողջությամբ ներգծված կամարների բացվածքի մեջ: Իսրայելյանին հատուկ կառույցների բնության հետ զուգորդելը, ներդաշնակելը և փոխլրացնելը, այն է՝ օրգանական ճարտարապետական մոտեցումը, այս ճարտարապետական փոքր ձևի մեջ արտահայտված է առավել ընդգծված և ցայտուն: Իսրայելյանն օգտագործել է «կինեմատոգրաֆիական» հնարք դիտողի դեպի կամարը բարձրանալուն զուգահեռ՝ տարբեր դիտման կետերից բացելով հորինվածքային տարբեր կերպարներ:

Կառույցին նայելիս թվում է թե կամարը առաջացել է հենց բլրի հետ, որպես մի հարթակ Արարատ լեռանը նայելու և նրա վեհությունը ամբողջապես գնահատելու համար: Իսրայելյանին հաջողվել է ահռելի լեռը ամփոփել փոքրամասշտաբ շինության մեջ:

Կամարը կառուցված է արտաքնապես բազալտից և ներքին երեսպատումը կատարված է նարնջագույն տուֆով: Կամարի հորինվածքը հատակագծում ուղղանկյում տեսք ունի՝ 10 x 5.5 մ, բարձրությունը 5 մ: Կառույցը եզրապակված է հիմնային ուղղանկյունից ավելի նեղ երկթեք կտուրով՝ հենված ատամնաշարով քիվի վրա, հյուսիսային և հարավային ճակատների վրա առկա են կամարակերպ բացվածքներ 3.5 մ շառավղով, կամարի արտաքին ուրվագծի երկայնքով, ինչպես նշվեց, փորագրված են հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի բանաստեղծության խոսքերը` Արարատ լեռան մասին՝ «…Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սարն եմ սիրում։»: Տաճարի կենտրոնում առկա է նստարան, որը զոհասեղանի խորհուրդ է կրում:

Մարտիրոս Սարյանը ոգեշնչված կառույցով, 1958 թվականին ստեղծել է հանրահայտ «Չարենցի կամարը» կտավը:

Արարատի տաճարը իրավամբ կարելի է դասել համաշխարհային ճարտարապետության մեջ չկրկնվող շինությունների ցանկին:

Աղբյուրը՝ rafaelisraelyan.com