Գևորգ Ավչյան.   Որքանո՞վ են Հայաստանում կրթական ծախսերն արդյունավետ՝ ոչ ոք չգիտի

 Հայաստանում կրթության ֆինանսական արդյունավետության գնահատական չկա, կրթական ծառայությունների մասնաբաժինը տարեցտարի նվազում է, և ընտանիքների բյուջեներում կրթությանը հատկացվող ծախսերը գնալով կրճատվում են, վերջին տարիներին՝ 2-3 անգամ:

Սրա մասին տեղեկանում ենք վերջերս Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի իրականացրած ուսումնասիրության արդյունքներից, որով փորձ է արվել գնահատել մեր երկրի կրթական ծախսերի արդյունավետությունը:

Պարզվում է, որ Հայաստանում նախադպրոցական կրթական համակարգի հետ կապված շատ լուրջ խնդիր կա, ավագ դպրոցն արդյունավետ չի գործում, բարձրագույն կրթության բնագավառում էլ ցուցանիշները մտահոգիչ են. վերջին 10 տարիների ընթացքում փակվել է յուրաքանչյուր երրորդ բուհը, իսկ ուսանողները կրճատվել են 30 տոկոսով:

Այս ամենի մասին «Անկախը» զրուցել է Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ:

Պարո՛ն Մանուկյան, ձեր ուսումնասիրությունն ի՞նչ նպատակով եք կատարել և ի՞նչ պարզեցիք առաջին հերթին:

— Մենք փորձել ենք գլոբալ մրցունակության համաթվերից, միջազգային լավագույն փորձից, ինչպես նաև ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կատարած հրապարակումներից ստացված տվյալներով, սկսած 2003 թվականից, դինամիկ շարքեր կառուցել ու հասկանալ կրթական ծախսերի արդյունավետությունը: Բայց ասեմ, որ հիմնականում վերջին 10 տարվա՝ 2008-2018 թվականների ամբողջ թվերը կան: Փորձել ենք դրա միջոցով կրթական ծառայությունների մրցունակության ու համակարգի հիմնախնդիրները փորփրել ու հասկանալ, թե ինչն է խնդիրը:

Առաջին բանը, որ միանգամից աչքի զարնեց, այն է, որ շատ փորձագետներ անընդհատ խոսում են ՀՆԱ-ի տոկոսային ծախսերի մասին: Ենթադրենք՝ կրթական ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 5 տոկոսը, բայց դրանից ֆինանսական արդյունավետություն չկա: Որևէ երկրում կարող է ՀՆԱ-ի 1,5 տոկոսն էլ բավարար լինել, մեկ ուրիշում հնարավոր է՝ ՀՆԱ-ի 7 տոկոսն էլ ուղղեն կրթության ծախսերին, բայց վերջնահաշվում դա կրթության որակի կամ կյանքի որակի վրա որևէ ազդեցություն չունենա: Այս մոտեցումն ենք ցանկացել առաջ տանել: Հիմա մենք ինտեգրալային ցուցանիշ ենք մշակել ու առաջարկելու ենք նաև կառավարությանն ու համապատասխան մարմիններին, որ այսուհետև կրթական ծախսերի հիմքում չդնենք ՀՆԱ-ի հետ կրթական ծախսերի հարաբերակցությունը, և եթե նույնիսկ դա դնենք, վերջնահաշվում ունենանք ծախսի ֆինանսական արդյունավետության գնահատականը:

Ի՞նչ պատկեր եք ստացել ձեր ուսումնասիրության շնորհիվ:

— Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չնայած Հայաստանում կրթական ծառայությունների ծավալն աճում է տարեկան շուրջ 5 տոկոսով, ծառայությունների ընդհանուր հատվածում կրթության մասնաբաժինը տարեցտարի նվազում է: Այսինքն՝ կրթական ծառայություններն առաջին հայացքից ոչ գրավիչ են դարձել: Գրավիչ չլինելն ամրապնդվում է նաև տնային տնտեսությունների հետազոտությամբ, որը վիճակագրական ծառայությունն է արել: Այդ հետազոտությունն էլ ցույց է տալիս, որ ընդհանրապես սպառողական ծախսերում կրթական ծառայություններին ուղղվում է տնային տնտեսությունների ծախսերի չնչին մասը և, 2004 թվականից սկսած, մոտ 3 անգամ անկում են ապրել: Եթե 2004 թվականին տնային տնտեսությունների ընդհանուր ծախսերի կառուցվածքում կրթական ծառայություններին ուղղվում էր ընտանիքի ընդհանուր ծախսերի 4,3 տոկոսը, ապա 2016-ին՝ միայն 1,5 տոկոսը:

Դա ի՞նչ է ցույց տալիս:

— Դա նշանակում է, որ կրթությունն ինքնին և կրթական ծախսերը՝ մասնավորապես, առաջնահերթ չեն: Այսինքն՝ եթե նախկինում ենթադրում էին, որ կրթությունը ներդրում է և այն բերելու է մեծ հավելյալ եկամուտներ, ապա այս անցած ժամանակաշրջանի կյանքի փորձը կարծես ամրապնդել է հակառակ տեսակետը: Տնային տնտեսություններն ավելի քիչ առաջնահերթություն են տալիս կրթական ծառայություններին: Ավելի պարզ ասած՝ նախկինում մարդիկ կարող էին գնալ, պարտք վերցնել, վարկ վերցնել, որ իրենք կամ իրենց երեխաները սովորեն, կրթություն ստանան՝ ենթադրելով, որ դրանով ինչ-որ ձևով հատույցն ապահովվելու է, բայց կարծես կյանքի փորձը դա չի ապացուցել: Ուստի ակնհայտ է, որ աստիճանաբար կրթությունը, որպես առաջնահերթություն, կորցնում է իր դիրքերը մեր տնային տնտեսությունների համար:

Մի քանի օրինակներ նշենք: Վերջին 10 տարվա ընթացքում բուհերի քանակը կրճատվել է շուրջ 1/3-ով, իսկ դրանցում սովորողների թվաքանակը՝ մոտ 30 տոկոսով: Հայաստանում, բուհերը, որպես կանոն, իրենց մրցակցային դիրքերը նախընտրում են բարելավել ոչ թե մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, այլ ընդունելության կանոններն ավելի պարզեցնելու, ուսումնական գործընթացում գիտելիքի ստուգման ընթացակարգերը ոչ ֆորմալ հեշտացնելու, դիմորդների ամենալայն, հաճախ նախնական պատրաստվածության խիստ անբավարար մակարդակ ունեցող շրջանակի համար մատուցվող ծառայությունները հասանելի դարձնելու եղանակով:

Փաստորեն բուհական համակարգում առկա լճացման դրսևորումները կայուն բնույթ են ստանում, խարխլվում են բուհ-աշխատաշուկա կապերը, ընկնում է կրթական ծառայությունների ներքին և արտաքին մրցունակության մակարդակը: Օրինակ՝ օտարերկրյա ուսանողների ընդհանուր մասնաբաժինը ՀՀ բուհերի ուսանողների ընդհանուր թվում չի գերազանցում 5 տոկոսը, ընդ որում օտարերկրյա ուսանողների ընդհանուր թվի ավելի քան 85 տոկոսը ապահովվում է միայն 4 երկրներից՝ Ռուսաստանից, Վրաստանից, Սիրիայից և Հնդկաստանից ժամանած ուսանողների հաշվին:

Երկրորդ կարևոր խնդիրը, իմ կարծիքով, վերաբերում է ավագ դպրոցներին: Մեր ուսումնասիրությունների արդյունքներով ակնհայտորեն երևում է, որ ներկայիս մոդելն ընդհանրապես անարդյունավետ է: Երբ ավագ դպրոցը ներդրվում էր, որպես նպատակ ներկայացվում էր, որ դրա շնորհիվ մասնավոր պարապմունքների ինստիտուտը, մեծ հաշվով, կվերանա և մասնագիտական կողմնորոշումն ավելի մեծ կլինի: Բայց հիմա կարող ենք ասել, որ 10-12-րդ դասարանները դարձել են ավելի ծախսատար՝ մոտ 2,5 անգամ, և կրթական ծախսերի մոտ 58 տոկոսը հենց բաժին է հասնում մասնավոր պարապմունքներին: Այսինքն՝ մասնավոր պարապմունքների պահանջարկը մնում է, դպրոցի արդյունավետությունը ցածր է: Ուստի տարեցտարի նվազում է ավագ դպրոցներում աշակերտների ընդգրկվածությունը. եթե 2014 թ. աշակերտների 72 տոկոսն էր ընդգրկվում ավագ դպրոցներում, ապա 2016 թ.՝ 65 տոկոսը միայն:

Իսկ հնարավոր չէ՞, որ կրթական ծախսերը նվազած լինեն կրթական ծառայությունների գների իջեցման հաշվին:

— Ճիշտն ասած, մենք այդ բոլոր հիպոթեզները փորձել ենք թեստավորել: Ասեմ, որ ո՛չ, հնարավոր չէ, ընդհակառակը, կարող ենք պնդել, որ կրթական ծառայությունների գնաճ կա: Մի հիպոթեզ էլ միանգամից փորձեմ հերքել՝ հնարավոր չէ նաև, որ կոռուպցիան նվազած լինի, որովհետև փաստացի ծախսերն են ուսումնասիրվում, որտեղ նույնպես գնաճ կա, գնանկում չկա:

Ձեր կարծիքով՝ այս ամենը ինչպե՞ս է անդրադառնում Հայաստանում ընդհանուր կրթական համակարգի վրա:

— Հենց այդ հիմնախնդիրն է անկյունաքարային եղել մեզ համար, որ լավ՝ ամեն տարի մենք ինչ-որ ծախսեր ենք անում, բայց չենք հասկանում՝ արդյունավե՞տ են, թե ոչ: Օրինակ՝ համատարած ընդունված պրակտիկա է տարատեսակ վարկային միջոցներով դպրոցների շինարարությունների համար գումարներ ծախսելը: Իհարկե, բոլորին էլ հաճելի է ավելի լավ ենթակառուցվածքներ ունենալ, բայց մի՞թե դա է ամենակարևոր ուղղությունը: Հենց այդ հարցի պատասխանն է կարևոր. որտե՞ղ դպրոցը կառուցենք, որտե՞ղ ավելի շատ ուրիշ խնդիրների վրա շեշտը դնենք կամ ծախսեր կատարենք: Այս մոդելների բոլոր ուղղություններն այսօր, ցավոք, չենք կարևորում: Մյուս հանգամանքը. եթե նույն պետական համակարգի միջին ամսական անվանական աշխատավարձի հետ ենք համեմատում, ապա ուսուցիչների ու կրթության բնագավառի միջին օղակներում աշխատողների աշխատավարձերը զգալիորեն ցածր են, ինչը նույնպես չի հանգեցնում մոտիվացիայի բարձրացման:

Ահա պետք է առաջին հերթին հասկանալ, թե ինչ է լինելու մեր կատարած ծախսերի ու իրականացրած քայլերի վերջնարդյունքը: Լավ կլինի, որ տարատեսակ ռազմավարությունների, օրենքների հիմքում լինի քանակական գնահատական, և որ ամենակարևորն է, մարզերի կտրվածքով քաղաքական գնահատականներ լինեն, թե ինչպես է կրթությունն ազդել, օրինակ, աղքատության նվազման կամ մարդկանց կյանքի որակի բարելավման վրա: Եթե ընդունում ենք, որ կրթությունը ներդրում է, ապա այդ ներդրման միջոցով է միայն, որ հնարավոր է աղքատությունը վերացնել: Մինչդեռ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եթե դեցիլային խմբերի բաժանենք, ապա կրթական ծառայությունների մատչելիությունը հարուստների համար շուրջ 10 անգամ գերազանցում է աղքատներին: Այսինքն՝ գնալով աղքատ խավի համար ավելի ոչ հասանելի ու ոչ մատչելի է դառնում կրթությունը:

Մի թիվ էլ ասեմ. նախադպրոցական հաստատություններում երեխաների ընդգրկվածությունը տարեցտարի աճում է, բայց մնում է համեմատաբար ցածր մակարդակում: Հայաստանում համապատասխան տարիքի երեխաների 2/3-ից ավելին նախադպրոցական հաստատություն չի հաճախում: Իսկ գյուղական համայնքներում, չնայած մանկապարտեզի տարիքի երեխաներ ունեն, նախադպրոցական հաստատություն չի հաճախում երեխաների շուրջ 83 տոկոսը: Սա պայմանավորված է ոչ այնքան նրանով, որ մարզերում նախադպրոցական ուսումնական հաստատություններ չկան, որքան այն հանգամանքով, որ շատ ընտանիքներ դա ավելորդություն են համարում և չեն ցանականում լրացուցիչ ֆինանսական բեռ ունենալ: Սա խնդիր է, քանի որ միջազգային փորձն ասում է, որ որակյալ կրթությունը սկսվում է նախադպրոցական հաստատություններից: Նախադպրոցական հաստատություն հաճախածի միջին առաջադիմությունը մի քանի անգամ ավելի բարձր է, քան չհաճախածինը:

Ասում եք՝ արդյունավետությունը չի չափվում, իսկ ինչպե՞ս պետք է չափվի:

— Արդյունքը չափելու համար երկու մոտեցում կա, բայց երկուսն էլ, ի վերջո, հանգում են նույն սկզբունքին: Առաջին՝ կրթական ծախսերի արդյունավետությունը չափվում է կյանքի որակով: Այսինքն՝ եթե մեր կրթական ծախսն արդյունավետ է, ապա դրա ազդեցությունը պետք է զգանք հասարակության կյանքի որակի բարձրացումով: Երկրորդ մոտեցումը, որը հատկապես Հայաստանի դեպքում կարևոր է, աղքատության մակարդակի նվազեցումն է: Որովհետև, եթե պետությունն իր սոցիալական գործառույթն իրականացնում է, որի մեջ նաև կրթությունն է մտնում, իսկ Հայաստանում նաև անվճար կրթությունն է մտնում, ապա այդ դեպքում պետք է այնքան արդյունավետ լինի ծախսը, որ աղքատ խավն այդ գիտելիքների պաշարը, կրթությունը ստանա ու դրա շնորհիվ հաղթահարի աղքատությունը: Այս երկուսով հնարավոր է չափել կամայական կրթական ծախսի արդյունավետությունը: Այսինքն՝ ելքային պարամետր չպետք է վերցնել սոսկ ՀՆԱ-ի մեջ կրթության ծախսերի տոկոսը, այլ պետք է հասկանալ, որ ՀՆԱ-ի հետ տոկոսային հարաբերակցությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է արդյունավետությունը գնահատելու համար:

Ամփոփելով ասեմ, որ կրթության բյուջետային ֆինանսավորման հարաբերական ցուցանիշները որակական տեղաշարժեր չեն առաջացրել: Կրթությունը լիարժեք չի կատարում իր հիմնական առաքելությունը՝ մարդկային կապիտալի զարգացումը և դրա արդյունավետ օգտագործումը բնակչության կյանքի որակի բարձրացման և մարդկային կայուն զարգացման նպատակով:

Աղբյուրը` ankakh.com/article/92507/%E2%80%8Bvorqanvo%D5%9Ev-yen-hayastanum-krthakan-tsakhsyern-ardyunavyet%D5%9D-voch-voq-chgiti