29 Հոկտեմբերի 2020թ. 2:50

Դանիել Վարուժանն ու Մխիթարյան միաբանների «սեւ սիրտը»

1963 թ.-ին Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը (ԳԱԹ) Նյու Յորքից տիկին Վերոնիկ Վարուժան-Սաֆրազյանից եւ Արմեն ու  Հայկակ  Վարուժաններից  ստացավ նրանց հոր՝ Դանիել Վարուժանի արխիվը: Կրտսեր որդուն՝ Հայկակ Վարուժանին, հայրը չի տեսել. նա ծնվել է 1915 թ.-ի օգոստոսի 16-ին, նույն օրը, երբ Դանիել Վարուժանին Թյունեյ գյուղի մոտ սպանեցին վարձկան քրդերը:

Վարուժանի արխիվը նրա այրու՝ Արաքսի Վարուժան-Աբիկյանի մոտ էր: 1915 թ.-ին, Վարուժանի սպանությունից հետո, թուրքերը բռնագրավել էին գրողի ձեռագրերը: Կինը դրանք ետ էր ստացել միայն 1919 թ.-ին՝ փրկագին վճարելով:
Արաքսիի հայրական ազգանունը Թաշճյան է: Վարուժանի մահվանից 6 տարի անց, 1921 թ.-ին, նա ամուսնանում է ճարտարագետ Ժիրայր Աբիկյանի հետ՝ վերցնելով նաեւ նրա ազգանունը:
Հայտնի է, որ Վարուժանի եւ Մխիթարյան միաբանության  հարաբերությունները ինչ-որ պահի սրվել են: Թե ի՞նչ պատճառներով է սկիզբ առել այդ լարվածությունը, պատմում են Վարուժանի նամակները, որոնց մի մասը պահպանվում է ԳԱԹ արխիվում:

1902 թ.-ին Պոլսից Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարան: 1905-ին, ավարտելով վարժարանը, ցանկանում էր ուսումը շարունակել  Ժնեւի կամ Լոզանի համալսարաններում: Սակայն Մխիթարյան միաբանությունը, որը պետք է վճարեր Վարուժանի 1905-1909 թթ. ուսման ծախսերը,  նրան բարձրագույն կրթություն ստանալու է ուղարկում Բելգիայի Գենտ (Կանտ) քաղաք: Վարուժանն    ընդունվում է Գենտի համալսարանի գրական եւ փիլիսոփայական բաժիններ՝ որպես ազատ ունկնդիր, քանի որ վարժարանում հունարեն եւ լատիներեն չէին սովորեցրել, իսկ Գենտի համալսարանի առաջին քննությունը Ցիցերոն թարգմանելն էր:

Հաջորդ տարի արդեն դառնում է քաղաքական եւ հասարակական գիտությունների բաժնի ուսանող:
Հենց այդ  ընթացքում էլ սկսում է աշխատել  իր «Սարսուռներ» ժողովածուի վրա:
«Հանգը բռնություն է մտքի վրա»

Վարուժանի համար կարեւոր էր, որ իր բանաստեղծությունները, որոնք փորձել էր ներկայացնել՝ ջարդելով հանգերի կաղապարները, ամբողջանան մի ժողովածուի մեջ:  Ահա՝ թե ինչ է գրում նա Մխիթարյան միաբանության հայրերից  Ներսես Անդրանիկյանին.

«Ինձի կգրեք, թե եթե իմ գրություններես հանգերը վտարեմ, անոնք ավելի պիտի ընդարձակին եւ գեղեցկանան: Այդ մասին ձեզ համախոհ եմ եւ ոչ թե վասնզի անոնք մտածումը կշղթայեն, այլ նույնիսկ կքայքայեն մեր շեշտերուն գեղեցկությունը:

Հանգը միջին դարեն է, եւ ինչ որ միջին դարեն է, ընդհանրապես բռնապետական է, եւ ինչ որ բռնապետական է, է ՜ հետադիմական եւ չէ՞ մի որ հանգը արվեստին բռնավորն է եւ անոր հոգին կազմող մտածման հետմղիչը» (1906 թ., մարտի 7-9, Կանտ):
«Քաղցած կը մնանք»
Մխիթարյան միաբանության հանդեպ Վարուժանը լարվել էր դեռ այն ժամանակ, երբ  վանքի ուսումնական խորհուրդը, առանց հիմնավորման, ուշացրել էր իր կրթաթոշակը՝ նյութական ծանր վիճակի մեջ դնելով: Իր ընկերոջը՝ Դերենիկ Ճիզմեճյանին, Վարուժանը գրում է. «Պիտի բաղձայի, որ հոս գաս, բայց միգուցե երկուքս ալ քաղցած մնանք, ու Կանտը հայոց գերեզմանատուն ըլլա: Դերենի՜կ, ինձի ալ այս ամիս դրամ չղրկին, պարտքով ապրեցա եւ հույսով» (1906 թ., դեկտ. 21, Կանտ, ԳԱԹ արխիվ, Վարուժանի ֆոնդ):

Միաբանների հետ անհամաձայնությանն ավելացել էին նաեւ Պոլսից եկող լուրերը.  հայերի դեմ ինչ-որ նոր դավադրություն էր կազմակերպվում, որի դրսեւորումներից մեկն էլ հայ վաճառականներին սնանկացնելու հետեւողական գործընթացն էր: Սնանկացել էր նաեւ Վարուժանի ընկերոջ՝ Դերենիկ  Ճիզմեճյանի հորեղբայրը. «Գոտեպնդվիր, քո վիշտդ շատ եւ շատ հայերու վիշտն է. մենք հիմա որքան տանջվինք, այնքան հայ ենք: Բայց ես ալ այս տողերս գրած ատենս կարտասվիմ: Տասը տարի առաջ՝ կարմիր կոտորածը, տասը ամիս առաջ՝ բռնի ռուսացումը, եւ հիմա սնանկությունը. Գյուղացին մեռավ, բարեկեցիկը կորավ, հարուստը կփճանա (կսնանկանա- Լ.Ա..) :

Բայց ինչու՞ սնանկությունը ամբողջ հայության կվերագրեմ. ոչ առանց պատճառի, անշուշտ:
Պոլսական լրագրերի մեջ կկարդամ, ճիշտ երեք ամիս է, որ գրեթե ամեն օր, լավ ուշ դիր՝ ամե՜ն օր, հայ մեծ թե փոքր վաճառական մը կսնանկանա» (1906, մարտի 23, Կանտ, ԳԱԹ արխիվ, Վարուժանի ֆոնդ):
«Քահանաներու խոսքը քաղցր է, սիրտը՝ սեւ»
Վարուժանի առաջին ժողովածուն՝ «Սարսուռներ», պետք է տպագրվեր վանքի տպարանում: Միաբանության «խմբագիրները» ստվար ձեռագրից ընտրել էին միայն 17 բանաստեղծություն: Այդ 17-ը նախապես, 1905-ին, տպագրվել էր «Գեղունի» հանդեսում, ապա նույն շարվածքից արտատպվել 1906-ին, 500 օրինակով: Ընդ որում, այդ 500 օրինակից 200-ը վանքը, իբրեւ «թղթի եւ տպագրության ծախս», պահել էր իրեն եւ միայն 300 օրինակ տվել Վարուժանին: Անգամ միաբաններից շատերը 200 օրինակը հեղինակին չտալը համարեցին «ցուրտ վաճառականություն»:

Գրքի վաճառքից գումար ստանալու Վարուժանի սպասելիքները հօդս էին ցնդել, երբ Միաբանության տպարանի ղեկավար Սուքիաս Էփրիկյանը Վարուժանին ասել էր, թե  այդ 300 օրինակն էլ, որը տրվել է նրան, շնորհ է. «Մեր արտաքին հոդվածագիրները չենք վարձատրեր, բայց այս առթիվ քեզի եղածը պարզ շնորհ էր» :
«Կավելցնեք, թե այդ եղածը պարզ շնորհք մըն է, որ միայն ինձի կընեք:
Իրա՞վ… Շնորհք մը: «Գեղունի»-ի մեջ քերթվածները ձրի կտպեք, որ մասամբ մը Ձեզ շահ է, ինձի վնաս» (միաբան Սուքիաս էփրիկյանին, 1906 թ., հունվ. 30-31, Կանտ):

Միաբանները, փաստորեն, մերժել էին «Պսակման խորհուրդեն վերջ», «Սիրերգ», «Վերադարձ սիրո թաղումեն» եւ այլ բանաստեղծություններ՝ՙ անոնց  շեշտերը գայթակղեցուցիչ գտնելով իր հնադարյան կուսության եւ պահպանողականության:  Քահանաներուն խոսքը կրոնքին ռեքլամն է, իրենց խոսքը քաղցր է իրենց աղոթքին պես, բայց իրենց սիրտը սեւ է ՝ իրենց գլխարկին պես» (Թեոդիկին, 1906, Կանտ):
«Մեծ ցավով կըսեմ, սիրելի հայր, թե վանքը քերթվածներուս հրատարակությունն այլանդակեց, վերջերս տպարանապետեն նամակ մը ստացա, նամակ այնքան ջլատիչ, որ կարող էր ամեն բանաստեղծություն բանազերծության փոխել: Միայն քանի մը քերթուած («Գեղունի»-ի մեջ հրատարակածները) առանձին գիրք ըրեր են, որ հազիվ 50 էջ կըլլա, այդպես պիտի ընեն 500 օրինակ, որն 200-ը իրենք պիտի ծախեն՝ իբրեւ վարձք թուղթ ու 300 օրինակը ինձի պիտի ղրկեն ղանդաղովը: …Եվ կհամարձակվին ըսել, թե շնորհ մըն է ըրածնին» (Մխիթարյան միաբանաության հայր Ստեփան Սարյանին, հունվ. 6-7, Կանտ, 1906):

1906 թ.-ի մարտի 3-ին Վարուժանը Կանտից նամակ է գրել նաեւ Վահան Թեքեյանին.

««Սարսուռներու» ծավալին փոքրությունը հակառակ կամքիս եւ փափագիս եղավ. վանքը չուզեց հրատարակել՝ անոնց շեշտերը գայթակղեցուցիչ գտնելով իր «հնադարյան կուսության» եւ պահպանողականության»:

Ավելի ուշ արդեն, 1940-ականներին, Մխիթարյան միաբանությունը սկսեց տպագրել բանաստեղծի բոլոր գործերը, սակայն այս անգամ արժանանալով Վարուժանի կնոջ՝ Արաքսիի եւ նրա երկրորդ ամուսնու՝ Ժիրայր Աբիկյանի քննադատությանը:
1944 թ.-ին, երբ Վենետիկի Ս. Ղազարի տպարանում լույս տեսած «Գրական ցոլքեր»-ում տպագրվեցին հատվածներ Վարուժանի «Հեթանոս երգեր»-ից եւ «Հացին երգ»-ից, Ժիրայր Աբիկյանը, հոդված գրեց «Ազդարար»-ում (1948 թ., հուլիսի 15 )՝ մեղադրելով Միաբանությանը. «Վենետիկի Միաբանությունը 1944 թուին վերահրատարկել է Դանիէլ Վարուժանի գործերուն մեծագոյն մասը՝ առանց իր կնոջմէն եւ զաւակներէն արտօնութիւն ստանալու: Կը ծախէ զանոնք իր հաշւոյն եւ կը գանձէ հասոյթը չորս տարիէ ի վեր, ու երբ կը կարցուի, թէ ի՞նչ իրաւունքով եւ ո՞ր հիման վրայ ըրած է, ահա թէ ի՛նչ կը պատասխանէ իր վարդապետներէն մեկը. -Տիկին Վարուժանը լաւ գիտէ, թէ իրեն չափ մենք ալ իրաւունք ունինք մեր զաւակին գործերով եւ անունով զբաղելու, հպարտանալու։

Մեր հրատարակած «Ցոլքերը» ընտիր
հատուածներ են դպրոցականներու համար. այդ մասին չեմ կարծեր, թէ ազնիւ Տիկինը առարկութիւն մը ունենայ, որովհետեւ միջազգային օրէնք եւ իրաւունք է դպրոցները օժտել լաւագոյն ընթերցումներով»։
Սակայն Ժիրայր Աբիկյանը պնդում էր՝ վանքը Վարուժանի գործերը տպագրելու նաեւ բարոյական իրավունք չունի, քանի որ Վարուժանի աքսորի ժամանակ, ապա եւ մահից հետո նրա ընտանիքի հանդեպ հոգատար չի գտնվել:

Լիլիթ Ավագյան

Աղբյուրը` mediamax.am/am/news/pahoc/27581/