28 Հոկտեմբերի 2020թ. 9:59

Ուսուցիչների կարծիքը…

Օրերս հայկական հեռուստաալիքներից մեկով ուսուցիչները խոսում էին այն մասին, որ 2018 թվականին դպրոցների ֆինանսավորումը պակասել է։ Հետաքրքիր էր, որ խոսող ուսուցիչներից մեկին ցույց էին տալիս թիկունքից, մյուսի որովայնի հատվածն էին ցույց տալիս, երրորդի՝ ոտքերը։

Այսինքն՝ ուսուցիչները չէին ցանկանում, որ իրենց դեմքը եթերում երևա։ Սա մտահոգիչ է, քանի որ ուսուցիչները խոսում էին ոչ թե գաղտնի կամ անձնական ինչ-որ բանի մասին, ոչ էլ քրեական գործի մասին։ Նրանք խոսում էին մի խնդրի մասին, որը հուզում է կրթության ոլորտի բոլոր մարդկանց՝ ուսուցիչների աշխատանքի վարձատրության մասին։

Ինչո՞ւ են Հայաստանի ուսուցիչները խուսափում իրենց խնդիրների մասին բաց խոսել եթերում։ Ինչո՞ւ ԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգի ուսուցիչները շուրջ տասն օր գործադուլ արեցին, փողոց դուրս եկան և մի քանի օր առաջ կարողացան նահանգի իշխանություններից ստանալ աշխատավարձի 5% տոկոս բարձրացում, իսկ մեր ուսուցիչները խուսափում են տեսախցիկի առջև ընդամենը խոսելուց։

Հայաստանի կրթական համակարգը քաղաքակիրթ աշխարհից մի հարցում էապես հետ է մնում. մենք չենք խրախուսում խնդիրների բարձրաձայնումը հանրային հարթակներում։ Իհարկե, տներում, փողոցներում, ոչ ֆորմալ հարթակներում բոլորն են խոսում կրթության խնդիրների մասին, բայց պաշտոնական հարթակներում կամ եթերում խնդիրների մասին խոսում են քչերը։

Մինչդեռ կրթության ոլորտի խնդիրների մասին խոսելը կարևոր է, քանի որ կրթությունն այն ոլորտն է, որում երբեք խնդիրների պակաս չի եղել և չի լինելու։ Խնդիրների մասին չխոսելը մեզ զրկում է դրանք լուծելու հնարավորությունից։ Կարծեմ Էյնշտեյնն է ասել, որ իր ժամանակի մեծ մասը ծախսում է խնդիրը ճիշտ ձևակերպելու վրա, քանի որ դա շատ ավելի բարդ գործ է, քան լուծումներ գտնելը։ Նույնիսկ «Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրի» նախագծում, որը ներկայումս քննարկումների փուլում է, մենք չենք ձևակերպել Հայաստանի կրթական համակարգի խնդիրները։

Աշխարհի առաջատար ընկերություններից մեկում՝ «Բրիջուոթերսում», խրախուսում են այն աշխատողներին, ովքեր կարողանում են ընկերությունում առկա խնդիրները ձևակերպել և ներկայացնել ղեկավարությանը։ Մինչդեռ մեզանում ընդունված է այն տեսակետը, որ խնդիրներից խոսելը լավ բան չէ, պետք է խոսել լուծումներից։

Հայաստանի կառավարության, Կրթության և գիտության նախարարության հիմնական գործը կրթության խնդիրները լուծելը չէ։ Նախարարության մի քանի տասնյակ պաշտոնյաները չեն կարող լուծել հարյուր-հազարավոր սովորողների և տասնյակ-հազարավոր դասավանդողների խնդիրները։ Կառավարության և նախարարության հիմնական գործառույթը երկրում այնպիսի միջավայրի ստեղծումն է, երբ մարդիկ (ոչ թե մի քանի հոգի) բաց կխոսեն կրթական համակարգի խնդիրներից, այնպիսի միջավայրի ստեղծումն է, որում ի հայտ կգան մարդկանց խմբեր, ովքեր լուծումների տարբերակներ կառաջարկեն, որոնք նախարարությունը կկարողանա կիրառել համակարգային մակարդակում։

Կրթության ոլորտում չպետք է հավատալ այն անհատներին, ովքեր ասում են, որ իրենք գիտեն, թե ինչպես պետք է լուծվեն կրթության խնդիրները։ Պատրաստի պատասխաններ ունեցող մարդիկ լավ չեն պատկերացնում, թե որքան բարդ համակարգ է կրթությունը, և որքան անկանխատեսելի զարգացումներ կարող են լինել կրթության ոլորտում։ Կրթության ոլորտում հաջողության կարող են հասնել միայն արդյունավետ համագործակցող, գաղափարների ազատ փոխանակում ապահովող հասարակարգերը։

Օդագնացության մեջ մի հետաքրքիր պատմություն կա։ 1989 թվականին United ավիաընկերության Դենվեր-Չիկագո չվերթն իրականացնող ինքնաթիռի հետևի մասում պայթյուն եղավ։ Օդաչուները խնդիրների բախվեցին ինքնաթիռի կառավարման գործում։ Ինքնաթիռում՝ որպես ուղևոր, նստած էր օդաչուների վերապատրաստման մասնագետ Դենի Ֆիչը։

Նա բորտուղեկցորդի միջոցով իր օգնությունն առաջարկեց օդանավի անձնակազմին։ Հրամանատարը տվեց իր համաձայնությունը։ Ինքնաթիռում առաջացած տեխնիկական խնդիրն անհասկանալի էր բոլորի համար։ Ոչ օդաչուները, ոչ էլ Ֆիչը չգիտեին՝ ինչպես փրկել ինքնաթիռը։ Միակ բանը, որ նրանք կարող էին անել, խելք-խելքի տալով՝ իրավիճակից դուրս գալն էր։ Եվ նրանք դա կարողացան անել։ Միջադեպից հետո United ավիաընկերությունում օդաչուների վերապատրաստումներ անցկացվեցին։ Դենվեր-Չիկագո ինքնաթիռում առաջացած տեխնիկական խնդիրը սիմուլյացիայի մեթոդով առաջարկում էին օդաչուներին։ Ոչ մի օդաչու չկարողացավ փրկել ինքնաթիռը։ Ուրեմն, ի՞նչն օգնեց Դենվեր-Չիկագո չվերթի անձնակազմին ինքնաթիռը փրկելու գործում։ Ըստ մասնագետների՝ փոխօգնությունը։

Այն, որ ոչ հրամանատարը, ոչ նրա օգնականը, ոչ էլ օդաչուներ վերապատրաստող մասնագետը հաստատապես չգիտեին՝ ինչպես վարվել ստեղծված իրավիճակում, նրանց մղեց համագործակցության։ Նույնը կրթության համակարգում է։ «Ես չգիտեմ» կամ «մենք էլ դեռ չենք գտել լուծումը» պատասխանները պետք է համարվեն նորմալ ռեակցիա առկա իրավիճակին։

Որքան կրթության ոլորտի ղեկավարությունն իրեն պահի՝ որպես վերջնական լուծումներ չունեցող մարդկանց թիմ, այնքան ավելի մեծ է փոխօգնության, թիմային աշխատանքի միջոցով համակարգի խնդիրները լուծելու հավանականությունը։ Եթե կառավարությունը, նախարարությունը և այդ հաստատություններին մոտ կանգնած մարդիկ հայտարարեն, որ իրենք գիտեն լուծումները, ապա համակարգում աշխատող մարդիկ կդառնան պասիվ, սպասող, անտարբեր և դատող։

Որքան քիչ խոսենք խնդիրներից, որքան շատ թաքցնենք խնդիրները, այնքան կեղծելու ենք իրականությունը։ Ու մեր կեղծված իրականությունում լուծելու ենք կեղծ խնդիրներ։ Մենք կեղծում ենք, որովհետև ազատ չենք։ Սպինոզայի «Էթիկա» աշխատության 72-րդ թեորեմն ասում է. ազատ մարդը երբեք կեղծիք չի գործում։ Կրթական համակարգը զարգացնելու համար մեզ վունդերկինդներ ու լուծումներ ունեցող մարդիկ պետք չեն։

Մեզ պետք է որոնող, համեստ, ազատ ու բաց մտածող մարդկանց համայնք։