20% ջանքերը ապահովում են 80% արդյունք. Պարետոյի օրենքը

20% ջանքերը ապահովում են արդյունքի 80%-ը, իսկ մնացած 80% ջանքերը տալիս են ընդհանուր արդյունքի ընդամենը 20%-ը։ Սա էմպիրիկ կանոն է, որն անվանել են տնտեսագետ և սոցիոլոգ Վիլֆրեդո Պարետոյի անունով (Պարետոյի օրենք կամ Պարետոյի սկզբունք): Օրինակ, ոլոռի ամենակենսունակ քիչ թվով պատիճներն են ապահովում բերքի մեծ մասը։

Ո՞րն է սրա իմաստը, և ինչ կապ ունի սա տնտեսագիտության հետ։ Պարետոյի սկզբունքն այն մասին է, որ մարդու կամ խմբի կողմից գործադրված ջանքերի մեծ մասը ժամանակի անտեղի կորուստ է. ստացված արդյունքը համարժեք չէ ջանքերին։ Մինչդեռ փոքր ծավալի քիչ ջանքերը ապահովում են արդյունքի հիմնական մասը։ Այսինքն՝ պետք է կենտրոնանալ այդ 20%-ի վրա՝ ուժերը կենտրոնացնել ճիշտ գործողությունների վրա և սկսել դրանից։

Պարետոյի սկզբունքը կիրառվում է տնտեսագիտության մեջ և մենեջմենթում, անգամ՝ քաղաքականության մեջ։ Օրինակ, ըստ Պարետոյի սկզբունքի՝ գնորդների 20%-ն ապահովում է շահույթի 80%-ը, իսկ մնացած գնորդները վատնում են աշխատակազմի ժամանակը՝  առանց էական շահույթ բերելու: Հետևաբար, ճիշտ կլինի առավելագույն ջանքեր ուղղել մեծ պոտենցիալ ունեցող հաճախրդների հետ աշխատանքին:

20/80-ը, բնականաբար, ճշգրիտ մեծություններ չեն։ Այս հարաբերակցությունն ավելի շատ ցույց է տալիս ընդհանուր օրինաչափությունը։

Ինքը՝ Պարետոն, որպես սկզբունք կամ կանոն չի ձևակերպել 20/80-ը։ Վիլֆրեդո Պարետոն 1897 թվականին հրապարակեց իր հետազոտության արդյունքները՝ Իտալիայի այն ժամանակվա բնակչության տարբեր շերտերի հարստության բաշխման վերաբերյալ: Նա բացահայտել էր, որ բնակչության 20%-ին է պատկանում ամբողջ հարստության 80%-ը:

Պարետոյից հետո այլ տնտեսագետներ այս օրինաչափությունը նկատեցին նաև այլ երևույթների ուսումնասիրության ժամանակ, և հստակ ձևակերպեցին 20/80-ի սկզբունքը:

Աղբյուրը` B4B.am