2 Դեկտեմբերի 2020թ. 7:35

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԱՐՑԱԽՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԸ

Երկօրյա աշխատանքային այցով Արցախում է ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել ԱՀ վիճակագրական ծառայությունում: Ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանի հետ նրանք քննարկել են հանրապետության 2017թ. տնտեսական աճի դինամիկան, մտքեր փոխանակել Արցախում գործատուների միություն ստեղծելու նպատակահարմարության մասին:

Մարտի 22-ին Գագիկ Մակարյանին ընդունել է նաև ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը: Քննարկվել են Արցախում արտադրված գյուղատնտեսական ապրանքներն արտերկիր արտահանելու, միջազգային տնտեսական կառույցների հետ համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու, ուսումնական գործընթացներում փորձուսուցման հատվածի տեսակարար կշիռն ավելացնելու վերաբերյալ հարցեր: Հանդիպմանը մասնակցել են Արցախի վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը, ԱՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Աշոտ Դանիելյանը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, ՇՏՀ հետազոտական լաբորատորիայի ղեկավար Գագիկ Ներսիսյանը:

Մարտի 23-ին Գագիկ Մակարյանը կհանդիպի մի շարք արտադրական կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպումներ են նախատեսված նաև ԱՀ կառավարությունում և Շուշիի տեխնոլոգիական համալսարանում:

Աշխատանքային այցի շրջանակներում, մասնավորապես, նախատեսվում է քննարկել Շուշիի տեխնոլոգիական համալսարանում մշակված եթերայուղերի և դրանց հիման վրա պատրաստված բալասանների ու քսուկների սերտիֆիկացման հարցը:

BUH.AM