25 Հոկտեմբերի 2021թ. 21:54

Կարևորագույն իրադարձություններ, որոնք տեղի կունենան մինչև 2050 թվականը

Ապագան կանխատեսելու համար բոլորովին էլ պարտադիր չի էքստրասենս լինել: Երբեմն բավական է միայն վերլուծել ներկան: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում իրադարձություններից բաղկացած ցուցակ, իրադարձություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան մինչև 21-րդ դարի առաջին կեսի ավարտը:

2019 թվական: Աշխարհի քարտեզի վրա կարող են հայտնվել նոր երկրներ:

Խաղաղ օվկիանոսում գտնվող Բուգենվիլ կղզին ձևականորեն համարվում է Պապուա-Նոր Գվինեայի ինքնավար տարածք, սակայն արդեն 2019 թվականին այն կարող է դառնալ առանձին պետություն այն պայմանով, որ նրա բնակիչների մեծ մասը կքվեարկի այդ որոշման օգտին: Առանձին պետություն կարող է դառնալ և Նոր Կալեդոնիան, որն այս պահին մտնում է Ֆրանսիայի կազմի մեջ:

2020 թվական: Ավարտին կհասցվի աշխարհի ամենաբարձր շենքի կառուցումը:

Այս պահի դրությամբ աշխարհի ամենաբարձր շենքը «Բուրջ-Խալիֆ» երկնաքերն է Դուբայում, սակայն արդեն 2020 թվականին այդ ռեկորդը կգերազանցվի. Սաուդյան Արաբիայում ավարտին կհասցվի «Ջիդդա Թաուեր» շենքի կառուցումը, որի բարձրությունը կկազմի 1007 մետր:

2020 թվական: Կբացվի աշխարհում առաջին տիեզերական հյուրանոցը:

Bigelow Aerospace մասնավոր ընկերությունը պլանավորում է դեպի մերձերկրային օրբիտա դուրս բերել կենդանի մոդուլ, որը նախատեսված է Երկիր մոլորակից հյուրեր ընդունելու համար: Նմանօրինակ մոդուլների փորձարկումները բարեհաջող են անցել, իսկ նրանցից մեկն անգամ օգտագործվում է Միջազգային տիեզերական կայանի կողմից՝ որպես պահեստ:

2024 թվական: SpaceX հրթիռը կընթանա դեպի Մարս:

2002 թվականին Իլոն Մասկի կողմից հիմնադրված SpaceX ընկերությունը պլանավորում է Դեպի Կարմիր մոլորակ ուղարկել նախ՝ բեռնատար տիեզերանավ, իսկ հետագայում՝ նաև առաջին մարդուն:

2025 թվական: Երկիր մոլորակի բնակչության թիվը կհասնի 8 միլիարդի:

Համաձայն ՄԱԿ-ի կանխատեսումների՝ մեր մոլորակի բնակչությունը 2025 թվականին կկազմի 8 միլիարդ մարդ, իսկ 2050 թվականին, որոշ գնահատականներով, կարող է հասնել 10 միլիարդի:

2026 թվական: Ավարտին կհասցվի Բարեսոլանյում գտնվող Սագրադա Ֆամիլիա տաճարի կառուցումը:

Այս տաճարի կառուցումը սկսվել է 1883 թվականին ժողովրդական հանգանակությունների հաշվին: Կառույցը շուտափույթ ավարտին հասցնելուն խանգարում է քարե բլոկների պատրաստման բարդությունը, քանի որ դրանցից յուրաքանչյուրը պահանջում է անհատական վերամշակում:

2028 թվական: Վենետիկը կարող է դառնալ ապրելու համար ոչ պիտանի:

Դա չի նշանակում, որ քաղաքն ամբողջությամբ ջրի տակ կանցնի: Եթե այդպիսի բան պատահի էլ, ապա ոչ 2100 թվականից շուտ: Սակայն մտավախություններ կան, որ Վենետիկյան ծոցի ջրի մակարդակն այնքան կբարձրանա, որ տներն ապրելու համար անպիտան կլինեն:

2030 թվական: Արկտիկայի սառցե ծածկույթի մակերեսը նոր մինիմումի կհասնի:

Արկտիկայի սառցե ծածկույթի չափերն անփոփոխ կերպով փոքրանում են, և որոշ պնդումներով՝ մինչև 21-րդ դարի վերջը Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը կսկսի ամբողջությամբ ազատվել սառույցից ամառվա շրջանում:

2038 թվական: ԱՄՆ-ի ազգային արխիվը կբացի Ջոն Ֆ. Քենեդու սպանության գաղտնիքը:

Չնայած այն բանին, որ Ջոն Ֆ. Քենեդու սպանության հեղինակ համարեցին Լի Հարվի Օսվալդին, այս վարկածը մինչև օրս էլ շատ հարցեր է առաջացնում: Բոլորը չէ, որ հավատում են դրան: Բայց ինչ էլ որ եղած լինի, այդ մասին ինֆորմացիան գաղտնագրված է մինչև 2038 թվականը: Հավանաբար դրա համար ծանրակշիռ պատճառներ են եղել:

2045 թվական: Վրա կհասնի տեխնոլոգիական սինգուլյարիզացիայի ժամանակաշրջանը:

Տեխնոլոգիական սինգուլյարիզացիայի տեսության կողմնակիցների կարծիքով՝ վաղ թե ուշ կգա այն պահը, երբ տեխնիկական առաջընթացն այնքան բարդ կլինի, որ այն հասկանալը շատ դժվար կլինի: Որոշ մարդիկ համարում են, որ այդ ժամանակ տեղի կունենա մարդու ինտեգրացիան հաշվողական մեքենաների հետ, ինչը կհանգեցնի բոլորովին նոր տիպի մարդու ի հայտ գալուն:

2048 թվական: Կհանվի Անտարկտիդայի օգտակար հանածոների արդյունահանման նկատմամբ միջազգային արգելքը:

Համաձայն Անտարկտիդայի մասին պայմանագրի՝ այդ մայրցամաքի նկատմամբ բոլոր տարածքային նկրտումները սառեցված են, իսկ ինքը՝ Անտարկտիդան, հայտարարված է՝ որպես ոչ միջուկային գոտի: Այս պահին որևէ տեսակի օգտակար հանածոյի արդյունահանումն արգելված է, բայց բացառված չէ, որ 2048 թվականից հետո գործող համաձայնագիրը կվերանայվի:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Աղբյուրը` 168.am