18 Դեկտեմբերի 2018թ. 23:39

Քաղաքականությունն ու դրամի փոխարժեքը

 

Ընդունված է ասել, որ քաղաքական իրադարձություններն ազդում են տնտեսության վրա։ Կամ գոնե՝ սպասումների վրա։ Արդեն սովորական բան է՝ կարևոր կամ ոչ այնքան կարևոր իրադարձություններից առաջ մարդիկ ասում են՝ «տեսնենք՝ ինչ է լինում, հետո որոշենք»։ Լինի ընտրություններ, ՀՀԿ խորհրդի նիստ կամ մեկ այլ իրադարձություն։

Իսկ իրականում ինչպե՞ս են ազդում քաղաքական իրադարձությունները Հայաստանի տնտեսության վրա։ Ճշգրիտ վերլուծություններ այս առումով չկան (հնարավոր է՝ կան, սակայն չեն հրապարակվել)։ Փոխարենը՝ միշտ եղել են ու կան սուբյեկտիվ գնահատականներ՝ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության կողմից։

Օրինակ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այդ պաշտոնում իր վերջին ելույթում վերջին ամիսների վատ տնտեսական ցուցանիշները պայմանավորեց ապրիլյան պատերազմով և հուլիսյան դեպքերով (ՊՊԾ գնդի գրավում)։ Ինչո՞ւ է Հայաստանում դժվար գնահատական տալ քաղաքական իրադարձությունների ու ցնցումների տնտեսական ազդեցությանը։ Պատճառն այն է, որ Հայաստանում չկա զարգացած արժեթղթերի շուկա՝ բորսա, որն անմիջապես կարձագանքեր տեղի ունեցող իրադարձություններին և բորսայական ինդեքսների աճի կամ նվազման տեսքով թույլ կտար պատկերացում կազմել տնտեսական ազդեցության մասին։

Զարգացած շուկաներում այդպես չէ։ Օրինակ, տվյալների արտահոսքի հետ կապված տհաճ պատմությունից անմիջապես հետո Ֆեյսբուքի արժեթղթերի գինը բորսայում սկսեց նվազել, իսկ հետո՝ Մարկ Ցուկերբերգի՝ սենատորների հարցերին պատասխանելու ընթացքում՝ աճել։

Հայաստանում կա ընդամենը 2 անուղղակի «ինդիկատոր», որոնք ինչ-որ չափով պետք է թույլ տային գնահատել տնտեսական ազդեցությունները՝ դրամի փոխարժեքը և Հայաստանի կողմից թողարկված եվրապարտատոմսերի տոկոսադրույքները։

Քաղաքական իրադարձություններն ու ցնցումները ենթադրում են որոշակի անորոշության աճ և վստահության մակարդակի թուլացում։ Ու ըստ այդմ, դրամի փոխարժեքը խոսում է երկրի ներսում իրավիճակի մասին, իսկ եվրապարտատոմսերը՝ արտերկրի ներդրողների կողմից Հայաստանի նկատմամբ՝ վստահության մակարդակի մասին։

Ուշադրություն դարձրեք, վստահություն ասելով՝ այս դեպքում ոչ թե նկատի ունենք, թե հասարակությունը որքանով է վստահում կամ հավատում իշխանություններին, այլ՝ որքանով է վստահ, որ իրավիճակը չի փոխվի, դուրս չի գա վերահսկողությունից, բանկային համակարգը չի «պայթի» և իր հետևից չի բերի դրամի արժեզրկման։ Արդեն չորրորդ օրն է՝ ընթանում են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և այլ քաղաքական ուժերի կողմից կազմակերպված անհնազանդության ակցիաները։

Սկզբում դրանք համեմատաբար սակավամարդ էին և առանց լուրջ միջադեպերի։ Երեկ ժամը 16։00-ի դրությամբ արդեն իրավիճակը լարված էր, արդեն տեղի էին ունեցել բախումներ, ոստիկանությունը կիրառել էր հատուկ միջոցներ, հանրահավաքի մասնակիցների թիվն էլ գնալով աճում էր։ Ինչպե՞ս է դրսևորել իրեն հայկական դրամի փոխարժեքն այս օրերին։ Կարճ պատասխանենք՝ առանց որևէ ցնցումների։

Առևտրային բանկերը դոլարը երեկ գնում էին 480.5 դրամով, վաճառում՝ 483.5 դրամով։ Նախորդ օրերի համեմատ փոխարժեքը որևէ էական ազդեցություն չէր կրել։ Ի դեպ, հայկական դրամն իրեն չափազանց կայուն է դրսևորել նախորդ տարիների համեմատաբար լուրջ քաղաքական ցնցումների ժամանակ։ Օրինակ, 2016թ. հուլիսյան դեպքերի ժամանակ դրամը պահպանեց կայունությունը և մնաց մեկ ԱՄՆ դոլարի դիմաց՝ 476 դրամի սահմաններում՝ առանց էական տատանումների։

Ապրիլյան պատերազմի ժամանակ նույնն էր՝ փոխարժեքը կայուն էր։ Դրամի կայունության վրա չէին ազդել անգամ 2008-ի մարտիմեկյան իրադարձությունները։ 2008թ. փետրվարին և մարտին դոլար/դրամ փոխարժեքը կայուն պահպանվում էր 307-308 դրամի սահմաններում։ Իսկ, օրինակ, 2014թ. դեկտեմբերին, երբ քաղաքական որևէ պրոցեսներ տեղի չէին ունենում, դրամը փլուզվեց, և քիչ էր մնում իրավիճակը դուրս գար վերահսկողությունից։

Ճիշտ է, դրամի արժեզրկման ազդակը եկավ Ռուսաստանից, և առաջին «նախաձեռնողը» ֆինանսական համակարգն էր (երբ դոլարի փոխարժեքը 410 դրամից հասավ 430 դրամի), սակայն դրան հաջորդած ժամանակահատվածում արդեն բնակչության սպասումները սկսեցին էական դեր խաղալ. դրամի նկատմամբ վստահությունը կտրուկ նվազեց, և մեծ թվով մարդիկ շտապեցին իրենց մոտ եղած դրամը դոլարի վերածելու, ինչի արդյունքում ստեղծվեց արտարժույթի դեֆիցիտ և դրամի փոխարժեքի անկում։

Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկը խուճապային իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու համար դիմեց աննախադեպ կոշտ քայլի՝ արտարժույթով ներգրավված միջոցների պարտադիր պահուստավորման նորմատիվը 12%-ից հասցնելով 24%-ի։ Այս օրինակը հիշեցրինք, ցույց տալու համար, որ հասարակության սպասումներն ու տրամադրությունները կարող են ազդել դրամի փոխարժեքի վրա։ Ստացվում է՝ արտաքին շոկերը, բամբասանքները, ներքին շուկայում ֆինանսական սպասումներն ավելի մեծ ազդեցություն ունեն արժութային շուկայի վրա, քան ներքաղաքական իրադարձությունները։

Ինչո՞ւ է այդպես։ Դժվար է միանշանակ պատասխանել, սակայն մի հնարավոր բացատրություն կա. սա նշանակում է, որ մեծ թվով մարդիկ ցանկանում են քաղաքական փոփոխություններ, սակայն հոգու խորքում չեն հավատում, որ այդ փոփոխությունները տեղի կունենան՝ ռացիոնալ ու սթափ գնահատելով ուժերի հարաբերակցությունն ու հնարավորությունները։

Ընտրությունների ժամանակ կարծում են՝ ելքը կանխորոշված է, իսկ ետընտրական պայքարի ժամանակ համոզված են, որ իշխանությունը ցանկացած միջոցի կդիմի՝ իշխանափոխություն թույլ չտալու համար։ Խոսքը վերաբերում է նաև այն մարդկանց, ովքեր մասնակցել ու մասնակցում են իշխանությունների դեմ բողոքի ակցիաներին։ Գուցե տհաճ հնչի, սակայն Հայաստանում իշխանափոխության հնարավորությանը չափազանց քիչ են հավատում, այդ թվում՝ իշխանափոխության մասին խոսողները։ Սա ոչ լավ է, ոչ վատ. սա իրական քաղաքականություն է։

Կարող եք հավատացած լինել, եթե Հայաստանում իրական իշխանափոխության իրավիճակ լինի, ֆինանսական շուկան անմիջապես ու շատ կտրուկ կարձագանքի դրան։ Նույնը կարելի է ասել նաև եվրապարտատոմսերի մասին, որոնց եկամտաբերությունը ցույց է տալիս օտարերկրյա ներդրողների վստահության մակարդակը։

Եթե երկրում տեղի են ունենում քաղաքական ցնցումներ, ապա թողարկող երկիրն ու նրա թողարկած պարտատոմսերը սկսում են համարվել ավելի ռիսկային։ Իսկ որքան ռիսկը մեծ է, այնքան մեծ է եկամտաբերությունը (ներդրողը ռիսկային թղթի մեջ ներդրում կանի՝ ավելի մեծ տոկոսավճար ստանալու պայմանով)։ ՀՀ առաջին եվրապարտատոմսերը թողարկվեցին 2013թ. սեպտեմբերին, այսինքն՝ մինչ այդ տեղի ունեցած իրադարձությունների ազդեցության մասին դատել չենք կարող։ Սակայն 2013-2018թթ. ընթացքում տեղի ունեցած ընտրություններն ու մյուս ներքաղաքական իրադարձությունները որևէ էական ազդեցություն չեն ունեցել եվրապարտատոմսերի վրա։

Միայն ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ եվրապարտատոմսերի եկամտաբերությունը մի թեթև աճեց, սակայն կարճ ժամանակ անց վերադարձավ նախկին մակարդակին (ադրբեջանական պարտատոմսերի եկամտաբերությունն այդ ընթացքում նույնպես աճել էր)։

Մի խոսքով, ֆինանսական շուկաներն այս տարիներին երբեք չեն հավատացել իշխանափոխությանը և այսօր էլ չեն հավատում։ Ու տարօրինակ պատկեր է ստացվում. դատելով մեր պաշտոնյաների հայտարարագրերից՝ ՀՀ պաշտոնյաները դրամին այնքան էլ չեն վստահում (խնայողությունների մեծ մասը պահում են արտարժույթով), սակայն դրամը «հավատում է» իշխանություններին` համոզված լինելով, որ տեսանելի ապագայում Հայաստանում իշխանափոխություն չի լինի։ Սակայն, կրկնում ենք, սրանք շատ սահմանափակ և խիստ պայմանական ինդիկատորներ են։ Իսկ քաղաքականության մեջ էլ երբեք ոչինչ չի կարելի բացառել՝ իր տնտեսական հետևանքներով հանդերձ։

Բաբկեն Թունյան

Աղբյուրը` 168.am