18 Դեկտեմբերի 2018թ. 23:36

Նոր կառավարությունից Զինված ուժերն ուղերձներ են ակնկալում. Տիգրան Աբրահամյան

Վիգեն Սարգսյանի` «Ես եմ» ծրագիրը գուցե որոշ փոփոխությունների անհրաժեշտություն ունի, սակայն  արդյունավետության առումով  պահանջված էր: Այս մասին Vesti.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Վերջին շրջանում բուռն բանավեճ է սկսել Ազգբանակ հայեցակարգի շուրջ:

Ըստ Ձեզ` նման հայեցակարգի առկայությունը հույժ կարևո՞ր է, եթե այո` ի՞նչ բովանդակություն ևտրամաբանություն պիտի  այն ունենա:

«Ազգ-բանակը» վաղուց Արցախում կյանքի կոչված գաղափար է, մարդիկ այդպես են ապրում, իրենց կյանքն ու կռիվն այդպես պատկերացնում: Չի եղել նման հայեցակարգ, բայց մարդիկ հենց այդպես էլ ապրել են:

Այն մոտեցումը, որը ներկայացրել էր Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը կոնցեպտուալ վերլուծության չեմ ենթարկի, միայն կարող եմ ասել, որ դրա շրջանակներում ներկայացված մի շարք ծրագրեր այսօր էլ զինված ուժերում արդյունավետ գործում են:

Ավելի շատ առնչվել եմ «Ես եմ» ծրագրին, նրա մասնակիցներին, ովքեր այսօր էլ ծառայում են Արցախում: Միգուցե ծրագիրը որոշ ժամանակ հետո փոփոխությունների, լրացումների անհրաժեշտություն կունենա, բայց արդյունավետության, կարևորության առումով այն պահանջված էր:

Ես կարծում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կարող են օգնել մեր զինված ուժերի արդիականացմանը, առկա խնդիրների կարգավորմանը պետք է առանց նախապայմանների միանան այդ հայրենանվեր գործին. Հասկանալի է, որ դրա համար պետք է համապատասխան դաշտ և միջավայր ստեղծվի:

Այնպիսի ժամանակահատվածում ենք, որ կանգնելու, իրար նեղացնելու, անցյալում եղած կամ չեղած խնդիրները իրար վրա գցելու ժամանակ չունենք: Գոնե անվտանգությանը վերաբերող հարցերում, պետք է ամեն ինչ մի կողմ դնենք, լծվենք ընդհանուր գործին:

Բանակի ռազմատեխնիկական, սպառազինական արդիականացումից զատ, հրատապ ուշադրության արժանի ի՞նչ խնդիրներ կան, որոնց մասին գուցե չի խոսվում:

Չասեմ խնդիրներ, բայց բոլոր ուղղություներով էլ անելիքներ ունենք. մի մասը փոփոխելու, մի մասը՝ աշխատանքներն ակտիվացնելու, շարունակականության առումով:

Ունենք նոր կառավարություն և զինված ուժերն սպասում են ուղերձների՝ զինծառայողների սոցիալ-կենցաղային հարցերից մինչև առաջնագծի արդիականացման նոր շրջափուլ:

Պայմանագրային ծառայության ոլորտում ի՞նչ փոփոխությունների անհրաժեշտություն կա, որը կհանգեցնի ծառայողների թվի ավելացմանը:

Մոտեցումների վերանայման խնդիր կա. այս պահին անհրաժեշտ է հավաքագրել բոլոր խնդիրները, ուսումնասիրել դրանց պատճառները, և ըստ պետության, տիրապետած ռեսուրսների, այս ուղղությամբ նոր ֆինանսական միջոցներ ներարկել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ հայկական երկու պետությունների հարաբերությունները կզարգանան բնականոն հունով, ավելին` կլինեն նոր դրսևորումներ: Ո՞ր ոլորտում և ի՞նչ տեսքով են Արցախում սպասում խոստացված նոր դրսևորումները:

Առաջիկայում Կառավարությունը նոր ծրագիրը կներկայացնի և ենթադրվում է, որ այնտեղ տեղ կգտնեն Արցախի հետ ամենատարբեր ոլորտներում սերտ համագործակցությանն առնչվող դրույթներ:

Ռազմատեխնիկական համագործակցության, հայկական զինուժի արդիականացման հետ կապված հարցերը առաջնահերթ են: Մեր սպաները, պայմանագրային և ժամկետային զինծառայողները առաջնագծի տարբեր ուղղություններում անչափ կարևոր առաքելություն են իրականացնում և նրանց սոցիալ-կենցաղային հարցերը ցանկացած կառավարության համար պետք է լինեն առաջնային:

Մարիամ Պետրոսյան