12 Դեկտեմբերի 2018թ. 11:00

Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. Սերոբ Խաչատրյան

«Փաստ» օրաթերթը գրում է. Այս օրերին տարբեր մակարդակներում քննարկվում է 12–ամյա կրթությունից կրկին 10–ամյա կրթության անցնելու հնարավորությունը: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Փաստ»–ի հետ զրույցում բերեց փաստարկներ, համաձայն որոնց՝ 10–ամյա համակարգին անցնելն, ըստ նրա, անիմաստ է: «Ես հետ գնալու իմաստ չեմ տեսնում: Բացի այն, որ անցումը կարող է բերել ուսուցիչների մոտ տասը տոկոսի կրճատմանը, փորձ է արվելու նաև այդ ամբողջ բովանդակությունը խցկել տասը տարվա մեջ: Իմ դիրքորոշումը հետևյալն է՝ կարևորը կրթության տևողությունը չէ, այլ՝ կրթության որակն ու բովանդակությունը: Կարևորը լավ կրթությունն է: Մեր խնդիրը պետք է լինի լավը դարձնել 12–ամյա կրթությունը: Եթե նպատակը 12–ամյա կրթությունից անցումն է 10– ի, ապա մենք 12–ամյա վատ կրթության փոխարեն կարող ենք ունենալ 10–ամյա վատ կրթություն: Սա առանձնապես բան չի փոխի: Պետք չէ ֆիքսվել կրթության տևողության վրա: Եթե հիմա ամբողջ աշխարհում 12– ամյա կրթություն է, ինչո՞ւ այդ հարցում օրիգինալ լինենք»,–ասաց փորձագետը: Վերջին շրջանում դրամահավաքների մասին ահազանգեր են հնչում, նամակներ հրապարակվում, որոնց նաև ընթացք է տրվում:

Արդյո՞ք խնդիրներն ավելի խորքային չեն և պայքարի տեսանկյունից պե՞տք չէ արդյոք ավելի համակարգային ու բովանդակային դաշտ դուրս գալ: Հարցադրումներին արձագանքելով՝ Սերոբ Խաչատրյանը նախ նկատեց՝ նույն դրամահավաքը հենց բովանդակային խնդրի հետևանք է: «Մասնավորապես, 9–րդ և 12–րդ դասարաններում ինչո՞ւ են հատկապես այս սեզոնին գումար հավաքում, որովհետև եթե Հայաստանում օբյեկտիվ քննություններ անցկացնենք, ապա 9–րդ և 12–րդ դասարանցիների կեսը կտրվելու է այդ քննություններից: Դրա համար շատ ծնողների ձեռնտու է ինչ– որ գումար տալ, որի մի մասը միջոցառում ների, մյուս մասն էլ քննության ժամանակ դպրոցի բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար է:

Սա հին «ավանդույթ» է: Եթե ուսուցիչները քննության ժամանակ չօգնեն երեխաներին, նրանց կեսը կկտրվի առնվազն մեկ առարկայի քննությունից: Դպրոցներ կունենանք, որ աշակերտների առնվազն 80 տոկոսը կկտրվի քննությունից: Դրա համար «էժան մոդել» է՝ եկե՛ք տեղում հավաքենք գումարը: Եթե քննություններն անցկացվեն օբյեկտիվ, ապա ծնողների վրա ամեն ինչ ավելի թանկ կարող է նստել: Այդ պարագայում 9–րդ դասարանում երեխային պետք է մի քանի առարկա պարապել տան, որպեսզի ինքնուրույն ստանան քննությունները»,–նշեց նա՝ հավելելով, որ կրթության ոլորտում առկա կոռուպցիան միայն ինչ–որ անձանց կամայականությունը չէ: «Այն համակարգային խնդիրների հետևանք է՝ ցածր աշխատավարձեր, կրթության ցածր որակ և այլն: Ես շատ կուզենայի, որ այս օրերին մենք կենտրոնանայինք համակարգային լուծումների վրա, որովհետև ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարենք: Եթե մենք դրամահավաքի դեմ այսպես պատերազմ անենք, ապա այդ դրամահավաքը անհատական մակարդակի կիջնի:

Այսինքն՝ այլևս ոչ ոք դպրոցում, ծնողական խորհրդի նիստին գումար հավաքելուց չի խոսի: Անհատական կամ փոքր խմբերով կայցելեն դասղեկի տուն, իրենց նվերը կհանձնեն ու վերջ՝ դե հիմա բռնեք: Ի՞նչ ենք անելու, դասղեկների ու տնօրենների տանը պետք է գաղտնալսող սարքեր դնե՞նք: Ընդ որում, այդ մոտեցումը բուհական համակարգում վաղուց է գործում, երբ ուսանողի ծնողն այցելում է դասախոսի տուն: Իհարկե, հիմա այս մոտեցումը նվազել է, բայց բավականին հին ձև է դասախոսի տուն գնալը»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Վերոնշյալ արատավոր երևույթները բացառելու համար Սերոբ Խաչատրյանը մի քանի առաջնահերթ խնդիր առանձնացրեց. «Նախ՝ կրթության բովանդակությունը պետք է հետաքրքիր լինի, ուսուցիչները պետք է արդյունավետ դասավանդեն, որպեսզի երեխաների մոտ սովորելու ցանկություն առաջանա, այլ ոչ թե թվանշանի պաշտամունք: Երեխան ոչ թե գնահատական ստանալուց, այլ սովորելուց պետք է հաճույք ստանա: Բացի նշվածներից, պետք է ուսուցիչներին աջակցություն ցույց տալ: Մենք կողքից հեշտ ենք խոսում, բայց պատկերացրեք՝ ուսուցիչն աշխատում է 50–60 հազար դրամ աշախատավարձով, ինչը շատ ցածր է»:

Փորձագետից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիք ունի հայրենասիրությունը դաստիարակելու կամ չդաստիարակելու մասին, որի շուրջ նաև բանավեճ էր ծավալվել: «Պետք է դաստիարակել, բայց դաստիարակության հիմքում պետք է լինի օրինակը և ոչ թե քարոզը: Դաստիարակել, իհարկե, պետք է, բայց ոչ թե ասել՝ սա արեք, այն արեք: Դու ինքդ պետք է այնպես անես, որպեսզի բոլորը քո պես վարվեն»,–եզրափակեց փորձագետը:

Աղբյուրը` “Փաստ” օրաթերթ