12 Դեկտեմբերի 2018թ. 11:15

Ինչի է փորձում հասնել Ալիեւը Հայաստան-Նախիջեւան սահմանում լարվածությամբ

Դավիթ Շահնազարյան. «այդ կերպ Ադրբեջանը նպատակ է հետապնդում առաջ քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ մի այլ բանակցային ձեւաչափ՝ Թուրքիայի մասնակցությամբ»:

«Հաշվի առնելով նոր հնարավորությունները, Հայաստանը պետք է նախաձեռնողական քաղաքականություն վարի առաջին հերթին հենց ղարաբաղյան բանակցային գործընթացում, որի համար լուրջ նախադրյալներ են ստեղծված, քանի որ Հայաստանում նոր կառավարություն է ստեղծված, առկա են խորքային նոր իրողություններ:

Անհրաժեշտ է այնպես գործել, որպեսզի բանակցային գործընթացը լինի ոչ թե այսպես ասած՝ Ադրբեջանի դաշտում, Բաքվի թելադրած օրակարգով եւ կանոններով, այլ՝ հայկական կողմի: Բայց նշեմ, որ շատ ժամանակ չկա, պետք է արագ գործել: Էապես աճել է Հայաստանի միջազգային վարկը: Սրանք նոր իրողությամբ ստեղծված լրացուցիչ բաղադրիչ են ավելացրել ԼՂ հիմնախնդրում եւ Հայաստանը ի զորու է ու պարտավոր նախաձեռնողականություն ցուցաբերել բանակցային գործընթացում»:

Նախիջեւանի կողմում Ադրբեջանի ակտիվությունն ի՞նչ է նշանակում, զուտ քարոզչական նկատառումներո՞վ են ինժեներական աշխատանքներ տարվում, թե՞ ագրեսիվ մտադրությունների իրականացման նախապատրաստական աշխատանքներ են տարվում, հարցրեցինք պարոն Շահնազարյանին:

— Ադրբեջանը Հայաստան-Նախիջեւան սահմանում լարվածության անընդհատ աճի քաղաքականություն է վարում: Այդ կերպ նպատակ է հետապնդում առաջ քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ, մի այլ բանակցային ձեւաչափ՝ Թուրքիայի մասնակցությամբ: Այլ մանրամասների վերաբերյալ, առայժմ, ձեռնպահ կմնամ հրապարակայնորեն արտահայտվել: Ի դեպ, հավելեմ, որ Ադրբեջանում, իշխանության ներսում սուր, անզիջում պայքար է ընթանում առանցքային պաշտոնների համար», նշեց Դավիթ Շահնազարյանը:

Աղբյուրը` aravot.am