12 Դեկտեմբերի 2018թ. 11:36

Շատ ուրախ եմ, որ Փաշինյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը, սակայն հեռանկար չեմ տեսնում. Արայիկ Հարությունյան.

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում թեեւ ողջունել է Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, բայց միաժամանակ նշել է, որ այդ հարցում այնքան էլ լավատես չէ:

«Բանակցային գործընթացում ակնկալվող հաջողությունը, միանշանակ, պայմանավորված է արցախյան կողմի լիարժեք ներգրավմամբ: Եվ շատ ուրախ եմ, որ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանը վերահաստատեց դրա վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը։ Սակայն այս պահին որեւէ հեռանկար չեմ տեսնում, քանի որ, ինչպես բազմիցս նշել եմ, Ադրբեջանի իշխանության ապակառուցողական վարքի պատճառով բովանդակային բանակցություններ չկան, կան հանդիպումներ, որոնք հիմնախնդրի վերջնական կարգավորման ուղղությամբ էական առաջընթաց չեն կարող ապահովել»,- ասել է նա։

Ըստ Հարությունյանի` «Ադրբեջանի իշխանության ոչ ադեկվատ արձագանքը եւս մեկ անգամ փաստեց, որ այդ երկրում հիմնախնդրի խաղաղ եւ վերջնական լուծմանը դեռեւս որեւէ կերպ պատրաստ չեն»։

Աղբյուրը՝ armlur.am/810747/