12 Դեկտեմբերի 2018թ. 11:00

Ես ցանկանում եմ ստույգ պատկերացում կազմել, թե Հայաստանի ղեկավարությունը իր առջև ինչ նպատակներ է դնում. Տարոն Աճեմօղլու

Հայազգի անվանի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն Հայաստան կգա՝ փորձագիտական խորհրդատվություն տալու Հայաստանում ընթացող բարեփոխումների հետ կապված:

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Աճեմօղլուն նշել է, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ քննարկում է Հայաստան ժամանելու ժամկետները:

«Ես ցանկանում եմ ստույգ պատկերացում կազմել, թե Հայաստանի ղեկավարությունը իր առջև ինչ նպատակներ է դնում և ինչ մարտահրավերներ է տեսնում»,- նշել է տնտեսագետը՝ հավելելով, որ երկու անգամ արդեն խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Դա ինձ կօգնի նստել և վերլուծել, թե, իմ կարծիքով, ինչպես կարող է զարգանալ իրավիճակը, և կարող եմ արդեն այդ ժամանակ Հայաստան գալ և խորհուրդ տալ: Գիտեմ, քանի որ արտերկրից եմ, կլինեն բազմաթիվ հարցեր, որոնք ամբողջովին չեմ հասկանալու, սակայն, միգուցե, ինձ հաջողվի գիտելիքներիս շրջանակներում օգուտ տալ Հայաստանին»,-ընդգծել է նա:

Աղբյուրը՝ 168.am