19 Դեկտեմբերի 2018թ. 0:10

Կարեն Ներսիսյան. ԱՀ վիճակագրական ծառայությունը գործում է միջազգային նոր ստանդարտներով

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կայացած լիագումար նիստի ժամանակ ասել է ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը՝ ներկայացնելով 2015-2017 թթ. ԼՂՀ պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի կատարման հաշվետվությունը:
Նրա խոսքով՝ 2015-2017 թվականներին փորձել են կատարել մի շարք բարեփոխումներ ինչպես ծառայության ամբողջ համակարգում, այնպես էլ տնտեսվարող սուբյեկտների մակարդակով՝ վիճակագրական հաշվառման կազմակերպման պրակտիկայի բարելավման հարթություններում:
Կ. Ներսիսյանը խոսել է ծառայությունում ներդրված նոր ծրագրերի, հայաստանյան գործընկերների ու Կենտրոնական բանկի հետ ձեռքբերված համագործակցության, կադրերի պատրաստման և վերապատրաստման մասին:
«2015 թվականից ծառայությունն անցել է ազգային հաշիվների միջազգային նոր ստանդարտներին, որը կոչվում է Nes2: Այսինքն՝ 2008 թվականին միջազգայնորեն համադրելիության պահանջը ապահովելու առումով մենք անցել ենք դրան:  Դա վերաբերում է գործունեության տեսակների ստանդարտացման տիրույթին: 2015 թվականի երկրորդ կիսամյակից ծառայությունը սկսել է հաշվարկել տնտեսական ակտիվության ցուցանիշը, որն ի տարբերություն համախառն ներքին արդյունքի ցուցանիշի, ավելի օպերատիվ և կոնկրետ տեղեկություն է տալիս տնտեսության վիճակի և նրա զարգացման դինամիկայի վերաբերյալ: Այս 3 տարիների ընթացքում ծառայության կողմից իրականացվել է տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտություն, որով կարողացել ենք ներկայացնել սոցիալական պատկերը և, հատկապես, չափել աղքատության մակարդակը: 2016 թվականի արդյունքներով այն ԱՀ-ում կազմում է 23.3 տոկոս՝ ՀՀ-ում գրանցված 29.4 տոկոսի համեմատ»,- նշել է Կ. Ներսիսյանը:
2015 թվականին ծառայության կողմից անց է կացվել մարդահամար, որը ենթադրում էր կազմակերպական և ֆինանսական մեծ միջոցներ: Մոտ 813 մարդ ներգրավվել է աշխատանքներում:
«Ծառայության կողմից սկսվել է նաև տնտեսվարող սուբյեկտների հաշվառման ժամանակակից մեթոդների և, հատկապես, էլեկտրոնային հաշվետվությունների ներդրման համակարգի ստեղծումը: Գործընթացը մեկնարկել է 2 տարի առաջ: Ակտիվ համագործակցում ենք ոչ միայն հայաստանյան մեր գործընկերների, այլև ՀՀ Կենտրոնական բանկի հետ: Կնքվել է հուշագիր, որով փոխանակում ենք տեղեկատվություն»,- ավելացրել է Կ. Ներսիսյանը: