12 Դեկտեմբերի 2018թ. 11:00

Անդրեյ Մյախկովը 80 տարեկան է…

Այսօր ճանաչված արտիստ Անդրեյ Մյախկովը դարձավ 80 տարեկան:

Անդրեյ Մյախկովը ծնվել է Լենինգրադում: Հայրը Տեխնոլոգիական ինստիտուտի դոցենտ էր, մայրը` ճարտարագետ-մեխանիկ:

Հոր հորդորով Անդրեյն ավարտել է Լենինգրադի քիմիա-տեխնոլոգիական ինստիտուտը (ներկայիս` Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ) և որոշ ժամանակով աշխատել Պլաստիկ զանգվածների ինստիտուտում: Սիրողական ներկայացումներից մեկի ժամանակ նրան նկատել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնին (ՄԳԱԹ) կից դպրոց-ստուդիայի մանկավարժներից մեկը և առաջարկել ուժերը փորձել իրենց մոտ: 1965 թվականին ավարտելով դպրոց-ստուդիան և դարձել  «Սովրեմեննիկ» թատրոնի դերասան:

Անդրեյ Մյախկովի առաջին թատերական դերերից էր քեռու դերը «Քեռու երազը» բեմադրությունում: Թատրոնում նրա աշխատանքներից կարելի է առանձնացնել «Հատակում», «Բալալայկին և Կո», «Սովորական պատմություն», «Բոլշևիկները» և այլ ներկայացումներում խաղացած դերերը: 1977 թվականին նա տեղափոխվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն, իսկ 1987 թվականից՝  Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում է:

Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1965 թվականին` «Ատամնաբույժի արկածները» կինոնկարում: Սակայն նրան համընդհանուր ճանաչում բերեց Էլդար Ռյազանովի հետ երկար տարիների համագործակցությունը` նկարահանվելով «Ճակատագրի հեգնանք, կամ Բաղնիքդ անուշ» (1975 թ.), «Ծառայողական սիրավեպ» (1977 թ.), «Ավտոտնակ» (1979 թ.) և «Դաժան ռոմանս» (1984 թ.) ֆիլմերում: Կինոգետների կարծիքով Անդրեյ Մյախկովը ավելի շատ կատակերգու դերասան է, չնայած նրա խաղացանկում առկա են խոշոր դրամատիկական դերեր, ինչպիսին է օրինակ` գիտնական Շվիրկովի դերը Մառլեն Խուցիևի «Վերջաբան» (1983 թ.) ֆիլմում:

Մինչև Էլդար Ռյազանովի հետ համագործակցությունը Մյախկովի հերոսներն այնքան էլ վառ ու հիշվող չէին: Ամեն ինչ փոխվեց 1976 թ. հունվարի 1-ին, երբ «Ճակատագրի հեգնանքը» էկրան բարձրացավ: Դերասանն ակնթարթորեն նշանավոր դարձավ: Ուշագրավ է, որ սկզբում Ժենյա Լուկաշինի դերի համար ընտրվել է Անդրեյ Միրոնովը: Երկու վարկած կա, թե ինչու  այն ժամանակ կանանց սրտերը նավաճած դերասանն այդպես էլ չխաղաց Ռյազանովի ֆիլմում: Առաջին` Միրոնովը հրաժարվեց այդ աշխատանքից, քանի որ ենթադրում էր` ֆիլմը կտապալվի վարձույթում: Երկրորդ` ինքը` ռեժիսորն է հրաժարվել նշանավոր արտիստին նկարելու մտքից, քանի որ նա բնավ նման չէր համեստ Լուկաշինին: Ի վերջո, դերը բաժին հասավ Անդրեյ Մյախկովին, որը կարողացավ ստեղծել հենց այն կերպարը, որը նկատի ուներ Ռյազանովը:

Եվ 1976-ից ի վեր «Ճակատագրի հեգնանքը» կամ «Բաղնիքդ անուշ»  ֆիլմն ավանդաբար ցուցադրում են ամեն ամանորին:

Այս ֆիլմը դարձել է մարդկանց ամենասիրած տոնի անքակտելի մասը: