14 Դեկտեմբերի 2019թ. 14:25

Ռազմիկ Մարտիրոսյան. Ռոբոտները փողերին թույլ չեն տա «քնել»…

Financial Trading House(FTH) ընկերության օգնությամբ հայաստանցիները կարող են գումարներ ներդնել շվեյցարական Swissquote բանկում, որի արդյունքում ռոբոտները կաշխատեցնեն ներդրված գումարները և յուրաքանչյուր աշխատանքային 25 օրը մեկ կապահովեն 4-8 % եկամտաբերություն:

«Ռոբոտները փողերին թույլ չեն տա «քնել», նրանք կաշխատեն, երբ դուք քնած եք». այս կարգախոսով է FTH ընկերությունը սկսել իր համագործակցությունը շվեյցարական Swissquote բանկի հետ։

«Բացեք անվանական հաշիվ շվեյցարական Swissquote բանկում, որտեղից գումարների ելքագրումը կարող է կատարվել միայն ձեր ստորագրությամբ, վարձակալեք FTH-ից ռոբոտներ, FTH-ը տեխնիկական ամբողջ սպասարկումն իր վրա է վերցնում: Ռոբոտները տեղադրում եք ձեր առևտրային հաշվի վրա, և դուք յուրաքանչյուր 25 աշխատանքային օրը մեկ ունենում եք 4 % եկամտաբերություն. պասիվ եկամուտ, դուք նստած եք տանը, նայում եք ձեր տերմինալին, ձեր անվանական հաշվին ու տեսնում եք, թե ինչպես է յուրաքանչյուր օր շուկայի արտարժույթի և ապրանքահումքային բորսայի գների տատանման վրա ռոբոտը համապատասխան ալգորիթմի գումար վաստակում ձեզ համար»,- բանկի գործունեության ծավալմանը նվիրված շնորհանդեսից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց  FTH ընկերության տնօրեն Անգին Ղուկասյանը։клама 35

Նա հստակեցրեց՝ գումարը հայաստանյան բանկային հաշվից փոխանցվում է շվեյցարական բանկային հաշվին, և վարձակալում ռոբոտները, որոնք շվեյցարական բանկային հաշվի վրա աշխատում են, և պասիվ եկամուտները վերադառնում են Հայաստան. «Այսինքն՝ արդյունքները ծախսվում են Հայաստանում»։

Ռոբոտի վարձակալությունն արժե դեպոզիտի 0.4 տոկոսը: Այն ներառում է նաև փաստաթղթավորման և ցանկացած խնդրի համար ծառայությունների վճարը: 18 տարին լրացած, գործունակ, Հայաստանում արտարժութային բանկային հաշիվ ունեցող ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ կարող է շվեյցարական այս բանկում հաշիվ ունենալ՝ ներդնելով 3000 դոլարից, եվրոյից կամ ֆրանկից ոչ պակաս գումար: Ռոբոտները ոսկյա են և արծաթյա՝ 4-8% եկամտաբերությամբ։

«Եթե հաճախորդը բացել է հաշիվ շվեյցարական Swissquote բանկում և փոխանցել 10 հազար դոլար, ապա յուրաքանչյուր 25 աշխատանքային օրը մեկ նա կունենա 400 դոլար պասիվ եկամուտ, իսկ ռոբոտին կվճարի ընդամենը 40 դոլար»,- հստակեցրեց Անգին Ղուկասյանը։

Գումարների վերադարձելիությունը, ըստ նրա՝ ապահովում է առաջին հերթին՝ շվեյցարական Swissquote բանկը՝ իր բանկային օրենսդրության շրջանակներում. «Երկրորդ՝ մեր ռոբոտների աշխատանքն ապահովագրվելու է DUAL ապահովագրական ընկերության կողմից։ Այսինքն՝ ռոբոտի աշխատանքը նույնպես ապահովագրված է։ Մենք ունենք երկու երաշխիք՝ շվեյցարական կայուն բանկային համակարգ և ռոբոտների ապահովագրված աշխատանք։ Եվ ունենք տեղական գործընկեր, որը գտնվում է Արգիշտի 7 հասցեում. կարող եք մոտենալ, և թե՛ տեխնիկական, թե՛ իրավաբանական հարցերի պատասխանը կստանաք հենց ՀՀ օրենսդրության շրջանակներում»։

Բանկի 50 տնօրեններից մեկի՝ հաճախորդների հետ հարաբերությունների և վաճառքի մենեջեր Մուամար Բեհնամի խոսքով՝ ռոբոտներն ապահովելու են ճկունություն: «Մեր ռազմավարությունն է՝ գտնել մեկ համագործակցող ամեն երկրում։ Արժութային բիզնեսի մեջ մենք շատ պահպանողական մոտեցում ունենք: Երբ մենք ունենք հուսալի գործընկեր, ով հաճախորդների համար երաշխավորում է շահույթը, ապահովում ենք երկարատև համագործակցություն»,- նշեց նա:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նկատեց՝ սա նախ և առաջ՝ վստահություն է մեր Հայաստանում իրականացվող փոփոխություններին. «ՀՀ տնտեսությունները ոչ միայն ունենում են հավելյալ հնարավորություններ՝ դիմելու և ստանալու այդ ծառայությունները, այլ նաև ֆինանսական ռեսուրսները Հայաստանում շատ ավելի լայնորեն շրջանառվելու հնարավորություն են ունենալու: Սա հնարավորություն է նաև, որ երկրի նկատմամբ ներդրողների վստահության մակարդակն աճի»։

Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերը մեծ ուրախությամբ է սպասում բանկի գործունեությունը Հայաստանում տեսնելուն. «Swissquote-ը զարգացող բանկ է Շվեյցարիայում: Հայաստանն էլ շատ ֆինանսական ծառայությունների համար բարենպաստ երկիր է»։

Աղբյուրը՝ 168.am