12 Դեկտեմբերի 2018թ. 11:00

“Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի նոր տենդենցներ” միջազգային գիտաժողովի հետքերով

Արցախում իր աշխատանքներն ավարտեց “Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի նոր տենդենցներ” միջազգային գիտաժողովը (27 հունիս — 03 հուլիս 2018 թ.): Աննախադեպ կարևոր միջոցառում հանրապետության գիտական կյանքում: Այն հնարավոր եղավ կազմակերպել ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր, ճանաչված ֆիզիկոս Գագիկ Բաղունցի և գիտաժողովի կազմկոմիտեի հանանախագահ, պրոֆեսոր Հայկ Սարգսյանի հետևողական և նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ: Գիտաժողովի կազմակերպման գործում իրենց ներդրումն ունեցան նաև ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանն ու պրոֆեսոր Կամո Աթայանը:

Գիտաժողովի նախագահ, պրոֆեսոր Ալեքսեյ Կավորկինը, ով ներկայացնում էր Ուեստլեյքի համալսարանը, Չինաստան, CNR-SPIN, Հռոմ, Իտալիա և Ռուսաստանի Քվանտային կենտրոնը, գրում է. այս միջազգային գիտաժողովը անսովոր է, նույնիսկ բացառիկ: Այն միավորում է հայտնի գիտնականների և դպրոցական ուսուցիչների: Մենք կարծում ենք, որ ֆիզիկայի դպրոցական ծրագրերն անհրաժեշտ է նորացնել և այս գործընթացի կազմակերպման համար կարևոր է հետազոտողների ու ուսուցիչների միջև գիտագործնական կապերի հաստատումը:

Գիաժողովի աշխատանքներին մասնակցելու համար Արցախ էին ժամանել և գիտական զեկուցումներով հանդես եկան տարբեր երկրների տասնյակ հանրաճանաչ ֆիզիկոսներ: Հարկ է նշել, որ ԱՀ կառավարությունն ամբողջական և համակողմանի աջակցություն էր ցուցաբերել գիտաժողովը կազմակերպելու գործում՝ ստեղծելով աշխատանքային գերազանց պայմաններ:

Միջոցառումն անցավ բարձր գիտական մակարդակով:

Գագիկ Սարգսյան

BUH.AM կայքի գլխավոր խմբագիր