18 Դեկտեմբերի 2018թ. 22:49

Գևորգ Ավչյան. Բիզնեսի ավտոմատացումը արդեն ոչ թե ապագայի, այլ ներկայի պահանջ է

Հուլիսի 14-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի բիզնեսի ավտոմատացման ցուցահանդեսը:

Այն նախատեսված է բիզնես գործունեություն ծավալող մարդկանց համար, ովքեր ցանկանում են արագացնել ու հեշտացնել իրենց բիզնեսի կառավարումը և մեծացնել արդյունավետությունն ու վերահսկելիությունը:

Բիզնեսի ավտոմատացումը XXI դարի բիզնեսի կառավարման կարևորագույն նախադրյալն է, որը մեծ հնարավորություններ է տալիս ավտոմատացված կառավարման համակարգերի ճիշտ և գրագետ ներդրման դեպքում: Կառավարող օղակը, մասնավորապես՝ բիզնեսի տերերը և տնօրենները անընդհատ իրականացնում են մեծ ծավալի ինֆորմացիայի վերլուծություն, քանի որ աշխատանքի արդյունավետությունն ուղղակիորեն կապված է ճիշտ կառավարման հետ: Ամբողջ ինֆորմացիան վերահսկելու և համապատասխան վերլուծություններն իրականացնելու համար անհրաժեշտ է ներդնել բիզնեսի ավտոմատացման ծրագիր։

Այս էքսպոն կազմակերպել են բիզնեսի ավտոմատացման համակարգերի ստեղծմամբ և ներդրմամբ զբաղվող «Մակիչյան Քընսալթինգ» ընկերությունը, Գործարարության աջակցության գրասենյակն ու «ԱԳԲԱ Լիզինգը»: Սա նպատակ ունի խթանել բիզնեսի ավտոմատացման գործունեությունը Հայաստանում, ընդգծել ավտոմատացման դերն ու ֆունկցիոնալ կարևորությունը, ամրապնդել համագործակցությունը Հայաստանում բիզնեսի ավտոմատացման կազմակերպությունների միջև, ներգրավել նոր հաճախորդների և աշխատակիցների:

«Բիզնեսների համար շատ կարևոր է նման էքսպոներին մասնակցելը, որպեսզի պատկերացնեն, որ գործարարի աշխատանքն առանց համակարգչի հնարավոր չէ, սակայն ոչ բոլոր գործարարներն են կարողանում այն ծառայեցնել բիզնեսի շահերին։ Բիզնեսի ավտոմատացումը հնարավորություն է տալիս իրականացնելու կրկնվող աշխատանքներ, որոնք ժամանակատար են և որոնց դեպքում ձեռքով աշխատանքը բավականին գերակշռում է: Ավտոմատացման համակարգեր օգտագործելով՝ այդ աշխատանքը տասնապատիկ նվազում է։ Շատ հաճախ գործարարները չեն կարողանում օպերատիվ տիրապետել աշխատանքներին (պարտքերը, ապրանքի քանակը և այլն), ավտոմատացման ծրագիրը հնարավորություն է ընձեռում ստանալու պահանջվող ինֆորմացիան»,- նշեց «Մակիչյան Քընսալթինգ» ընկերության տնօրեն Գրիգոր Մակիչյանը:

Ավտոմատացումը ծրագրերի կամ հավելվածների կիրառումն է, որը կրճատում է ոչ միայն ծախսերը, որոնք կապված են ձեռքով աշխատանքի հետ, այլև պարզեցնում է բիզնեսի գործընթացները, բարձրացնում է սպասարկման արագությունը, հնարավորություն է տալիս բացահայտելու հավատարիմ հաճախորդներին, օգնում է մշակելու ընկերության գրագետ ռազմավարություն։ Ժամանակակից ավտոմատացման գործիքները հնարավորություն են տալիս բիզնեսը վերահսկելու սմարթֆոնով, և որ ամենակարևորն է, աշխարհի ցանկացած կետից հետևելու այս ամբողջ գործընթացներին օնլայն: Ավտոմատացումը հնարավորություն է տալիս արագացնելու ձեռնարկության ստորաբաժանումների աշխատանքը, նվազեցնելու մարդկային ռեսուրսների կամ աշխատակազմի ծախսերը, ստեղծելու աշխատակիցների օբյեկտիվ գնահատման հնարավորություններ, բացառելու աշխատանքային ինֆորմացիայի և փաստաթղթերի կորուստը:

«Գործարարության աջակցման գրասենյակը, հանդիսանալով գործարար միջավայրի պետականմասնավոր երկխոսության ջատագովը, մշտապես կապի մեջ լինելով ՓՄՁների և նրանց ներկայացուցիչների հետ, հասկացել է, որ գործարար միջավայրի ոչ բոլոր խնդիրներն են, որ պետք է լուծվեն օրենսդրական փոփոխություններով: ՓՄՁ միջավայրում շատ են իրազեկման, համագործակցության և տեղեկացվածության պակասից բխող խնդիրները, որոնցից մեկը բիզնեսի պրոցեսների ավտոմատացումն է: Այս դաշտում իրազեկման բացը լրացնելու և բիզնեսի ավտոմատացմամբ զբաղվող կազմակերպությունների հետ ՓՄՁներին ծանոթացնելու, ինչպես նաև աջակցության ծրագրերը ներկայացնելու նպատակով մենք որոշեցինք միավորվել «Մակիչյան Քընսալթինգ» և «ԱԳԲԱ Լիզինգ» կազմակերպությունների հետ Բիզնեսի ավտոմատացման #BeAutomated միջոցառումը կազմակերպելու նպատակով»,- մեզ հետ զրույցում նշեց Գործարարության աջակցության գրասենյակի ղեկավար և ավագ խորհրդատու Գևորգ Պողոսյանը:

Բիզնեսի ավտոմատացումը ոչ միայն միասնական տեղեկատվական բազայի ստեղծումն է, այլև ընկերության գործունեության կառավարման գործիքների շարք է։ Ավտոմատացումը թույլ է տալիս հետևել ապրանքաշրջանառությանը և ցանկացած բարդության դրամական հոսքերը՝ հաշվի առնելով բազմաթիվ այլ գործոններ։ Բացի այդ, տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ ապահովվում է ընկերության մասնաճյուղերի գործունեության վերահսկողությունն ու հաշվառումը՝ անկախ նրանց գտնվելու վայրից։

Միջոցառման գերագույն նպատակն է խթանել ավտոմատացումը Հայաստանում, ընդգծել նրա դերն ու ֆունկցիոնալ կարևորությունը։ Ցուցահանդեսը հնարավորություն կտա ամրապնդելու համագործակցությունը Հայաստանում բիզնեսի ավտոմատացման կազմակերպությունների միջև։

«ԱԳԲԱ Լիզինգը» մշտապես խրախուսել է նորարարական նախագծերը և հնարավորինս փորձում է օժանդակել դրանք կյանքի կոչելու քայլերը: Բիզնեսի ավտոմատացմանն ուղղված առաջին ցուցահանդեսի հովանավորչությունը ստանձնելը նույնպես բխում է այդ սկզբունքից: Ընկերությունը, որդեգրելով հաճախորդամետ քաղաքականությունը, հաճախորդներին բարձր սպասարկումով ապահովելու համար աջակցում է տնտեսվարող սուբյեկտներին: Բիզնեսի ավտոմատացմանը զուգահեռ ընկերությունհաճախորդ հարաբերությունները նոր հարթակ են տեղափոխվելու, որը միանգամայն դրական ազդեցություն կունենա սպասարկման որակի մակարդակի վրա: Այդ գործընթացը կբարելավի մեր երկրի տնտեսությունն ու բիզնես միջավայրը, որը ևս «ԱԳԲԱ Լիզինգի» հիմնական նպատակներից է: Հետևաբար, բիզնեսի ավտոմատացման ցուցահանդեսի հովանավոր լինելը լիովին համապատասխանում էր մեր ընկերության սկզբունքներին, խնդիրներին և քաղաքականությանը: Ներկայիս շուկայի պայմաններում բիզնեսի հաջողության գրավականը որոշումների կայացման պրոցեսների ավտոմատացումն է, քանի որ դա հսկայական ազդեցություն ունի ինչպես աշխատանքն արդյունավետ կազմակերպելու, այնպես էլ սպասարկման որակը բարձրացնելու գործում: Ավելին, ցուցահանդեսի ժամանակ «ԱԳԲԱ Լիզինգը» ներկայացնելու է իր արդեն ավանդույթ դարձած փաթեթային և բացառիկ առաջարկը, որը հնարավորություն կտա ավտոմատացում նախաձեռնող գործարարին ունենալու ֆինանսական շահավետ լուծում և մասնագիտական խորհրդատվություն»,- նշեց «ԱԳԲԱ Լիզինգի» գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:

Ավտոմատացման համակարգի հիմնական նպատակներն են սպասարկման արագությունն ու որակը բարձրացնելը, աշխատողների հարմարավետ աշխատանքային պայմանների ապահովումը, անձնակազմի գործողությունների խիստ վերահսկողությունը և չարաշահումների բացառումը: Ավտոմատացումը նաև հնարավորություն է տալիս հավելյալ ծառայություններ մատուցելու հաճախորդներին, օրինակ՝ բանկային քարտերով վճարումներ, զեղչային քարտերի տրամադրում, ապրանքի մասին տեղեկության արագ մատուցում, հավատարիմ հաճախորդների համար լոյալության ծրագրերի իրականացում և այլն: Այս ամենը հանգեցնում է բիզնեսի գործառնական ծախսերի կրճատման (ինչը կարևոր է յուրաքանչյուր բիզնեսի համար), էֆեկտիվության բարձրացման, ժամանակի խնայողության և եկամտի ավելի մեծ աճի:

Աղբյուրը` ankakh.com