12 Դեկտեմբերի 2018թ. 11:00

Նախարար Հարությունյան. Ես կողմ եմ 12-ամյա կրթությանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների խնդրանքով, անդրադառնալով սոցիալապես անապահովներին դասագրքերի և այլ աջակցություն տրամադրելու հարցին, ասաց, որ դրանք համայնքային խնդիրներ են: Նա նշեց, որ առանձին հարցերին կմիջամտեն, երբ որ խնդիրներ կլինեն, կքննարկեն, բայց շրջաբերականներ այդ թեմայով  չեն ցանկանում, որ լինի:

Անդրադառնալով մինչև տասն աշակերտ ունեցող դպրոցների ճակատագրին՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ այդ դպրոցներն այս պահին գործում են, և փորձագետները նախագծեր են ներկայացնում: «Մենք կածում ենք, որ ֆինանսական արդյունավետության հարցը կարող ենք լուծել հետևյալ կերպ, երբ տվյալ փոքր և հեռավոր համայնքներում ստեղծենք կրթամշակութային կենտրոններ, որն իր մեջ կներառի դպրոց, նախակրթարան, մանկապարտեզ, մշակութային կենտրոն և կդառնա տվյալ համայնքի կարևորագույն կենտրոններից մեկը»,-ասաց նա:

 Նախարարը նկատեց, որ Հայաստանում ընդհանուր կրթական ցենզը շատ է ընկել, այդ թվում՝  նաև մեծահասակների շրջանում: «Մենք միջնաժամկետ կտրվածքով նախատեսում ենք, որ տվյալ կրթական կենտրոնները նաև կրթական ծառայություններ կմատուցեն մեծահասակներին»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ավելի վաղ բարձրաձայնված տարրական դասարանների լիցենզավորման հարցին, Արայիկ Հարությունյանն ասաց, որ ներկայումս դպրոցները նախապատրաստվում են սեպտեմբերի մեկին, փորձում են իրենց լիցենզիաները համապատասխանեցնել ունեցած հզորություններին, ինչը թեև ժամանակավոր, բայց լուծում կլինի, և հաջորդ տարիներին, երբ լինի էլեկտրոնային գրանցում, դպրոցներն այլևս հնարավորություն չեն ունենա մեծ քանակությամբ, իրենց լիցենզիաների սահմանած քանակից ավելի աշակերտներ ընդունել:

Հարցին, թե հասարակության մի մաս ցանկանում է վերադառնալ տասնամյա կրթությանը, նախարարն ասաց, որ այդ դեպքում հասարակության մի մասը պետք է ունենա նոր կրթության և գիտության նախարար:  «Ես կողմ եմ 12-ամյա կրթությանը և հասարակության այդ հատվածին, չեմ ասում կարճ ժամանակում, բայց մեկ, երկու, երեք տարում կհամոզեմ, որ 12-ամյա կրթությունը լավ համակարգ է»,-ասաց նա:

Աղբյուրը` tert.am