12 Դեկտեմբերի 2018թ. 11:47

Կայացավ Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում

Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում հուլիսի 20-ին տեղի է ունեցել աշխարհահռչակ օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի մենահամերգը:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ մենահամերգին օպերային երգչուհու կողմից հնչել են ինչպես արտասահմանյան կատարումներ, այնպես էլ հայ երգահան Կոմիտասի ստեղծագործությունները:

Իր խոսքում Հասմիկ Պապյանն ասել է, որ արդեն երկրորդ անգամ է ելույթ ունենում արցախցի հանդիսատեսի առջև:

«Այստեղ չկա օպերային թատրոն, և ես կարծում եմ, որ արցախցիները փոքր ինչ զուրկ են համաշխարհային օպերային արվեստի գոհարները լսելուց: Պետք է պարբերաբար այն մատուցել, որպեսզի հետագայում ներկայացվեն նաև ամբողջական բեմադրություններ: Ինչ վերաբերում է այցի ընթացքում ունեցած հանդիպումներին, ապա նշեմ, որ անսահման հուզիչ էր զորամասում զինվորների հետ ունեցած հանդիպումը: Շատ կարևորում եմ նաև Տողի արվեստի դպրոցի սաների հետ շփումը և ծանոթանալը նրանց կատարած աշխատանքներին: Ես հիացած եմ, թե ինչպես կարելի է գողտրիկ, գրեթե մոռացված վայրում փոքրիկ մատներով ստեղծել արվեստի գլուխգործոցներ: Այս այցի ընթացքում հասկացա՝ որքան կարևոր է զինվորի կողքին կանգնելը և սատարելն այն երեխաներին, ովքեր ուզում են արվեստով զբաղվել»,- մասնավորապես նշել է Հ. Պապյանը:

Աղբյուրը՝ mamul.am