12 Դեկտեմբերի 2018թ. 11:23

Ռազմիկ Մարկոսյան. Խոհեր մեր ջրերի մասին

Մինչ աշխարհի քաղաքական մեքենայի շարժիչը շարունակում է աշխատել նավթով, ջրային ռեսուրսները հետազոտող համաշխարհային կազմակերպությունները կանխատեսում են, որ մոտ ապագայում մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ ջուրը, որպես ամենաարժեքավոր հումք, կճանաչվի այդպիսին: Երկիր մոլորակի` բնակչությամբ գերբեռնվածության և էկոլոգիական մտահոգիչ ախտորոշման պայմաններում ջրային դեֆիցիտի խնդիրը ամենից հրատապը կդառնա: Այսօր արդեն աշխարհի բնակիչներից ավելի քան 70 միլիոնը գտնվում է ամենօրյա ջրային դեպրեսիայի մեջ: Քաղցրահամ ջրի սակավությանը հաճախ գումարվում է նրա վատորակությունը, որի պատճառած մարդկային կորուստներն աշխարհում ավելին են, քան պատերազմները կարող են հարուցել: Իսկ ջրի ֆիլտրացումը թանկ է ու հաճախ` անարդյունավետ:

Հայաստանն այն եզակի երկրներից է, որի բնակչության ջրամատակարարումն իրականացվում է ստորգետնյա աղբյուրների ջրերով, որոնք առանց հատուկ մշակման ենթարկվելու պիտանի են օգտագործման համար, քանի որ օժտված են որակական բարձր ցուցանիշներով: Ստորգետնյա աղբյուրներն ապահովում են Հայաստանի բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ ամբողջ ջրաքանակը` ազգային ջրի ողջ պաշարը: (Նկատի ունենանք, որ մեր երկրի ջրամատակարարման խնդիրները հիմնականում համակարգային են): Սակայն ինչպես ցանկացած օգտակար հանածոյի, այնպես էլ ջրի դեպքում, չի կարելի միայն բնության բարեհաճությանն ապավինել: Այսօրվա հուսադրող վիճակը մարդու անտարբերության կամ վնասարար ներգործության հետևանքով վաղը կարող է գլխիվայր շրջվել: Անցանկալի հետևանքը կարող է երկար չսպասեցնել, հատկապես եթե խոսքը վերաբերում է կենսապահովման համար կարևորությամբ օդից հետո երկրորդ (կամ առաջին տեղը նրա հետ կիսող) բաղադրիչին, և մանավանդ եթե խոսքը վերաբերում է մեր երկրին, որի բարձրադիր ռելիեֆը նպաստում է, որ ջրերը հոսեն դեպի երկրից դուրս, և որն իր աշխարհագրական դիրքի պատճառով զրկված է անհրաժեշտության դեպքում ջրի <<ներմուծման>> հեռանկարից:

Երկիրն իր վաղվա հնարավոր խնդիրը պետք է սկսի լուծել այսօր, քանի դեռ այդ խնդիրն ինքնստինքյան անբարենպաստ լուծում չի ստացել: Իսկ խմելու և ոռոգման ջրերին վերաբերող վաղվա հնարավոր խնդիրն, առավել ևս, երեկ էր պետք լուծել: Ի դեպ, հենց երեկ էր, որ արհեստական ձկնարդյունաբերության եկամուտներից ոգևորված Հայաստանում ստեղծեցին, այսպես ասած, <<հիդրոպոնիկ ձկնարդյունաբերություն>>, և կարճ ժամանակ անց ներքին շուկայով չբավարարվելով` սկսեցին զբաղվել նաև արտահանմամբ: Վերգետնյա ջրային ռեսուրսներից աղքատ, այսինքն` բնական պայմաններում ձկնարդյունաբերության զարգացման հազիվ ինքնաբավ հնարավորություն ունեցող Հայաստանը` ձուկ արտահանող երկի՞ր: Բայց չէ՞ որ վերոնշյալ ռեսուրսների փոխարեն Հայաստանը հարուստ է ազգային ջրային պաշարով` ստորգետնյա քաղցրահամ ջրերով: Ի՞նչ փույթ, թե դրանք մեր բնակչության կենսական կարիքներն հոգալուց բացի, պահում են մեր փոքրիկ երկրի համար բացառիկ կարևորության տարածքի` Արարատյան դաշտավայրի կենսահամակարգի հավասարակշռությունը: Բնության բարեհաճությամբ` այս դաշտավայրի բերրի հողատարածքներում ստորգետնյա ջրային պաշարներ կան, որոնց 75%-ը կիրառելի է առանց վերամշակման: Հող, ջուր, արև: Բնությունը շռայլ է Արարատյան դաշտավայրի նկատմամբ: Հողի տված բարիքն ու ստորգետնյա խմելու ու ոռոգման ջրերը երեկ անսպառ էին թվում: Բայց իր ծաղկունությամբ մեր կորուսյալ Արարատ լեռան մխիթարանք Արարատյան դաշտավայրն այսօր կանգնած է անապատացման վտանգի առաջ: Դաշտավայրի ստորգետնյա բնական աղբյուրներում մեծ եկամուտների կարթեր գցած մի քանի <<կարիքավոր օլիգարխներ>> իրենց մասնավոր բիզնեսին ծառայող հորատանցքեր են փորել դեպի այդ աղբյուրները: Երեկ ընդամենը մի քանի, այսօր արդեն 6630 հորատանցքերով մեր ընդերքի բացառիկ հարստությունը` ջուրը, հոսում է դեպի մասնավոր ավազաններ` ծառայելու մասնավոր ձկնարդյունաբերությանը: Մինչդեռ մասնավոր շահը ինքն իրենով մի քանի անգամ բազմապատկվելու դեպքում անգամ չի կարող հասնել կորուստների այն ծավալին, որ կարող է առաջ բերել Արարատյան դաշտավայրի` արդեն իսկ սկիզբ առած անապատացումը:

Բայց միայն ստորգետնյա ջրերը չեն: Ընդհանուր շահին վնասող, մասնավոր շահին նպաստող բիզնեսի այս ճյուղին են ծառայում նաև մեր սակավաթիվ ու սակավաջուր գետերը` ձկնարդյունաբերողի համար նպաստավոր վայրերում խողովակատարերի մեջ մտնելով ու հոսելով ուղիղ դեպի բիզնես ծրագրի իրագործման վայրեր:

Մասնավոր ձկնարդյունաբերության անվերահսկելի աճի հետևանքով այսօր Արարատյան դաշտավայրի ավելի քան 30 բնակավայրեր կանգնած են խմելու և ոռոգման ջրի խիստ սակավության խնդրի առաջ: Բայց մասնավոր ձեռնարկատիրոջն այս հանգամանքը չի մտահոգում: Ամռան ամիսներին ջրի մակարդակը գոլորշիացման հետևանքով նվազում է, սպառման պահանջարկը զգալի մեծանում է, և ջուրը հաճախ հազիվ է բավարարում Մեծամորի ատոմակայանը սառեցնելուն: Մասնավոր ձեռնարկատերը պիտի իմանա` որոշ վտանգներ իրեն էլ չեն շրջանցի:

Հայաստանն ափամերձ երկիր չէ, բայց այստեղ է գտնվում տարածաշրջանի ամենամեծ լիճը` իր բարձրադիր գեղեցկությամբ հավասարը չունեցող Սևանը, որի նկատմամբ վարած սխալ կենսաքաղաքականության պատճառով լիճը վերածվել է խնդիրների ծովի: Իսկ լողափը կտրատվել ու բաժանվել է մասնավոր սեփականատերերի միջև, որոնք ափի` իրենց <<տնամերձ>> հատվածը մյուսներից զատելու գռեհիկ լուծումներով ու իրենց <<չափարից>> դուրս եղած տարածքը աղբանոցի վերածելով` մեր կապուտաչյա գեղեցկուհուն վերածել են խալաթով ջուրը մտնողների մի ցածրաճաշակ, անհրապույր վայրի: Այնինչ, եթե Սևանի բնական գեղեցկությանը գումարվեր նրա էկոլոգիական առողջությունը, բարեկարգ, խնամված շրջակայքը, եթե մի կողմ դրվեր ոչ պետական, այսրոպեական շահը, լիճը կարող էր պատիվ ու մեծ օգուտ բերել մեր երկրին: Դրան մեծապես կարող է նպաստել Սևանա լիճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բնության համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ներառելու` միջազգային էկոլոգիական շարժման առաջարկը: Այնինչ մեր ջրային ռեսուրսների թագուհին, ի լրումն արդեն առկա խնդիրների, ներգրավվել է մասնավոր ձկնարդյունաբերության ծրագրում, և այսուհետ պետք է ծառայի մասնավոր բիզնեսին:

Նախատեսված է Սևանա լճից ջրի տարեկան բացթողումների ծավալը 170 մլն խորանարդ մետրից հասցնել մինչև 240 մլն խորանարդ մետրի` դեպի մեր երկրի նվազող ջրային ռեսուրսները, բացի այդ` լճում ցանցավանդակային եղանակով և արհեստական կերով տարեկան 50 հազար տոննա իշխան աճեցնել: Եվ դա այն դեպքում, երբ Սևանը սրտի պես կապված է մեր երկրի ջրատար անոթների ու մազանոթների հետ, և լճի` առանց այն էլ խնդրահարույց վիճակը` մակարդակն ու բնապահպանական պատկերը, ազդում է մյուս ջրային ռեսուրսների առանց այն էլ խնդրահարույց վիճակի վրա, և հակառակն: Եթե ջրի քանակական ու դրան ածանցվող որակական խնդիրներն առաջանում են բավական արագ, ապա այդ խնդիրներից ազատվելու համար անհրաժեշտ ժամանակը կարող է վտանգավորության աստիճան մեծ լինել: Դա է ապացուցում նաև բնապահպանական նպատակով կատարված այն փորձը, որի ընթացքում սննդային, ներկով <<նշված>> ստորգետնյա ջրերը Արագածից Արարատի մարզի Սև ջուր լիճ են հասել 18 ամսում: Ցանկության դեպքում բավական է փոքր ինչ մոտենալ ոլորտի խնդիրներին, ու պարզ կդառնա, թե ինչ հետևանքներ կունենա մասնավոր ձկնարդյունաբերությունը:

Կաթնաղբյուր, Արզնի, Արզական, Գառնի, Արարատյան 1, Արարատյան 2, Ապարան: Այս ջրամբարները լիարժեք կերպով բավարարում են մեր մայրաքաղաքի ջրամատակարարումը: Ապարանից բացի բոլորն ուղիղ կապով կապված են Սևանի հետ, ու բոլորը, բացի Արարատյան ջրամբարներից, ինքնահոս արտամղվող են և ունեն բարձրորակ ջուր: (Արարատյան ջրամբարների ջուրն արտամղվում է պոմպերի միջոցով): Թվարկված ջրային պաշարները տարեկան կազմում են 140 մլն խորանարդ մետր: Դրանք ունեն ոչ միայն կենսապահովող, այլև բնակարգավորիչ դեր: Բայց մեր երկրի հավերժական բնակարգավորիչը եղել ու մնում է Սևանա լիճը: Լճի անվտանգությունը պետական նշանակություն ունի: Լճի` 1941 թվականի 2014 մետր մակարդակը 2000-ին իջավ մինչև 1997 մետր: Այժմ լճի մակարդակը երբեմն հատում է 2000 մետրը: Այս ցուցանիշն առաջին հայացքից հուսադրող է թվում, բայց Սևան թափվող ջրերի որակական անբավարար վիճակը խախտել է լճի ընդհանուր կենսապատկերը` սպառնալով ճահճացմամբ: Հիմա էլ արհեստական ձկնարդյունաբերությունն է փորձում ներխուժել ու խախտել լճի առանց այն էլ խաթարված կյանքը: Այդ բիզնես ծրագիրը հավերժական չի կարող լինել: Իսկ Սևանի ճակատագրի հետ կապված է մեր երկրի ճակատագիրը:

Բայց բնության բարիքներից կարելի է օգտվել և առանց վնասելու: Դրա համար պետք է մաքրել Սևան լցվող բոլոր 28 գետերը, որպեսզի լճի մեջ որակյալ ջուր լցվի: Պետք է հաշվարկել այդ գետերից լիճ կատարվող տարեկան մուտքերը ու լճից ջրային բացթողումներ անել միայն ներմուծման չափին համապատասխան: Պետք է վերահսկել Սևանի հետ կապված ջրամբարների ջրօգտագործումը, սահմանել դրանցից արտամղվող ջրի թույլատրելի քանակը, և վերահսկել, որ հարկավոր 80 մլն խորանարդ մետրի փոխարեն ապօրինաբար չծախսվի 140 մլն խորանարդ մետր որակյալ ջուր, ինչպես որ արվել է: Չէ՞ որ ինքնին արժեք լինելով հանդերձ` այդ ջրածավալը ապահովում է Սևանի կյանքը:

Այսօր Սևանա լիճը մեր երկրի ամենաթանկ պահուստն է: Աշխարհում ահագնացող ջրային դեֆիցիտի պայմաններում մենք պետք է աչքի լույսի պես պահենք մեր երկրի ջրային ռեսուրսները, և գուցե վաղը հայկական շշալցված խմելու ջուրը մեր երկրի նոր ու շահեկան այցեքարտը դառնա: Սա` լավագույն դեպքում: Միայն թե շատ գործարարների համար լավագույն դեպքը եղել ու մնում է սեփական բիզնեսի բերած եկամուտը: Բայց եթե ջրի բերած հարստությունը արհեստական ձկնարտադրության ոլորտի տերերի սեփականությունն է, ապա դրա տխուր հետևանքները կան ու լինելու են հանրային: Արարատյան դաշտավայրի, Գեղարքունիքի մարզի, ամբողջ Հայաստանի բնակչությունը վաղը մեծ խնդրի առաջ է կանգնելու: Իսկ մեզ պե’տք է այս երկիրը: Մեր նախնիները հազար վտանգից ու վտանգավորից փրկել, մեզ են հասցրել Հայաստանը ո’չ այս վիճակում: Ի՞նչ ենք անում ծովից ծով երկրից մնացած մեր այս մի կաթիլ հայրենիքի հետ:

Քանի դեռ ուշ չէ, պետք է փրկենք Հայաստանը անապատացման վտանգից: Պետք է կատարել ջրամատակարարման համար օգտագործման ենթակա ջրերի ծավալների, դրանց աղբյուրների հիդրոերկրաբանական լիարժեք և լայնածավալ ուսումնասիրություններ: Պետք է հաշվառել ու համարակալել Արարատյան դաշտավայրի` գործելու թույլտվություն ունեցող հորատանցքերը, գրանցել յուրաքանչյուր հորատանցքի կոորդինատները, խորությունը, ջրի ծավալը, իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող սեփականատիրոջ տվյալները, և այս ամենը գրառել հիդրոլոգիական քարտեզի վրա: Օրինական հորատանցքերն այլկերպ անհնար է տարբերել նոր` օրենքի խախտումով բացված կամ տիրազուրկ հորատանցքերից: Վերջիններս հայտնաբերվելուն պես պետք է փակվեն:

ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի համաձայն` ջուրը համարվում է օգտակար հանածո: Մեր երկրում կան գործող 42 քաղցրահամ ջրերի հանքավայրեր, որոնք ստացել են տնտեսագիտական գնահատական և հաստատված պաշարներ: Սակայն այդ 42 հանքավայրերից և ոչ մեկը ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի սահմանած կարգով չի շահագործվում. չունի շահագործման թույլտվություն, պայմանագիր, նախագիծ: Հանքավայրերի քաղցրահամ ջրերի պաշարներն օգտագործվում են` ակունքում չունենալով չափիչ-կարգավորիչ սարքեր` ջրաչափեր: Եթե հանքավայրերից արդյունահանվող ջրի համար սեփականատերը ինչ-որ գումար պետությանը վճարում է, ապա ջրային կորուստների համար, որոնք կազմում են ջրային պաշարի ընդհանուր ծավալի մոտ 80%-ը, ոչ մի լումա չի վճարվում: Պինդ օգտակար հանածոների դեպքում այս խնդիրը օրենքով կարգավորված է: Շահագործման ընթացքում առաջացած կորուստների համար շահագործողը բնօգտագործման վճարից բացի վճարում է նաև կորուստների համար: Բայց քանի որ ջրօգտագործողը չունի օգտագործման թույլատվություն, բնականաբար պետբյուջե վճարներ չի կատարում ո’չ բնօգտագործման, ո’չ կորուստների համար: Սա է պատճառը, որ քաղցրահամ ջրերի կորուստները հասնում են ահռելի չափերի:

ՀՀ օրենսդրությունը սահմանում է քաղցրահամ ջրերի օգտագործման երկու ձև` հաստատված պաշարներով քաղցրահամ ջրերի շահագործման թույլտվություն և ջրային օրենսգրքի համապատասխան` ջրօգտագործման թույլտվություն: Եթե բոլոր հաստատված պաշարներով հանքավայրերը ընդերքի օգտագործման համաձայն ստանան շահագործման թույլտվություններ և կնքվեն ընդերքօգտագործման պայմանագրեր, ջրային կորուստները կհասնեն նվազագույնի, իսկ օգտագործված ջրի դիմաց պետբյուջե մուտքեր կարվեն:

Այս ամենի փոխարեն բոլոր հնարավոր միջոցներով Հայաստանի` մարդու կենսագործունեությանը ենթակա ազգային ջրի պաշարը` մեր ժողովրդի ունեցվածքը, անխնա <<օտարվում է>>` հարստացնելով մեր երկրի շահին օտարացած գործարարին ու սնանկացնելով, անշրջելի ու ռեալ վտանգի առաջ կանգնեցնելով մեր երկիրը: Այնքան ռեալ, որ Արարատյան դաշտավայրի անապատացումն արդեն տեսանելի դրսևորումներ ունի, ինչը ձկնարդյունահանողին մտահոգում է միայն սեփական բիզնեսի տեսանկյունից: Եվ այդ է պատճառը, որ մեր քաղցրահամ լճի` Սևանի ճակատագիրը վտանգվում է` ընդերքի հարստության հետ միասին ստորադասվելով բիզնեսին, ինչն, ի տարբերություն ճահճացող Սևանի ու անապատացող Հայաստանի` կծաղկի Գեղամա լեռներից մինչև Արարատ լեռան փեշերը:

Երկիր մոլորակի 2/3-ը ծածկված է ջրով, մինչդեռ մարդու կարիքները հոգալու համար պիտանի ջրի պաշարը կազմում է երկրի ջրային ծավալի 3 %-ը, որի մեծ մասը սառած է, և միայն 1 %-ն է հոսում մարդկանց ուղղությամբ: Թվային պատկերով խիստ սակավ թվացող քաղցրահամ ջրի այս քանակն այնուամենայնիվ կբավարարեր մարդկությանը, ավելի քան 1 միլիարդ մարդ զրկված չէր լինի անվտանգ խմելու ջրից, միլիոնավոր մարդիկ ջրի աղտոտվածության զոհ չէին դառնա, եթե չլիներ մարդու միջամտությունը բնության գործերին: Ջուրը զարմանալի ինքնամաքրվող ու ինքնավերականգնվող հատկություն ունի, բայց նախաստեղծ բնությունը չէր կարող կանխատեսել օրեցօր քաղաքակրթվող մարդու ինքնասպանիչ մտադրությունները:

Մենք մեծ ջանքերի շնորհիվ գիտությամբ ապացուցում ենք այն, ինչը պարզապես զգալ էր պետք: Մենք հեռացել ենք մայր բնությունից ու վերածվել նրա բարիքները սպառողի: Մինչդեռ մարդը Երկիր մոլորակի պես 2/3-ով ջրից է կազմված, և ժամանակակից գիտության համար անգամ առեղծված հանդիսացող ջուրն է, որ տալիս է Երկրի բնության ու մարդու ներքին բնության իրական պատկերը: Գիտությունը կարողացել է պարզել, որ ջուրը հիշողություն ունի, բայց հազար տարի անց էլ ոչ մի գիտնական չի կարողանա հասկանալ, թե ինչպես է լինում, որ ջուրը երբեմն տրվում է տխուր հուշերին. մոլեգնում, ափերից դուրս է գալիս, անէանում է կամ ճահճանում: Եվ ինչպես է, որ ջուրը արձագանքում է մարդու աղոթքին: Սա զգացմունքային զեղում չէ, այլ գիտական հետազոտության եզրակացություն:

Մեր ժողովրուրդը երբեք չի մոռանա, որ Արցախյան պատերազմի տարիներին Սևանի ձուկն իրեն փրկեց սովից: Նաև` այդ տարիներին Սևանից 1 մլրդ խորանարդ մետրից ավելի ջուր բաց թողնվեց` բնակչությանն էլեկտրաէներգիա մատակարարելու համար: Մենք պարտք ենք Սևանին և պարտավոր ենք այդ պարտքի զգացումը չունեցողներին թույլ չտալ, որ բնության կողմից մեր երկրին տրված նվերն իրենց անձնական սեփականությունը համարեն:

Սևանա լճի բնությանը դեմ արվող ու արվելիք գործողությունները կասեցնել է պետք, այլապես անիմաստ են մեր երկրի ներքին ու արտաքին կյանքին ուղղված պետական ու ոչ պետական բոլոր նախաձեռնությունները:

Աշխարհին սպասվում է քաղաքական վերաձևում` արդեն ոչ թե նավթի, այլ մարդու կյանքի համար անհրաժեշտ ջրային պաշարների համեմատ, քանի որ ի տարբերություն նավթի` ջուրն այլընտրանքային չէ. չի կարող փոխարինվել որևէ այլ բանով: Մարդկությունը պետք է սովորի ճիշտ վարվել ջրի հետ, այլապես երկրագնդի բնակչության մյուս բոլոր խնդիրները կմղվեն հետին պլան:

ՌԱԶՄԻԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Հ.Գ. Մեր Գեղամա գեղեցկուհու ճակատագիրն ասես նման լինի մեր երկրի ճակատագրին: Ինչպիսի պատմական անցյալ, իրադարձություններ, որ նման են լեգենդի: Իսկ այսօր նայում է իր ճահճացող ափերին և իր հատակին հուշի պես պահում է Աշոտ Երկաթի քաջաց նավը` որպես հերոսական անցյալի ապացույց, որը, սակայն, ոչնչով չի փոխում իր այսօրվա կյանքը: Գուցե այսպես է եղել, որ չենք կարողացել պահել մեր ծովից ծով Հայաստանը, հենց այսպես, ինչպես որ չենք կարողանում պահել մի լիճ, որը մեր նպաստավոր ու աննպաստ ջանքից անկախ չքնաղ է ու արժեքավոր և պիտի ապրի` անկախ մեր աննպաստ ջանքից:

P.S. Ռազմիկ Մարկոսյանն այս հոդվածը գրել է 2014թ.-ին: Կարծում ենք կարիք կա վերընթերցելու և վերաիմաստավորելու նրա կողմից շարադրված մտքերը: