12 Դեկտեմբերի 2018թ. 11:18

Փորձարկումներ Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում

Լոմոնոսովի անվան՝ Մոսկվայի պետական համալսարանի Մեխանիկայի ինստիտուտում, ակադեմիկոս Սեդովի գլխավորած հիդրոմեխանիկայի ամբիոնում ստեղծել են ջրակայուն նյութ, որը Ռուսաստանում հաջողությամբ կիրառվում է: Գիտնականների առաջատար եռյակից է նաև Մեխանիկայի ինստիտուտի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Արևշատ Վարդանյանը, ով Հայաստան է եկել՝ գյուտի մասին հայ գործընկերներին իրազեկելու և համագործակցելու պատրաստակամությամբ:

Երևանում, ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում արդեն իսկ համատեղ առաջին փորձերն են արվել:

Օգոստոսի 22-ին ինստիտուտ են այցելել Ջրային կոմիտեի ներկայացուցիչները՝ կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանի գլխավորությամբ, տեղում ոլորտի համար անչափ կարևոր այդ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները քննարկելու նպատակով: Ըստ գիտնականի, այսօր արդեն եկել է այս նյութը լիարժեք կիրառելու ժամանակը, քանի որ ջրի գինը և պահանջարկը կտրուկ աճել է ամբողջ աշխարհում և մասնավորապես՝ Հայաստանում: Հետևաբար, անհրաժեշտ է մտածել նաև ջրային պաշարների ամբարման, միաժամանակ և ծախսերը կրճատելու մասին: «Միայն այս նյութի օգտագործմամբ մինչև 10 անգամ կարող է էժանանալ ջրամբարների կառուցումը: Նյութն էկոլոգիապես մաքուր է, կազմված՝ բնական բաղադրիչներից. 90 տոկոսը սովորական ավազ է, 10 տոկոսը՝ բենտոնիտ: Երկուսն էլ Հայաստանում շատ են և էժան: Մնացած փոքր մասն այն «գաղտնի» նյութերն են, որոնք կլանում են հեղուկն ու պահպանում անգամ մթնոլորտային մեծ ճնշման պայմաններում: Երեք սմ հզորություն ունեցող շերտն արդեն իսկ կարող է արդյունավետ աշխատել: Այս նյութով մշակված ջրամբարների, ջրանցքների հատակը ջրի ֆիլտրացիան լիարժեք կանխում է, հետևաբար` կրուկ կրճատում է կորուստները: Հայաստանում ոչ միայն կարելի է, այլև օր առաջ պետք է կազմակերպել այս նյութի արտադրությունը. ավազը, բենտոնիտը կա, ջուր էլ կա, որ պետք է ամբարել»,- ասել է Արևշատ Վարդանյանը:

Նա պարզաբանել է, որ տարեկան միքանի հազար տոննայի արտադրական հզորությամբ գործարանի կառուցումը թանկ չի լինի, իսկ հետո արդեն հնարավոր կլինի նորերը կառուցել տարբեր վայրերում: Ինքնածախսածածկումը 5-10 տարի կկազմի:

Հայ գիտնականը պատրաստակամ է իր մոսկվյան գիտնական-ընկերների հետ Հայաստանում ներդրում ունենալ տնտեսության զարգացման գործում: Հայրենիք է եկել՝ ուսումնասիրելու ներկայացված նյութի արտադրություն հիմնելու հնարավորությունը: Արդեն իսկ հայաստանցի գործընկերների հետ զբաղվում է դրանով և հուսով է, որ հայրենիքում օգտակար ու կարևոր այս նախաձեռնությունն աջակցություն կգտնի:

Կոմիտեի ղեկավարը մոսկվացի գիտնականին տեղեկացրել է, որ «ջրամբարաշինությունը Հայաստանում ռազմավարական կարևորություն ունի և նման մատչելի ու հուսալի մեթոդի կիրառումն իսկապես կարող է խթանել այս ուղղությունը: Մենք օր առաջ մեր երկրում ջրի պաշարներ ամբարելու խնդիր ունենք և նոր ջրամբարների պահանջարկն ուղղակի այլընտրանք չունի: Այս նյութը կարող է կիրառվել նաև ջրանցքների ամրացման համար»: 

Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը վստահեցրել է, որ ակադեմիկոս Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում մասնագիտական մեծ ներուժ կա և հուսով է, որ արդյունավետ համագործակցության շնորհիվ իսկապես շատ կարևոր գործ կարվի:

Աղբյուրն` այստեղ